1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրինակելի կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) գործունեության իրավական հիմքերը:
2. Սույն կանոնակարգում հասկացությունները գործածվում են հետևյալ իմաստով՝
1) կառուցվածքային ստորաբաժանում - բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող ինստիտուտ, ֆակուլտետ, կենտրոն,
2) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար - բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող ինստիտուտի տնօրեն, ֆակուլտետի դեկան, կենտրոնի տնօրեն (ղեկավար):
3. Սույն օրինակելի կանոնակարգի հիման վրա յուրաքանչյուր ստորաբաժանում մշակում և ստորաբաժանման գիտական խորհրդում (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ընդունում է իր կանոնակարգը:
4. Ստորաբաժանման կանոնակարգի ու սույն օրինակելի կանոնակարգի դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են սույն օրինակելի կանոնակարգի դրույթները:
5. Ստորաբաժանումն ունի պաշտոնական անվանում:
Ստորաբաժանման պաշտոնական անվանումն է՝
հայերեն՝ ____________________________________________
ռուսերեն՝ ___________________________________________
անգլերեն՝ ___________________________________________:
6. Ստորաբաժանման գտնվելու վայրն է՝ _____________________________________:
7. Ստորաբաժանումը սույն կանոնակարգին համապատասխան օժտված է իրավունքներովև կրում էպարտականություններ:
8. Ստորաբաժանումն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն օրինակելի կանոնակարգով և ԵՊՀ ներքինիրավական ակտերով:
9. Ստորաբաժանումը սահմանված կարգով կարող է ունենալ իր անվանմամբդրոշմակնիք (հայերեն, ռուսերեն, անգլերեն), պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
10. Ստորաբաժանումը ստեղծվում, վերակազմակերպվում կամ լուծարվումէ ԵՊՀ հոգաբարձուներիխորհրդի որոշմամբ:
2. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
11. Ստորաբաժանումն իրականացնում է բարձրագույն կրթություն՝ մեկ կամ մի քանի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) և գիտահետազոտական ուսումնասիրություններ:
12. Կրթական, գիտական գործունեության, արտաքին և ներքին հաղորդակցության ու համագործակցության պատշաճ ապահովման նպատակով ստորաբաժանումն իրականացնում է համապատասխան գործառույթներ և իրիրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ:
3. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Ստորաբաժանման կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և ստորաբաժանման ղեկավարը:
14. Ստորաբաժանման կառավարման կոլեգիալ մարմինը գիտական խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե ստորաբաժանման ղեկավարն է: Գիտական խորհուրդը կազմված է _____ անդամից:
15. Գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ ու ընտրովի անդամներից: Գիտական խորհրդի ի պաշտոնե ու հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը:
16. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ստորաբաժանման ղեկավարը, գրասենյակի ղեկավար-տեղակալ(ներ)ը, ամբիոնների վարիչները, գիտահետազոտական ստորաբաժանման (բազային ֆինանսավորմամբ) ղեկավարը, մեթոդական խորհրդի նախագահն ու արհբյուրոյի նախագահը:
17. Գիտական խորհրդի կազմում ստորաբաժանման ղեկավարի հրավերով կարող են ընդգրկվել ստորաբաժանման գործունեության կամ կրթական ծրագրերի գծով այլ մասնագետներ՝ գիտական խորհրդի կազմի մինչև 20 տոկոսի չափով:
18. Գիտական խորհրդի անդամների առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունը համամասնորեն առաջադրում են ամբիոնները, գիտահետազոտական ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ ամբիոնի (գիտահետազոտական ստորաբաժանման) պրոֆեսորադասախոսական կազմի (գիտաշխատողների) հաստիքների գումարային թվաքանակի: Ամբիոնն (գիտահետազոտական ստորաբաժանումը) իրավասու է ամբիոնի նիստում ընդունված որոշմամբ խորհրդում ընտրված անդամին հետ կանչել՝ նրա փոխարեն առաջարկելով այլ անդամի թեկնածություն:
Գիտական խորհրդի ընտրովի անդամներ կարող են առաջադրվել հիմնական աշխատանքային պայմանագրովկամ ներքին համատեղությամբ ամբիոնում (գիտահետազոտական ստորաբաժանումում) աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողները (գիտաշխատողները):
19. Գիտական խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը սովորողներն են, որոնց ընտրությունը կատարում է ստորաբաժանման ուսանողական խորհուրդը: Խորհրդի սովորող անդամի փոփոխությունը կատարվում է ուսանողական խորհրդի կողմից:
20. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Գիտական խորհրդի անվանական ցանկն ու դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է ռեկտորը:
Գիտական խորհրդի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ ստորաբաժանման ղեկավարըռեկտորի հաստատմանն է ներկայացնում նոր ձևավորվելիք գիտական խորհրդի անդամների անվանական ցանկը:
21. Գիտական խորհուրդը`
1) ԵՊՀ գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնակարգի հիման վրա ընդունում է ստորաբաժանման կանոնակարգը,
2) ընդունում է որոշումներ ստորաբաժանման կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.
3) սահմանված կարգի համաձայն՝ իրականացնում է ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների ընտրությունը,
4) լսում է ամբիոնի վարիչի տարեկան հաշվետվությունը: Ամբիոնի վարիչի գործունեությունը դրական գնահատականի չարժանանալու դեպքում սույն կանոնակարգով սահմանված կարգով քննարկում է ամբիոնի վարիչին անվստահություն հայտնելու հարցը,
5) առաջադրում է հոգաբարձուների խորհրդում և ԵՊՀ գիտական խորհրդում ստորաբաժանման ներկայացուցչի թեկնածությունը,
6) քննարկում և առաջարկություն է ներկայացնում անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողի թեկնածության վերաբերյալ,
7) սահմանված կարգով հաստատման է ներկայացնում ստորաբաժանման ուսումնական պլանները,
8) լուծում է սույն կանոնակարգից և ԵՊՀ ներքին իրավական այլ ակտերից բխող, ստորաբաժանման կրթական և գիտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
22. Գիտական խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) գիտական խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա,
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում,
4) եթե դադարել են գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
5) մեկ տարվա ընթացքում գիտական խորհրդի առնվազն երեք նիստից անհարգելի բացակայելու դեպքում,
6) որպես սովորող առաջադրվելու դեպքում սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով,
7) աշխատանքից ազատման դեպքում,
8) մահվան դեպքում։
23. Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:
Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ստորաբաժանման աշխատողների ու սովորողների համար:
24. Գիտական խորհրդի նիստերըհրավիրում է նախագահը:
Գիտական խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ ծանուցումն ու օրակարգը խորհրդի անդամներին ուղարկվում է նիստը հրավիրելուց առնվազն հինգ, իսկ արտահերթ նիստի դեպքում՝ առնվազն մեկ օր առաջ:
Գիտական խորհրդի նիստի նախագահողը վարում է նիստը, քվեարկության է դնում օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հաշվիչ հանձաժողովի ընտրությունը:
25. Գիտական խորհրդի քարտուղարին գիտական խորհրդի կազմից ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ռեկտորը:
26. Գիտական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների ցուցակային կազմի երկու երրորդի ներկայության դեպքում: Գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնակարգով այլ բան սահմանված չէ, կամ գիտական խորհուրդն այլ որոշում չի կայացրել:
Քվեակազմի (քվորումի) բացակայության դեպքում հայտարարվում է գիտական խորհրդի նիստի անցկացման նոր ժամկետը՝ նույն օրակարգով:
Գիտական խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնի տեղակալման, ամբիոնի վարիչի մրցութային ընտրության քվեարկությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ:
27. Գիտական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ռեկտորը, պրոռեկտորը, ԵՊՀ գիտական քարտուղարը:
28. Գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են նիստի անցկացման ամսաթիվը, նախագահը, քարտուղարը, քվեակազմը, նիստի օրակարգը, ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերի հակիրճ բովանդակությունը, քվեարկության արդյունքներն ու գիտական խորհրդի կողմից ընդունված ընդունվածորոշումները: Արձանագրությունը ստորագրում եննիստը նախագահողն ու քարտուղարը, ովքեր պատասխանատու են արձանագրության վարման համար: Նիստի օրակարգն ու ընդունված որոշումները տասն աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են ԵՊՀ կայքէջում:
29. Գիտական խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, անվանական կազմը, իրավասությունն ու աշխատակարգը սահմանում է գիտական խորհուրդը: Ստորաբաժանման մշտական հանձնաժողովներից է մրցութային հանձնաժողովը՝ բաղկացած 3-5 անդամից:
30. Ստորաբաժանման ընթացիկ գործունեության կառավարումն ու համակարգումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը ԵՊՀ կանոնադրությամբ ու սույն կանոնակարգով սահմանված իրավասության շրջանակում:
31. Ստորաբաժանման ղեկավարը՝
1) ղեկավարում է ստորաբաժանման ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է ԵՊՀ կառավարման մարմինների և գիտական խորհրդի որոշումների կատարումը,
3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գրասենյակի ղեկավար-տեղակալի թեկնածությունը,
4) համակարգում է ստորաբաժանման տարեկան գործողությունների մշակման ու իրականացման գործընթացը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ գիտական խորհրդին,
5) սահմանված կարգով ռեկտորին առաջարկություն է ներկայացնում՝ ուսանողներին հեռացնելու, նրանց նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, նրանց ուսանողական իրավունքները վերականգնելու մասին,
6) սահմանված կարգով ռեկտորին առաջարկություն է ներկայացնում՝ աշխատողների նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանք կիրառելու մասին,
7) արձակում է հրաման ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու մասին,
8) իրականացնում է ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնակարգով և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
32. Ստորաբաժանման ղեկավարի ընդունած հրամանները, տրված աշխատանքային հանձնարարությունները պարտադիր են ստորաբաժանման աշխատողների ու սովորողների համար:
33. Ստորաբաժանման կրթական, գիտական հարցերը քննարկվում են ստորաբաժանման մեթոդական խորհրդում, որի ստեղծման ու գործունության կարգը սահմանվում է մեթոդական խորհրդի կանոնակարգով:
4. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Ամբիոնը ստորաբաժանման կրթագիտականգործընթացը կազմակերպող կառուցվածքային միավոր է:
Գիտահետազոտական ստորաբաժանումը գիտական և գիտատեխնիկական հետազոտություն իրականացնող կառուցվածքային միավոր է:
35. Ամբիոնը կազմակերպում է ուսումնականգործընթացը, իրականացնում է կրթական ու գիտական հետազոտություններ:
36. Ամբիոնն ու գիտահետազոտական ստորաբաժանումը գործում են ԵՊՀ կանոնադրությանը, ԵՊՀ իրավական ակտերին և սույն կանոնակարգին համապատասխան:
37. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է ստորաբաժանման գիտական խորհրդում 5 տարի ժամկետով, ՙԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգով՚ սահմանված կարգով՝ բաց մրցութային ընտրությամբ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:
Մրցութային ընտրության արդյունքը ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ հաստատվելու դեպքում ռեկտորն ամբիոնի վարիչի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:
Ամբիոնի վարիչի գործունեությունը գիտամանկավարժական աշխատանք է:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում։
38. Ամբիոնի վարիչը պատասխանատու է ամբիոնի գործունեության համար: Ամբիոնի վարիչը սահմանված կարգով տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ստորաբաժանման գիտական խորհրդում: Ամբիոնի աշխատանքների մասին ամբիոնի վարիչի հաշվետվության ժամկետն ու ձևը սահմանում է գիտական խորհուրդը:
39. Գիտական խորհրդում ամբիոնի վարիչի գործունեությունը դրական գնահատականի չարժանանալու դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է գիտական խորհրդի արտահերթ նիստ, և քննարկվում է ամբիոնի վարիչին անվստահություն հայտնելու հարցը:
Փակ, գաղտնի քվեարկությամբ ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումը ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը:
ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումը հաստատվելու դեպքում ռեկտորը լուծում է ամբիոնի վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
ԵՊՀ գիտական խորհրդում ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումը չհաստատվելու դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է ստորաբաժանման գիտական խորհրդի նոր նիստ: Գիտական խորհրդի նիստի մասնակիցների ձայների երկու երրորդով ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումը վերահաստատելու դեպքում ռեկտորը լուծում է ամբիոնի վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
40. Ամբիոնը սահմանված կարգով մասնակցում է պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան ուսումնական բեռնվածության նախագծի մշակմանը:
41. Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են աշխատանքային ծրագրերին (պլաններին) համապատասխան:
42. Ամբիոնի կրթական և գիտական հարցերը քննարկվում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի նիստերում:
Ամբիոնի նիստերին քվեարկող ձայնի իրավունքով մասնակցում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական աշխատողները:
Ամբիոնի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել դեկանը կամ տեղակալը, ամբիոնի գիտաշխատողներն ու ասպիրանտները:
Ամբիոնի նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն ութ անգամ:
Ամբիոնի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են ամբիոնի վարիչն ու այն արձանագրող աշխատողը:
43. Ստորաբաժանման կազմում կարող են գործել ենթաստորաբաժանումներ՝ գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, կենտրոններ, գիտակրթական ու այլ բաժիններ, որոնք ստեղծվում և գործում են ԵՊՀ կանոնադրությանն ու սույն կանոնակարգին համապատասխան: Նշված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում են կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ՝ ռեկտորի կողմից:
44. Ստորաբաժանման կազմում գործում է գրասենյակ, որը կազմակերպում է ստորաբաժանման ընթացիկ գործունեությունը, գրագրության վարումը, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների ու ոլորտային գործընկերների հետ տարվող աշխատանքները, կատարում է ուսումնական ու գիտահետազոտական գործընթացին օժանդակող այլ գործառույթներ:
45. Ստորաբաժանման կազմում ներառված են հետևյալ ամբիոնները (գիտահետազոտական ինստիտուտները, լաբորատորիաները, կենտրոնները, գիտակրթական ու այլ բաժինները).
________________________________________,
________________________________________,
________________________________________: