ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի «Զբոսավարական գործ» կրթական ծրագրի ուսանողներն ուսումնաճանաչողական այց կատարեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործող ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության թանգարան։
Դասախոս Լուսինե Սարգսյանի ուղեկցությամբ կազմակերպված այցը «Օդային տրանսպորտի և օդանավակայանների գործառույթներ» թեմայի շրջանակում էր՝ նպատակ ունենալով ուսանողների տեսական գիտելիքները հարստացնելու գործնական փորձով։
Ուսանողները ծանոթացան հայկական քաղաքացիական ավիացիայի հարուստ պատմությանը: Թանգարանում ներկայացված բացառիկ լուսանկարները, փաստաթղթերը, օդաչուների համազգեստները, ինքնաթիռների նմուշները և հայկական ավիացիային վերաբերող այլ ցուցանմուշներ մեծ հետաքրքրություն առաջացրին ուսանողների շրջանում։
Մասնակիցները ջերմ ընդունելության և բովանդակալից այցի համար գոհունակություն և երախտագիտություն հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։



