ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի «Բանահավաքչական ակումբ»-ը դոցենտ Նվարդ Վարդանյանի գլխավորությամբ մեկնել է Արագածոտնի մարզի գյուղ Փարպի՝ դաշտային-բանահավաքչական աշխատանքների։ Խմբին ուղեկցել է տեղի բնակչուհի Արփինե Սարիբեկյանը։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները պարբերաբար բանահավաքչական աշխատանքներ են իրագործել Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերի տարբեր գյուղերում և քաղաքներում: Գիտարշավները իրականություն են դարձել ԵՊՀ ներքին դրամաշնորհով՝ «Արցախյան ավանդազրույցների գրառում, քարտեզագրում և շտեմարանավորում» ծրագրի շրջանակում: Բանահավաքչական աշխատանքներում ընդգրկված են եղել ծրագրի անդամ և կամավոր ուսանողները, որոնց մի մասը արցախահայեր են:
Սույն թվականի հունիսի 7-ին ուսանողներն այցելեցին Փարպիում վերաբնակեցված արցախահայերի, որոնցից գրի առան արցախյան տոհմանունների առաջացման, ծառապաշտության, սրբատեղիների և նշանավոր վայրերի (Ոսկի խաչ, Բբջամալ, Խորան, Թաքունբաղ), բուժիչ աղբյուրների, տոնական ծիսակատարությունների, չար ոգիների, չարխափան միջոցների, սովորույթների և հետաքրքիր այլ երևույթների ու հավատալիքների վերաբերյալ բանահյուսական կարևոր նյութեր։ Զրուցեցին արցախցի փոքրիկների հետ, որոնք մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց սիրելի խաղերը և խաղային բանահյուսությունը։
Խումբն այցելեց նաև Փարպի գյուղի պատմամշակութային վայրեր՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Թարգմանչաց եկեղեցիներ և մատուռներ։ Ուսանողները գրի առան նաև փարպեցիների պատմած ավանդություններն ու զրույցները գյուղի սրբավայրերի, թաղամասերի ժողովրդական անվանումների (Հարամլու, Անկիսուր մայլա, Կոճոռ), ժողովրդական հավատալիքների, սովորույթների, մանկական բանահյուսության և ժողովրդական տոնածիսական երգերի (Ջանգյուլում) վերաբերյալ։