Երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ կյանքի 65-րդ տարում, իր մահկանացուն կնքեց ճանաչված լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, երկարամյա սիրված դասախոս Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյանը։ Նորոգ հանգուցյալը ամուսնու՝ Եղիշեի եղերական մահից հետո ձեռքբերած հիվանդությունների դեմ տևական մաքառումով հրաժեշտ տվեց կյանքին՝ իր մահով խոր ու ծանր վիշտ պատճառելով հարազատներին, գործընկերներին ու բոլոր ճանաչողներին։
Փ․ Մեյթիխանյանը ծնվել է 1960 թ․ մարտի 29-ին ՀԽՍՀ Արտաշատի շրջանի (այժմ Արարատի մարզ) Դեղձուտ գյուղում։ 1975 թ. ավարտել է Գետազատի միջնակարգ դպրոցը, 1984-ին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Նա ծնվել էր լեզվաբան ու մանկավարժ դառնալու համար և այդ նպատակն իրագործելու ճանապարհին հանդես բերեց ամուր կամք ու օրինակելի աշխատասիրություն։
Հայերենի բոլոր դրսևորումներին, ռուսերենին, գերմաներենին, անգլերենին, հունարենին տիրապետող, լայն հետաքրքրությունների տեր լեզվաբանի կենտրոնացումը, սակայն, բառագիտության և հայ բառարանագրության ուղղությամբ էր։ Բառագիտական ու բառարանագրական աշխատություների հետ միասին հիշատակելի են և նրա հատկանվանաբանական աշխատությունները։
Առաջին հաջողությունն արձանագրվեց 1990 թ․ թեկնածուական ատենախոսության հաջող պաշտպանությամբ։ Նույն թվականից էլ նա աշխատանքի է անցել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում ասիստենտի, ապա դոցենտի հաստիքով՝ մինչև իր կյանքի ավարտը հաջողությամբ զուգակցելով գիտական ու մանկավարժական գործունեությունը։
Փ․ Մեյթիխանյանը 2017 թ․ «Աստվածաշնչի հատկանվանաբանություն» աշխատության հրապարակային պաշտպանությամբ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նա մի շարք մենագրությունների, մեթոդական ձեռնարկների, երեք բառարանների և ավելի քան 40 գիտական հոդվածների հեղինակ է։
2011–2021 թթ․ Փ․ Մեյթիխանյանի հեղինակությամբ (համահեղինակ՝ Հ․ Խ․ Բարսեղյան) լույս են տեսել «Հայոց լեզու - 7», «Հայոց լեզու - 8», «Հայոց լեզու - 9» դպրոցական դասագրքերը: Նրա «Աստվածաշնչի և հայոց սուրբ անվանց բառարան»-ը (Եր․ 2004), «Հայերենի ուղղագրական նոր բառարան»-ը (Եր․, 2013), «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»-ը (Եր․, 2017), «Հայոց անվանարանը» (Եր․, 2021) ծանրակշիռ ավանդ են հայերենագիտության մեջ։
Փառանձեմ Մեյթիխանյանը սիրված դասախոս էր ու արդյունավոր գիտնական, ծնողասեր զավակ էր ու ավանդական հայ ընտանիքի մայր՝ իր զավակներին բարությամբ ու մարդավարությամբ դաստիարակած, հավատարիմ ու վստահելի ընկեր էր ու անդավաճան բարեկամ։ Նրա կյանքի լուսավոր հետագիծը տեսանելի կլինի մշտապես, և հիշատակը վառ կմնա գործընկերների, նրան ճանաչողների, տասնամյակներ շարունակ նրան ունկնդրած ուսանողների սրտերում։ Նրա հուշարձանը իր հեղինակած այն գրքերն ու դասագրքերն են, որոնցից օգտվելու են ուսումնատենչ հայ սերունդները։
Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ, ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ,
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆ