Յուրի Մկրտումյան գիտնականի ազդեցությունը մեծ է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ ազգագրության զարգացման գործում։ Համալսարանում ազգագրության ուղղության զարգացումն ու կայացումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ նոր մակարդակի բարձրացումը, հատկապես Ազգագրության ամբիոնի հիմնադրմամբ, առաջին հերթին նրա նվիրումի ու հետևողական աշխատանքի արդյունքն էր։
Ազգագրագետների սերունդներ են անցել Յուրի Մկրտումյանի նախաձեռնած մեկ այլ դարբնոցով՝ Համալսարանի ազգագրական գիտարշավով (ՀԱԳ), որը բացառիկ երևույթ էր ոչ միայն հայ, այլ նաև ԽՍՀՄ ազգագրությունում։
2024 թ․ հունվարի 1-ին լրացավ ականավոր գիտնականի, ազգագրագետի 85-ամյակը, որի կապակցությամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ համատեղ 2024 թ․ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի գրադարանում անցկացվեց Յուրի Մկրտումյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։ Ներկա էին Յու. Մկրտումյանի գործընկերները, ընկերներն ու սաները։ Նրանք իրենց ելույթներում վերարժևորեցին մեծ գիտնականի ավանդը, պատմեցին հուշեր, հետաքրքիր ու հիշարժան դրվագներ Յու․ Մկրտումյանի կյանքից և գործունեությունից։
Ներկաները կարևորեցին միջոցառման նշանակությունը՝ շեշտելով, որ հաճախ գիտական կենսագրության թիկունքում աննկատ են մնում առօրեական բազմաթիվ պատումներ, որոնք ևս ոչ պակաս կարևոր են և ուսուցողական։