October 05, 2026 | 14:14
Education
Competitions
From knowledge to thinking: YSU associate professor on art of teaching
For Gor Aleksanyan, Associate Professor at the Chair of Service of YSU Faculty of Geography and Geology and winner of the social sciences category of YSU's annual Teaching Excellence Award, teaching is not simply a process of transferring knowledge. It is also an opportunity to learn and develop continuously. He has been part of the university's academic environment since his fourth year of study and has worked as a lecturer since 2012. Gor Aleksanyan's professional path has been built around one central idea: sharing knowledge with students.
Անդրադառնալով դասավանդման իր փիլիսոփայությանը, լսարանում կիրառվող մեթոդներին, ուսանողներից սովորելու կարևորությանը և դասավանդման գերազանցության իր պատկերացումներին՝ Գոռ Ալեքսանյանը պատմում է նաև դասախոսի աշխատանքի դժվարությունների, հաճելի կողմերի և այն արժեքների մասին, որոնք տարիների ընթացքում չեն փոխվել։
- Պարո՛ն Ալեքսանյան, կհիշե՞ք Ձեր առաջին օրը որպես դասախոս։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին:
- Առաջին դասն ամբողջությամբ մտաբերելը թերևս մի փոքր դժվար է, բայց գլխավոր զգացողությունը պատասխանատվության շատ բարձր մակարդակն էր: Լսարանը մեծ չէր՝ մոտ 20 ուսանող, և ես անցկացնելու էի գործնական պարապմունք: Առաջին անգամ լսարան մտնելիս ամենամեծ մտահոգությունս այն էր, որ հանկարծ այնպիսի բան չլինի, որ չիմանամ: Բացի դրանից՝ 24-25 տարեկան էի, և ուսանողների ու իմ միջև տարիքային մեծ տարբերություն չկար: Այնպես որ, կար նաև այդ հոգեբանական արգելքը հաղթահարելու խնդիրը: Մյուս կարևոր մարտահրավերը գիտելիքը ճիշտ փոխանցելն էր: Դպրոցում դասավանդելու փորձ արդեն ունեի, սակայն համալսարանական միջավայրն ու պահանջվող գիտելիքների մակարդակը բոլորովին այլ էին: Այս հարցերն էին ինձ ամենից շատ անհանգստացնում: Այնուամենայնիվ, առաջին իսկ դասից հետո ամեն ինչ ընկավ իր տեղը, և հաջորդ հանդիպումներից սկսած՝ այդ անհանգստություններն իսպառ վերացան:
Գոռ Ալեքսանյանը ներկայում դասավանդում է «Սերվիս» կրթական ծրագրի մի շարք դասընթացներ՝ «Սերվիսի հետազոտության պլանավորման մեթոդներ», «Նորարարությունը զբոսաշրջության և սերվիսի մեջ», «Կայուն զարգացման հիմունքներ» և «Կայուն զբոսաշրջության հիմունքներ»:
- Պարո՛ն Ալեքսանյան, ի՞նչն է Ձեզ ամեն օր բերում համալսարան։ Ո՞րն է Ձեր գլխավոր մոտիվացիան։
- Իմ գլխավոր մոտիվացիան գիտության ու գիտելիքի հարցում «ագահ» չլինելն է: Եթե ցանկանում ես ինքդ զարգանալ և նպաստել ընդհանուր զարգացմանը, ապա պետք է անպայման կիսվես ունեցածովդ, իսկ համալսարանը փորձով կիսվելու լավագույն միջավայրն է: Մոտիվացիաս ունեցածս լավագույն փորձը, գիտելիքներն ու հմտությունները ուսանողներին և գործընկերներիս փոխանցելն է: Եթե հարցին նայենք կենսաբանական տեսանկյունից, բջիջը բազմանում է, երբ կիսվում է: Նույնն է նաև հասարակության պարագայում. այն զարգանում է, երբ մարդիկ կիսվում են իրենց ունեցածով: Ընդ որում, կիսվելով դու չես աղքատանում, այլ հակառակը՝ ձեռք ես բերում նորը: Երբ մտնում ես մի միջավայր, որտեղ կա 10 մարդ, և ամեն մեկն ունի մեկ գաղափար, ընդամենը կես ժամվա շփումից հետո հարստանում ես ևս 9 նոր գաղափարով: Համալսարանն ինքնին մոտիվացնում է բոլոր նրանց, ովքեր առաջնորդվում են այս գաղափարախոսությամբ: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ համալսարանական միջավայրը քեզ ստիպում է միշտ ձեռքդ պահել «կյանքի զարկերակին»: Այն դրդում է անհատական անդադար զարգացման և անընդհատ մտածելու, իսկ մենք իսկապես գոյություն ունենք այնքանով, որքանով մտածում ենք։
Լավ դասախոսի չափանիշների մասին խոսելիս Գոռ Ալեքսանյանը շեշտեց, որ «լավ» կամ «վատ» գնահատականը որոշ չափով սուբյեկտիվ է և առաջին հերթին կախված է ուսանողի ընկալումից։ Նրա խոսքով՝ դա հստակ երևում է նաև ուսանողական հարցումների արդյունքներում, երբ տարբեր դասախոսների նկատմամբ ուսանողների վերաբերմունքը տարբեր է լինում՝ անկախ նրանց աշխատանքային փորձից կամ առարկան մատուցելու ձևից։
- Իսկ ինքներդ Ձեզ ինչպիսի՞ դասախոս եք համարում. ավելի շատ խի՞ստ եք, թե՞ զիջող ու բարյացակամ ուսանողների հանդեպ։
- Եթե կարճ ձևակերպեմ՝ դրսևորում եմ իմաստավորված խստապահանջություն: Խստապահանջ լինել չի նշանակում լինել չոր կամ կոպիտ, այլ նշանակում է ունենալ նվազագույն անհրաժեշտ պահանջներ: Համալսարանում մոտեցումը պետք է լինի բովանդակային, ոչ թե վարժապետական: Բացի դրանից՝ խստապահանջության բովանդակությունը տարբեր կուրսերում փոխվում է։ Առաջին կուրսում խստապահանջությունն ավելի շատ կապված է համալսարանական միջավայրին և պահանջներին հարմարվելու հետ, իսկ բարձր կուրսերում ու մագիստրատուրայում այն ստանում է ավելի խորքային բնույթ։
- Ինչպե՞ս եք այսօր ապահովում ուսանողների ակտիվ ու լիարժեք ներգրավվածությունը դասապրոցեսում։ Ո՞րն է արդյունավետ դասավանդման Ձեր մոտեցումը։
- Դասավանդման իմ գլխավոր մոտեցումը ինտերակտիվությունն է: Ուսանողը լսարան մտնելիս պետք է լիովին ներգրավված լինի դասապրոցեսում, ինչին հասնում ենք հարցուպատասխանի, տեղում առաջադրանքների, խնդրահարույց իրավիճակների քննարկման և նյութի բովանդակային վիզուալիզացիայի (օրինակ՝ շնորհանդեսների) միջոցով: Կարևոր է նաև ժամանակակից տեխնոլոգիաների նպատակային կիրառումը: Օրինակ՝ դասի ընթացքում ուսանողների ամենօրյա գործիքը՝ հեռախոսը, օգտագործում ենք կոնկրետ ուսումնական առաջադրանքներ կատարելու համար: Իմ մյուս սկզբունքը նախապես պատրաստված լինելն է: «e-Learning» հարթակում առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրում եմ թեմաները, գրականությունը, շնորհանդեսներն ու տեսադասերը: Արդյունքում՝ սովորել ցանկացող ուսանողը լսարան է մտնում 70%-ով պատրաստված, իսկ տեղում մնում է ամենակարևոր փուլը՝ նյութն ամբողջությամբ հասկանալը: Դասավանդման իմ փիլիսոփայությունը հետևյալն է. լսարանում պետք է իրականացնել այնպիսի կրթական գործողություններ, որոնք լսարանից դուրս կլինեին անհնարին կամ անիմաստ։
Անդրադառնալով ուսանողներից սովորելու հարցին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ ուսանողները հաճախ կարող են նոր տեղեկության աղբյուր դառնալ: Նրա խոսքով՝ երբ լսարանում մեծ թվով ուսանողներ են լինում և աշխատում են առանձին հետազոտական թեմաների շուրջ, չի բացառվում, որ նրանք բացահայտեն այնպիսի հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ, որոնցից դասախոսն էլ տեղյակ չի եղել։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի ուսանողի բերած նոր տեղեկությունը չմնա պարզապես փաստ. դասախոսի և ուսանողի համատեղ աշխատանքը պետք է օգնի բացահայտելու դրա պատճառներն ու կապերը՝ տեղեկությունը վերածելով գիտելիքի։
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է չափվում դասավանդման գերազանցությունը։
- Դասավանդման գերազանցության չափանիշն այն է, թե որքանով է քո աշխատանքն ընկալելի ու արժևորված նրանց կողմից, ում համար աշխատում ես։ Եթե այն մարդը կամ մարդիկ, որոնց հետ կիսվում ես փորձովդ ու գիտելիքներովդ, զգում են դրա արժեքը, ուրեմն դա է հիմնական չափանիշը։ Իմ մոտեցումն է՝ երբեք չաշխատել մրցանակների համար, այլ աշխատել գործի համար։ Ցանկացած միջավայրում դու աշխատում ես ոչ թե ինչ-որ մեկի, այլ ընդհանուր գործի կամ ամբողջության համար։ Երբ գործդ լավ ես անում, արդյունքն ինքնըստինքյան տեսանելի է դառնում։
- Իսկ ի՞նչ սկզբունքներ երբեք չեք խախտում լսարանում։
- Իմ հիմնական սկզբունքն է՝ լսարանում ուսանողը պետք է լինի ուսանող, իսկ դասախոսը՝ դասախոս. կրթական գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ ուսանողը լիարժեք գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար նվազագույն պահանջը գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակի ցուցադրումն է: Միևնույն ժամանակ, անկախ իրավիճակից ու իմ անձնական խստությունից, ինձ համար առանցքային է անշեղորեն պահպանել փոխադարձ հարգալից վերաբերմունքը:
- Ամենադժվարը դասախոսական աշխատանքում․․․
- Ամենադժվարը, երևի թե, դասախոսական աշխատանքի սկզբնական շրջանում մեծ լսարանների հետ աշխատելն էր։ Երբ առաջին անգամ կանգնում ես մեծ թվով ուսանողների առջև, կարևոր է կարողանալ պահպանել անհրաժեշտ հանգստությունն ու վստահությունը, ճիշտ կազմակերպել դասընթացը և կապ հաստատել լսարանի հետ։ Սկզբում դա որոշակի դժվարություն էր, բայց ժամանակի ընթացքում հաղթահարեցի այդ փուլը, և այսօր մեծ լսարանի առջև աշխատելն այլևս դժվարություն չի ներկայացնում։
- Իսկ ամենահաճելի՞ն։
- Ամենահաճելին, երևի թե, հենց աշխատանքային միջավայրում մարդկանց հետ շփումն ու մտքերի փոխանակումն է։
- Իսկ համալսարանում կա՞ ինչ-որ վայր, որը ամենասիրելին է Ձեզ համար։
- Համալսարանում կա մի փոքրիկ հատված, որն առանձնահատուկ սիրում եմ․ դա համալսարանի կանաչապատ հատվածն է։ Այդ հատվածն ինձ համար շատ հաճելի է․ մի պահ կարծես մտնում ես անտառ, կտրվում առօրյայից և զգում, թե ինչպես է բնությունը շնչում քեզ հետ միասին։
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի թեման դասավանդման մեջ։
- Նորարարական մտածողության հիմքերը։
- Երեք բառ, որ բնութագրում են Ձեզ՝ որպես դասախոսի։
- Պատրաստակամ, հարգալից և պրպտող։
- Ուսանողական ո՞ր հարցն է Ձեզ ամենից շատ ուրախացնում։
- «Ինչո՞ւ»-ով սկսվող յուրաքանչյուր հարց։
- Ո՞ր բառն է լավագույնս նկարագրում ուսանողին։
- Ստեղծարար։
- ԵՊՀ-ն մեկ բառո՞վ։
- Կենսակերպ։