October 23, 2026 | 11:25
Science
Education
International cooperation
Armenia's fungal biodiversity and COP17: YSU hosts international autumn school
In collaboration with the University of Vienna, the YSU Chair of Botany and Mycology organized the "Biodiversity of Fungi in Armenia: Advancing Towards COP17" Autumn School, bringing together students and leading Armenian and international specialists in the field. The program aimed to expand participants' theoretical knowledge and practical skills in fungal biodiversity research, sampling, morphological identification and molecular analysis.
«APPEAR» ակադեմիական գործընկերության «373-BioBarFungArm» («Հայաստանի անտառածածկ շրջաններում միկորիզագոյացնող և քսիլոտրոֆ սնկերի կենսաբազմազանության գնահատում և ԴՆԹ-բարկոդավորում») ծրագրի շրջանակում կազմակերպված աշնանային դպրոցին մասնակցեցին 18 ուսանողներ, ինչպես նաև հայ և ավստրիացի հետազոտողներ ու դասախոսներ։
Տեսական գիտելիքներից մինչև գործնական աշխատանքներ
Հնգօրյա կրթական ծրագիրը ներառում էր գիտական դասախոսություններ, դաշտային հետազոտություններ և լաբորատոր գործնական աշխատանքներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միկորիզագոյացնող և բնափայտ քայքայող սնկերին, դրանց տեսակային բազմազանությանը և անտառային էկոհամակարգերում ունեցած էկոլոգիական նշանակությանը։
Դաշտային հետազոտությունները կատարվեցին «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում, ինչպես նաև Ստեփանավանի դենդրոպարկում։ Հնգօրյա դաշտային և լաբորատոր աշխատանքների ընթացքում մասնակիցները հավաքեցին և նույնականացրին սնկերի շուրջ 240 տեսակ։ Ուսանողները գործնականում ծանոթացան սնկերի հավաքման, փաստագրման, ձևաբանական հատկանիշների ուսումնասիրման, մանրադիտակային նույնականացման և ԴՆԹ-բարկոդավորման նպատակով նմուշների նախապատրաստման մեթոդներին։
Ուսումնասիրություններ՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ
Աշնանային դպրոցի վերջին օրը գործնական պարապմունքներն անցկացվեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։ Մասնակիցներն ուսումնասիրեցին հավաքված սնկային նմուշները և ծանոթացան տեսակների նույնականացման ժամանակակից մեթոդներին՝ կիրառելով նաև «APPEAR» ծրագրի շրջանակում արդիականացված լաբորատոր ենթակառուցվածքները։
Ծրագրի ընթացքում քննարկվեցին նաև սնկերի կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում։ Կարևորվեց սնկերի դերը էկոհամակարգերի կայունության ապահովման գործում, ինչպես նաև դրանց ներառումը կենսաբազմազանության մշտադիտարկման, պահպանության ռազմավարությունների և բնապահպանական քաղաքականության մեջ։
Հավաստագրեր՝ մասնակիցներին
Աշնանային դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր և 3 ECTS կրեդիտ՝ հավաստելով ծրագրի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու գործնական կարողությունները։
Միջազգային աշնանային դպրոցը կարևոր ներդրում ունեցավ «BioBarFungArm» ծրագրի կրթական և գիտահետազոտական նպատակների իրականացման գործում՝ նպաստելով ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հայ և ավստրիացի մասնագետների միջև փորձի փոխանակմանը և միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնմանը։
Միջոցառումը նաև խրախուսեց կին հետազոտողների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ՝ կարևորելով գենդերային հավասարությունն ու կանանց մասնագիտական առաջընթացը գիտության ոլորտում։
Մեկ հարթակում միավորելով գիտական հետազոտությունը, գործնական կրթությունն ու կենսաբազմազանության պահպանության գաղափարները՝ աշնանային դպրոցի աշխատանքները նպաստեցին Հայաստանում սնկաբանության գիտաճյուղի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդմանը։











