February 15, 2024 | 15:41
Education
International cooperation
Student
From YSU to Kuwait University: Arabic Studies at the core of cooperation
Eight students from the "Arabic Studies" educational program at the Faculty of Oriental Studies are continuing their education at Kuwait University in the 2023-2024 academic year as part of the cooperation between YSU and Kuwait University. Anna Gharibyan is one of them, who told us about the opportunities provided by YSU, studying abroad, educational programs, and the experience gained.
- Աննա՛, ինչպե՞ս որոշեցիք մեկնել արտերկրում սովորելու:
- Քուվեյթի համալսարան մեկնելու որոշումը հեշտությամբ եմ կայացրել, քանի որ մասնագիտություն ընտրելիս հստակ գիտակցել եմ, որ արաբերենին լիարժեք տիրապետելու համար շատ կարևոր է արաբական որևէ երկրում ապրել, ուսումնառություն ստանալ, միջավայրը կիսել լեզվակիրների հետ: Առհասարակ, արաբական միջավայրում ապրելու միտքն ինձ միշտ է գրավել, քանի որ շատ եմ սիրում արևելյան մշակույթը: Որոշում կայացնելիս հատկապես կարևոր էր Արաբագիտության ամբիոնի սիրելի դասախոսներիս աջակցությունը, որոնք մշտապես ուղղորդել ու մոտիվացրել են՝ սովորեցնելով նորը, թույլ չտալով կասկածել հնարավորություններիս, գիտելիքներիս հարցում:
Այստեղ նյութական ու ոչ նյութական մշակութային առանձնահատկությունները, հասարակության հոգեբանությունն ու մտածողությունը, իհարկե, շատ են տարբերվում հայկականից, սակայն ես կարողանում եմ նաև ընդհանրություններ գտնել. օրինակ՝ արաբները հայերի նման հյուրընկալ են: Նմանություններ գտնելը թույլ է տալիս օտար միջավայրում քեզ ավելի հանգիստ զգալ:
- Պատմեք, խնդրում եմ, Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնի կրթական ծրագրերի մասին։ ԵՊՀ-ում ստացած Ձեր մասնագիտական գիտելիքներն ի՞նչ նշանակություն ունեն Քուվեյթի համալսարանում ուսումնառության համար։
- Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնի և ԵՊՀ «Արաբագիտություն» կրթական ծրագրերի տարբերություններն առանձնապես շատ և ակնառու չեն, քանի որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում արաբերենի ուսուցումը կատարվում է շատ բարձր մակարդակով, և համալսարանում ստացածս կրթության շնորհիվ է, որ այսօր այստեղ մեծ խոչընդոտների չեմ բախվում, սովորում եմ հեշտությամբ և սիրով։
Միակ տարբերությունն այն է, որ Քուվեյթի համալսարանում դասավանդում են լեզվակիր դասախոսներ, ինչը շատ կարևոր է լեզուն առավել լավ ընկալելու, մտածողությունը լիարժեք հասկանալու համար:
Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնում արաբերենի ուսուցման ծրագիրը տևում է մեկ ուսումնական տարի, բաղկացած է երեք կիսամյակից: Առաջին և երկրորդ կիսամյակում ուսանողներն ուսումնասիրում են գրական բանավոր և գրավոր արաբերեն: Երրորդ` ամառային կիսամյակը կամընտրական է՝ դասընթացներ արաբերենի քերականության, պատմության, գրականության և իսլամի վերաբերյալ: Ուսանողների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ ըստ առաջադիմության և մասնագիտական հանձնաժողովի գնահատականի: Ծրագիրը հոգում է ուսանողների կեցության, ճամփորդության, տրանսպորտային, մասնագիտական գրականությունից օգտվելու ծախսերը:
- Ինչպիսի՞ փորձառություն է Քուվեյթում սովորելը, ի՞նչ է տալիս այն Ձեզ:
- Սա հրաշալի փորձառություն է, որի շնորհիվ կարողանում եմ զարգացնել մասնագիտական ու լեզվական ունակություններս, ընդլայնել մտահորիզոնս, առավել լավ ծանոթանալ արաբական մշակույթին, բարքերին և ավանդույթներին: Մի բան է գրքերում կարդալ ու լսել իսլամական աշխարհի մասին, մեկ այլ բան՝ ապրել և սեփական աչքերով տեսնել Արևելքը՝ իր ողջ գունապնակով: Այս հնարավորության շնորհիվ ավելի եմ մոտենում մասնագիտությանս, սիրում այն, ինչով զբաղվում եմ, որն էլ շատ է հեշտացնում ուսումնառության բարդ գործընթացը: Այստեղ կարողանում եմ զարգացնել անգլերենով և արաբերենով հաղորդակցվելու կարողություններս, մեծացնել հետաքրքրություններիս շրջանակը, ձեռք բերել ընկերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Ի վերջո, Քուվեյթում կրթությունը հիանալի հնարավորություն է աշխատաշուկայում առավել մրցունակ մասնագետ դառնալու համար։ Վստահ եմ, որ սա կարևոր հիմք է մասնագիտական այն մեծ ճանապարհի համար, որը պատրաստվում եմ անցնել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, որոնք մտածում են կրթությունը արտերկրում շարունակելու մասին:
- ԵՊՀ-ում սովորելը նաև հնարավորություն է արտերկրում ուսումը շարունակելու։ Միանշանակ խորհուրդ կտամ օգտվել հնարավորությունից, քանի որ հետագայում որպես մասնագետ կայանալու, մասնագիտական ու անձնական աշխարհայացքն է՛լ ավելի զարգացնելու, աշխարհի տարբեր անկյուններում ընկերներ ձեռք բերելու, բոլոր վախերը հաղթահարելու համար արտերկրում ուսումնառությունը հիմնարար պայմաններից է: Ուստի խորհուրդ եմ տալիս չերկմտել և գնալ երազանքների հետևից։