June 09, 2025 | 12:34
Education
Lifelong learning
Student
From Armenia to Italy: YSU PhD students’ international research experience
Tsaghik Mikayelyan and Edita Arakelyan, PhD students from YSU Faculty of Philosophy and Psychology, traveled to the University of Messina, Italy, within the framework of the Erasmus+ exchange program. During their two-month stay, they participated in specialized courses and scientific events, enhancing their research skills, deepening their scientific perspective, and exploring modern methodologies and tools.

Շուրջ մեկ տարի իրականացնելով «Երիտասարդների հոգեբանական բարեկեցությունը ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների պայմաններում» (ՀՀ և ԻՀ օրինակով) թեմայով հետազոտությունը՝ ասպիրանտներն իրենց գիտական ղեկավար Նարինե Խաչատրյանի հորդորով որոշեցին դիմել «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և մեկնել Իտալիա՝ Մեսսինայի համալսարանում շարունակելու հետազոտական աշխատանքը, ձեռք բերելու միջազգային գիտական փորձառություն և խորացնելու ակադեմիական համագործակցությունը:
Հետազոտական այցի ընթացքում ուսանողները ոչ միայն խորացրել են գիտական և մեթոդաբանական գիտելիքները, այլև ինտեգրվել միջազգային ակադեմիական միջավայրին։ Մեսսինայի համալսարանի կազմակերպած դասընթացներին, աշխատաժողովներին և հանդիպում-քննարկումներին մասնակցությունը հնարավորություն է տվել ծանոթանալու քանակական վերլուծության ժամանակակից մեթոդներին, այդ թվում՝ ուղիների վերլուծությանը, որոնք հաջողությամբ կիրառել են իրենց հետազոտական նախագծում։ Իտալացի պրոֆեսորների և ասպիրանտների հետ ձեռք բերված մասնագիտական կապերն ու գիտական խորհրդատվությունները նպաստել են նոր հոդվածների մշակմանը և հետագա համագործակցությունների ընդլայնմանը։

«Մեսսինայի համալսարանում ուսումնառության շրջանը ոչ միայն ակադեմիական շրջափուլ էր, այլև անձնային և մասնագիտական աճի նոր փորձառություն։ Ծրագրի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել և ընդլայնել սեփական հնարավորությունների սահմանները։ Շատ ոգևորող է գիտական տարբեր շտեմարաններին հասանելիություն ունենալը, որ ստացանք Մեսսինայի համալսարանում ուսանելու շնորհիվ։ Սա բացառիկ հնարավորություն էր բացահայտելու Իտալիան, իտալական կրթական համակարգը և գիտության զարգացման միտումները, հետազոտական հմտությունների զարգացման տիրույթը»,- պատմում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի առաջին կուրսի ասպիրանտ Ծաղիկ Միքայելյանը։
Անձի հոգեբանության ամբիոնի երկրորդ կուրսի ասպիրանտ Էդիտա Առաքելյանը կարևորում է հատկապես Մեսսինայի համալսարանի պրոֆեսորների հետ հանդիպումները, որոնց ընթացքում նա ծանոթացել է որակական վերլուծության ժամանակակից մոտեցումներից մեկին՝ միտված սոցիալ-մշակութային տարբեր համատեքստերի համատեղ վերլուծությանը։ Ըստ նրա՝ այս փորձառությունն էապես ընդլայնել է իր գիտական աշխարհընկալումը և խորացրել հետազոտական հմտությունները։

«Անկեղծ ասած՝ առանձնապես մեծ դժվարությունների չեմ բախվել։ Ծրագիրը շատ լավ էր կազմված, իսկ այն, որ Ծաղիկի հետ միասին էինք մեկնել, էապես նպաստեց նոր միջավայրին արագ հարմարվելուն: Այս առումով փոխօգնությունը մեծ նշանակություն ունեցավ։ Բացի այդ՝ մեկնումից առաջ արդեն ամիսներ շարունակ առցանց համագործակցում էինք իտալացի գործընկերների հետ, ուստի հետազոտական նախագծի մասին հստակ պատկերացում ունեինք, և արդեն իսկ ձևավորվել էր արդյունավետ աշխատելու փոխադարձ մոտեցումը»,- ավելացրեց Էդիտան։
ԵՊՀ ուսանողները նշում են, որ պրոֆեսորներ Մասսիմո Ինգրեսիան (Massimo Ingrassia) և Լորեդանա Բենեդետոն (Loredana Benedetto) ակտիվորեն համագործակցել են՝ փոխանցելով իրենց փորձն ու գիտելիքները՝ գիտական խորհրդատվությամբ աջակցելով հետազոտական գործընթացին։ Երկամսյա ուսումնառության ընթացքում ամփոփել են հետազոտական տվյալները և մշակել երկու գիտական հոդված, որոնցից մեկն արդեն ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական պարբերականում տպագրության է ընդունվել։
Խոսելով ստացած գիտելիքների մասին՝ Ծաղիկը նշում է, որ նոր հմտություններ են ձեռք բերել և ծանոթացել տվյալների վերլուծության ժամանակակից մեթոդների՝ հարստացնելով հետազոտական տվյալների մշակման գործիքակազմը:
«Ծանոթացել ենք վիճակագրական վերլուծության մի քանի ծրագրերի (Jamovi/Jasp), որոնցով կարողացանք առավել արդյունավետ վերլուծել հետազոտության արդյունքում ստացված տվյալները։ Այս ամենն ուղեկցվում էր ինտերակտիվ քննարկումներով, որոնք խորացրել են մեր գիտելիքները և հմտությունները։ Ձեռք բերված հմտությունները կիրառելու ենք հետագա գիտահետազոտական աշխատանքներում»,- ասաց նա։

Ասպիրանտները, համեմատելով ԵՊՀ-ի և Մեսսինայի համալսարանի կրթական համակարգերը, առանձնացնում են ինչպես ԵՊՀ-ում ձևավորված ակադեմիական ամուր հիմքը, այնպես էլ արտասահմանյան փորձառության ընձեռած նոր հնարավորությունները։ Էդիտան կրթությունը դիտարկում է որպես հասարակությունում փոփոխություն բերելու հիմնական միջոց՝ ընդգծելով քննադատական մտածողության, վերլուծական կարողությունների և ինքնադրսևորման զարգացումը։ Ըստ նրա՝ ԵՊՀ-ում ձևավորված գիտակրթական միջավայրն է դարձել իր մասնագիտական կայացման ու հաջողությունների խարիսխը։
Խոսելով իրենց հաջողությունների մասին՝ Ծաղիկ Միքայելյանն ու Էդիտա Առաքելյանը շեշտում են ոչ թե հաղթանակները, այլ այն ներքին համոզմունքը, որ իրենց գործով կարողանում են արժեք ստեղծել։ Էդիտան նշում է․ «Իմ ամենամեծ հաջողությունն այն է, որ զբաղվում եմ ինձ համար կարևոր և սիրելի գործով։ Արդեն 2 տարի է դասավանդելու հնարավորություն ունեմ, մասնակցում եմ գիտական նախագծերի և միաժամանակ աշխատում եմ որպես գործնական հոգեբան, վերապատրաստվում եմ որպես հոգեթերապևտ: Սա ոչ միայն մասնագիտական ձեռքբերում է, այլև կյանքում իմ տեղը գտնելու, ուղին տեսնելու զգացողություն։ Յուրաքանչյուր դաս, հետազոտություն կամ թերապևտիկ հանդիպում փոքրիկ հաղթանակ է, երբ տեսնում եմ դրական ազդեցություն թե՛ ուսանողի, թե՛ որևէ մեկի ներաշխարհում»։
Հետազոտող, հոգեբան և դասախոս Ծաղիկի համար կրթական ծրագրի ամենամեծ ձեռքբերումը միջազգային կապերի ձևավորումն ու հետազոտական նոր որակի փորձառությունն է։ «Ուսանելու, սովորեցնելու և միաժամանակ ուսումնասիրելու հնարավորությունն ինձ տվել է ինքնաճանաչման ու մասնագիտական կայացման ամուր հիմք։ Նպատակս մեկն է՝ գիտության զարգացման, կայուն կապերի և թիմային արդյունավետ աշխատանքի շնորհիվ ներդրում ունենալ գիտական ոլորտի զարգացման մեջ»,- նշում է նա։
Երկու ասպիրանտներն էլ վստահ են՝ ուսումը շարունակելու, միջազգային համագործակցությունն ընդլայնելու և գիտության մեջ ներդրում ունենալու ճանապարհն անցնում են հաստատուն և ոգեշնչող քայլերով։