October 23, 2025 | 10:48
Competitions
Student
YSU Faculty of Law team once again leads in interuniversity moot court competition
An interuniversity moot court competition focused on issues of criminal law and criminal procedure was organized in Aghveran under the initiative of YSU Faculty of Law and the German Foundation for International Legal Cooperation (IRZ).

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՀՀ տարբեր բուհերի ինը թիմերից գրավոր փուլի արդյունքներով բանավոր փուլում իրենց գիտելիքներով մրցելու հնարավորություն են ստացել ԵՊՀ երկու թիմեր, Շիրակի, Վանաձորի պետական համալսարանների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հյուսիսային համալսարանի թիմերը:

Հոկտեմբերի 17-19 անցկացված մրցույթի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը` ընդգծելով, որ նման դատախաղ-մրցույթների անցկացումը յուրօրինակ խթան է ուսանողների համար՝ իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու, գիտելիքները հրապարակային բանավեճի ընթացքում ներկայացնելու, նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու համար: Մրցույթի կարևորությունն շեշտեց նաև Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը` նշելով, որ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման և դրանց գործնական կիրառության հմտությունների զարգացման համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը։ Նա կարևորեց, որ տարբեր բուհերի ուսանողներ դատախաղի շնորհիվ դրսևորում են իրենց գիտելիքները, հմտությունները և կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ստանում շփվելու ՀՀ-ում և Գերմանիայում իրավակիրառ գործունեություն ծավալող մասնագետների հետ, ձեռք բերում նոր գիտելիքներ և հմտություններ:

Դատախաղի ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Ռոբերտ Պապոյանը, ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազ Արմեն Մուրադյանը, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը:
Մրցութային առաջին երկու օրերի արդյունքների համաձայն՝ ժյուրիի կողմից առավելագույն միավորների արժանացած Հայաստանում ֆրանսիական համալսարանի «La Balance» և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմերը հանդիպեցին հոկտեմբերի 19-ին կայացած եզրափակիչ փուլում: Ժյուրիի միաձայն որոշմամբ լավագույն ճանաչվեց Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը:

Դատախաղի կազմակերպիչները և իրավական հանրույթը ներկայացնող տարբեր կառույցներ ու պաշտոնատար անձինք մրցույթի մասնակիցների համար սահմանել էին հատուկ մրցանակներ: Հաղթողի գավաթին արժանացած թիմի ներկայացուցիչների համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից նախատեսվել էր անվանական կրթաթոշակների տեսքով հատուկ մրցանակ:
Տարբեր անվանակարգերում մրցանակներ էին սահմանել ՀՀ փաստաբանական ակադեմիան, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ դատավորների միությունը:
Դատախաղի ավարտին մրցույթի մասին իրենց տպավորությունները ներկայացրին ինչպես ժյուրիի անդամները, միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ մասնակից թիմերի ներկայացուցիչները` ընդգծելով, որ այն փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու, մասնագիտական հմտությունները խորացնելու, ինչպես նաև գործնական կարողությունները զարգացնելու շատ լավ հնարավորություն է։