November 24, 2025 | 14:10
Science
Education
International cooperation
The role of young scientists in advancing scientific development: "Scientists of the Future" project launches at YSU
The Faculty of Russian Philology at Yerevan State University hosted the inaugural event of the "Scientists of the Future" project. The opening ceremony featured addresses by YSU Rector Hovhannes Hovhannisyan and Rector of the Pushkin State Russian Language Institute Nikita Gusev. As part of the project, leading researchers and scholars from prominent Russian universities, representing various fields, will deliver lectures and conduct masterclasses across various faculties at YSU.
«Ապագայի գիտնականները» նախագիծը նպատակ ունի ամրապնդելու միջազգային համագործակցությունը հումանիտար գիտությունների ոլորտում, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների շրջանում բարձրացնելու ակադեմիական գործակցության նկատմամբ հետաքրքրությունը գիտության և կրթության ոլորտներում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանականների և օտարերկրյա գիտնականների՝ անմիջականորեն շփվելու հնարավորությունը, ասաց․ «Կարծում եմ՝ այս միջոցառման թեման կհետաքրքրի շատերին՝ միավորելով երկու երկրների գիտնականներին՝ քննարկելու գիտության տարբեր ոլորտներին առնչվող հետաքրքիր թեմաներ։ Մենք պատրաստակամ ենք համագործակցելու և ընդլայնելու գիտակրթական տարբեր հաստատությունների գիտնականների, հետազոտողների հետ համագործակցությունը։ Ներկայում մենք ռուսաստանյան մի շարք բուհերի հետ ակտիվորեն գործակցում ենք՝ կատարելով նաև փոխադարձ այցելություններ, համատեղ ուժերով կազմակերպելով գիտաժողովներ ու հանդիպումներ։ Այս նախագծի շրջանակում տարբեր մտքերի և գաղափարների փոխանակումը կնպաստի մասնակիցների զարգացմանն ու կատարելագործմանը»։
Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը, արժևորելով ԵՊՀ դերակատարումը երկու երկրների միջև հումանիտար գիտությունների ոլորտում գործակցության զարգացման գործում, ընդգծեց․ «Ողջունելի է, որ «Ապագայի գիտնականները» միջազգային նախագիծն անցկացվում է Հայաստանում՝ ԵՊՀ-ում։ Վստահ եմ, որ մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ»։
Նիկիտա Գուսևը անդրադարձավ նախագծի մանրամասներին և մատնանշեց, որ վերջինս իրագործվում է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարություն, արտաքին գործերի նախարարության և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ․ նախագծի համակարգողը Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն է։
«Գիտությունը զարգանում է գիտնականների միջև գործակցության, միջգիտակարգային հետազոտությունների և փորձի փոխանակման շնորհիվ։ Ահա թե ինչու է կարևոր այսօրինակ գիտական նախաձեռնությունների անցկացումը տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ»,- շեշտեց Ն․ Գուսևը։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան նշեց․ «Լիահույս եմ, որ գիտական այս միջոցառումը նոր շունչ կհաղորդի արդեն առկա համագործակցությանը՝ նպաստելով Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ գործընկերային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»։
Նախագծի շրջանակում համալսարանում են ռուսաստանյան առաջատար բուհերի ութ գիտնականներ՝ կ․գ․դ․ Եվգենյա Գոլովացկայան, տ․գ․թ․ Անաստասիա Դոկուչաևան, բ․գ․դ․ Վլադիմիր Մալչևսկին (ՌԴ գիտությունների ակադեմիա), տ․գ․դ․ Դմիտրի Ժուկովը (Ռուսական տեխնիկական համալսարան), բ․գ․թ․ Մարիա Լեբեդևան, բ․գ․դ․, դոցենտ Լարիսա Սելեզնևան (Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ), Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի գիտաշխատող Քսենյա Ռոդիոնովան, ֆ․մ․գ․դ․ Մարինա Շվիդեֆսկին (Նովոսիբիրսկի պետական համալսարան)։
Գիտական այս միջոցառման ընթացքում համալսարանում կանցկացվեն ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, բանասիրության ոլորտներին առնչվող դասախոսություններ և վարպետության դասեր։ Ռուսաստանյան բուհերի ներկայացուցիչները նախագծի շրջանակում հանդիպումներ կունենան ինչպես ուսանողների, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչների, այնպես էլ դպրոցականների հետ՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով նրանց։
Նշենք, որ բացման արարողությունից հետո մասնակիցները շրջայց կատարեցին ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում՝ ծանոթանալով համալսարանի պատմությանն ու բուհի մասին ուշագրավ այլ մանրամասների։















