March 20, 2026 | 12:38
Partners
Education
International cooperation
Chinese Ambassador Li Xinwei received at YSU to discuss new academic perspectives
Yerevan State University Rector Hovhannes Hovhannisyan hosted the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the People's Republic of China to Armenia, Li Xinwei, to discuss advancing bilateral cooperation to a new level.
ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանի միջազգայնացման քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է Չինաստանի հետ կրթագիտական, մշակութային համագործակցությունների ընդլայնումն ու ամրապնդումը: Այս համատեքստում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ծավալվում են բազմակողմ հարաբերություններ՝ գիտագործնական հանդիպումներ, միջազգային գիտաժողովներ, սեմինարներ, փոխայցեր և այլն: Գործընկեր համալսարանների թվում են Սոցիալական գիտությունների չինական ակադեմիան, Շանհայի համալսարանը, Պեկինի տեխնիկական համալսարանը, Կոնֆուցիոսի ինստիտուտը և ոչ միայն: Ռեկտորի խոսքով՝ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը Հայաստանում չինարենի տարածման լավագույն հենակետերից մեկն է, որտեղ պարբերաբար կազմակերպվում են չինարենի ուսուցման դասընթացներ և այլ միջոցառումներ՝ նվիրված Չինաստանի պատմությանը, մշակույթին: Բացի դրանից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Սոցիալական գիտությունների չինական ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում պարբերաբար նախաձեռնում է քաղաքագիտական, վերլուծական տարբեր գիտաժողովներ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին նույն ակադեմիայի հետ նախատեսվում է կազմակերպել հերթական միջազգային հանդիպում-քննարկումը:
«Վերջին տարիներին պետական ծրագրով հատկացված քառասուն և ավելի տեղերի շնորհիվ մեր բազմաթիվ ուսանողներ Չինաստանում ուսանելու հնարավորություն են ունեցել»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը:
Այս առումով ոգևորիչ է Հայաստանում տարեցտարի աճող հետաքրքրությունը Չինաստանի նկատմամբ, որը հնարավոր է նոր մակարդակի հասցնել ԵՊՀ-ի հետ կրթագիտական խորքային և համակարգային համագործակցության միջոցով:
Հ. Հովհաննիսյանը մատնանշեց, որ վերջին տարիներին պետական խոշոր ներդրումների շնորհիվ համալսարանում ստեղծվել են ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ ու լաբորատորիաներ: Հայ-չինական գործակցության զարգացման նպատակով ԵՊՀ զգալի ներուժը կարելի է օգտագործել ոչ միայն հումանիտար, այլև ճշգրիտ գիտությունների բնագավառներում՝ ֆիզիկա, ֆարմացիա, կենսաբանություն:
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը հավելեց, որ ԵՊՀ-ն՝ իբրև ՀՀ դասական և առաջատար կրթագիտական հաստատություն, բաց է բոլոր ուղղություններով համագործակցությունների համար:
«Համագործակցության հնարավորություն կա նաև ռուսաց լեզվի ուսուցման տեսակետից, քանի որ ԵՊՀ-ն մեծ ավանդույթ և հնարավորություններ ունի այդ առումով»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:
Արժանահիշատակ է, որ ԵՊՀ-ում տևական ժամանակ գործում է բացառիկ մի ծրագիր, որի շրջանակում ամեն տարի Չինաստանից ժամանած 2 կուրսանտներ ռուսաց լեզվի մագիստրոսական մեկամյա ծրագրով կրթություն ստանալու հնարավորություն են ստանում:
«Վերջին տարիներին չինաստանյան գործընկերներից առաջարկ-նամակներ ենք ստանում չինացի ուսանողների համար 3+1 կամ 4+1 (3 կամ 4 տարի՝ ՀՀ-ում, մեկ տարի՝ Չինաստանում) տարբերակով կրթական ուսուցում կազմակերպելու համար: Այս առումով ևս ԵՊՀ-ն բաց է համագործակցությունների առջև»,- հավելեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը նշեց, որ առկա են ԵՊՀ-ի հետ համագործակցության հարուստ հիմքեր:
Մերձավորարևելյան վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Չինաստանում հետզհետե բարձրանում է տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունն ինչպես կրթության, այնպես էլ մշակութային և զբոսաշրջային առումներով: Հայաստանը՝ որպես հնագույն քաղաքակրթություն ունեցող երկիր, գործակցություններ զարգացնելու մեծ հնարավորություններ ունի: Դեսպանի խոսքով՝ հայաստանյան կրթական համակարգի նկատմամբ հետաքրքրություն կարող է առաջացնել ակադեմիական քաղաքի ստեղծումը ևս, որն ինքնին նորություն է Հայաստանի համար:
Կրթագիտական կանոնավոր համագործակցությունների համատեքստում դեսպան Լի Սինվեյը կարևորեց Սինդիանի և Պանտոնի համալսարանների հետ համագործակցության հնարավորությունը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վերոնշյալ համալսարանների և ԵՊՀ-ի միջև արդյունավետ փոխգործակցության զարգացումը խթանելու ուղղությամբ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը ԵՊՀ ռեկտորի ուղեկցությամբ այցելեց նաև ԵՊՀ գիտական լաբորատորիաներ, չինարենի և չինական մշակույթի կենտրոն՝ ծանոթանալով ԵՊՀ կրթական, տեխնոլոգիական հնարավորություններին:







