August 06, 2026 | 15:15
Science
Research
International cooperation
YSU master's student Edvard Grigoryan awarded 2026 SPIE scholarship
Edvard Grigoryan, a master's student at the YSU Institute of Physics, has been awarded a 2026 scholarship from SPIE (The International Society for Optics and Photonics) in recognition of his scientific achievements and professional engagement in optics and photonics. The scholarship is awarded to students from around the world who stand out for their achievements and potential for further development in optics, photonics and related fields.
«SPIE»-ն աշխարհի խոշորագույն մասնագիտական կազմակերպություններից է, որը միավորում է օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին, ուսանողներին և ոլորտի ընկերություններին։ Բացի հեղինակավոր գիտական ամսագրեր հրատարակելուց և միջազգային համաժողովներ կազմակերպելուց՝ «SPIE»-ն ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ է տրամադրում այն ուսանողներին, որոնք առանձնանում են թե՛ գիտական, թե՛ հանրային ակտիվությամբ։
Այս տարի կրթաթոշակի են արժանացել 85 ուսանողներ։ Էդվարդի խոսքով՝ կրթաթոշակառուների ընտրության գործընթացում կարևոր են ոչ միայն ակադեմիական արդյունքները, այլև հետազոտական աշխատանքը, մասնագիտական նախաձեռնողականությունն ու գիտության հանրայնացման գործում ունեցած ներդրումը։
«Այս կրթաթոշակը գնահատում է ոչ միայն կատարած հետազոտությունները, այլև այն, թե որքան ակտիվ ես գիտական համայնքում։ Իմ դեպքում հաշվի են առնվել թե՛ լաբորատորիայում կատարած աշխատանքը, թե՛ ուսանողական մասնաճյուղում իրականացրած ծրագրերը, թե՛ գիտության հանրայնացմանն ուղղված նախաձեռնություններում ներգրավվածությունը»,- ընդգծում է նա։
Գիտական ակտիվությունը՝ միջազգային գնահատականի հիմքում
Ուսումնառությանը զուգահեռ՝ Էդվարդը շուրջ երկու տարի է, ինչ որպես հետազոտող աշխատում է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում՝ ուսումնասիրելով հեղուկ բյուրեղների միջոցով լույսի փնջի ձևավորման գործընթացը։ Նրա հետազոտությունների արդյունքներն արդեն ներկայացված են միջազգային գիտական երկու հրապարակումներով։ Ներկայում Էդվարդը ներգրավված է լաբորատորիայի ընթացիկ հետազոտական նախագծերում։
Էդվարդը կարևոր ներդրում է ունեցել նաև համալսարանի գիտական համայնքի զարգացման գործում։ Նա ղեկավարել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին կից «Optica» և «SPIE» կազմակերպությունների «YSO» («YSO Student Chapter») ուսանողական միացյալ մասնաճյուղը, իսկ այժմ շարունակում է իր գործունեությունը որպես կառույցի ակտիվ անդամ։ Մասնաճյուղը միավորում է օպտիկայով և ֆոտոնիկայով հետաքրքրված ուսանողներին՝ կազմակերպելով գիտաժողովներ, աշխատարաններ, ամառային ճամբարներ, դպրոցականների համար գիտության հանրայնացման միջոցառումներ և կրթական տարբեր նախաձեռնություններ։
«Մեր հիմնական նպատակը օպտիկան հանրայնացնելն է, ինչպես նաև երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը։ Վերջին տարիներին այցելել ենք ավելի քան 60 դպրոց, կատարել ֆիզիկական փորձերի ցուցադրություններ, կազմակերպել ճամբարներ, աշխատարաններ և գիտաժողովներ, որ աշակերտները գիտությունը «տեսնեն» ոչ միայն դասագրքերում, այլև իրական կյանքում»,- ընդգծում է Էդվարդը։
Կրթաթոշակը՝ որպես ներդրում ապագա հետազոտություններում
«SPIE»-ի տրամադրած կրթաթոշակը կարող է օգտագործվել ուսման վարձի, մասնագիտական գրականության, հետազոտական անհրաժեշտ սարքավորումների կամ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու նպատակով։
Էդվարդն արդեն որոշել է, թե ինչպես է օգտագործելու կրթաթոշակը։
«Այս աջակցությունն առաջին հերթին ներդրում է իմ հետագա ուսումնառության մեջ։ Նախատեսում եմ այն օգտագործել ուսումնական նպատակներով՝ ձեռք բերելով նոր համակարգիչ և հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ»,- նշում է նա։
ԵՊՀ ուսանողի խոսքով՝ ուսանողական մասնաճյուղերին անդամակցությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն մասնակցելու միջազգային ծրագրերի, այլև դիմելու տարբեր կրթաթոշակների ու դրամաշնորհների, որոնք նպաստում են նրանց գիտական առաջընթացին։