General information
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն աշխատակարգը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նախագահի, քարտուղարի և անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, նիստերի արձանագրման, որոշումների ընդունման կարգը։
1.2. ԵՊՀ կանոնադրության 42-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը։
1.3. Խորհրդի աշխատանքների հետ կապված ծախսերը կատարվում են ԵՊՀ միջոցների հաշվին։
2. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Խորհուրդը ԵՊՀ բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, համալսարանի կանոնադրությանը համապատասխան։
2.2. Խորհուրդն ունի նախագահ և քարտուղար։
Ըստ անհրաժեշտության՝ խորհուրդը ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրում են առաջադրված հարցերը, պատրաստում նախագծեր և դրանք ներկայացնում խորհրդին։
2.3. Խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար։
(2.3.-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 29.01.2021 թ. թիվ 5 որոշմամբ)
2.4. Խորհրդի իրավասությունն է՝
1) իր աշխատակարգի հաստատումը,
2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության հայտարարումը, կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը,
3) ԵՊՀ գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը,
4) ԵՊՀ կառուցվածքի հաստատումը,
5) ԵՊՀ հաստիքացուցակի հաստատումը,
6) ԵՊՀ եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվության ու ԵՊՀ գործունեության մասին տարեկան հաշվետվության և տարեկան հաշվեկշռի հաստատումը,
7) տնտեսական ընկերություններին ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
8) ԵՊՀ գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը,
9) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը, իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
11) ԵՊՀ լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,
12) ԵՊՀ լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
13) ԵՊՀ կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրության կանոնադրության հաստատելու մասին որոշումների ընդունումը,
14) ԵՊՀ գույքի տնօրինման կարգի հաստատումը,
15) իր անդամին մեկ այլ անձի կամ դրա համատեղությամբ պարտավորություն իրականացնելու վերաբերյալ համաձայնության տրամադրումը,
16) օրենքով, սույն աշխատակարգով նախատեսված, ինչպես նաև ԵՊՀ մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։
Խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
2.5. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք,
2) ստորագրում է խորհրդի որոշումները,
3) խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնաժողովներ և նշանակել դրանց նախագահներին՝ մասնավորապես սույն աշխատակարգով նախատեսված ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման և ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված հարցերի նախնական քննարկումն իրականացնելու և դրանց վերաբերյալ խորհրդին եզրակացություններ ներկայացնելու համար,
4) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը,
5) խորհրդի քննարկման է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը,
6) ԵՊՀ անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է խորհրդի անդամներից մեկը։
2.6. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով։ Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ։ Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը։
2.7. Խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,
2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր,
3) ստանալու տեղեկություններ ԵՊՀ գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին,
4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։
2.8. Խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել խորհրդի նիստերին,
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ՀՀ և մասնավորապես ԵՊՀ շահերից։
2.9. Խորհրդի անդամի լիազորությունը խորհրդի որոշմամբ դադարում է՝
1) իր դիմումի համաձայն,
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,
4) եթե դադարել են խորհրդի անդամների ընտրության թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
5) որպես սովորող առաջադրվելու դեպքում՝ սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով,
6) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով,
7) նրա մահվան դեպքում։
2.10. Խորհրդի քարտուղարը՝
1) ծանուցում է խորհրդի անդամներին նիստի օրվա, տեղի և օրակարգի մասին,
2) գրանցում է խորհրդի նիստին մասնակցող անդամներին,
3) կազմում և ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները,
4) կատարում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ։
3. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ
3.1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում և աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։
3.2. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։
3.3. Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։
3.4. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռեկապակցական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։
3.5. Խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։
3.6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
3.7. Նիստերը նախապատրաստում են խորհրդի նախագահը և քարտուղարը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներին ներգրավելով խորհրդի մյուս անդամներին։
3.8. Խորհրդի առաջին նիստը մինչև նախագահի ընտրությունը նախագահում է տարիքով ավագ անդամը, քարտուղարում՝ խորհրդի կրտսեր անդամը։
3.9. ԵՊՀ ռեկտորի ընտրության նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է ռեկտորի ընտրության կանոնակարգով։
3.10. Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ խորհրդի նախագահի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված մարմնի, համալսարանի ռեկտորի, խորհրդի կազմի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով։
3.11. Լիազորված պետական մարմնի, համալսարանի ռեկտորի, խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով։
3.12. Նիստի հրավիրման և օրակարգի մասին խորհրդի քարտուղարը խորհրդի անդամներին տեղեկացնում է առնվազն հինգ օր առաջ՝ գրավոր ծանուցմամբ։
3.13. Խորհրդի նախագահի բացակայության պայմաններում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ պահին սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը։ ԵՊՀ նախագահի և քարտուղարի բացակայության պայմաններում խորհրդի նախագահի լիազորությունները խորհրդի առաջին նիստի իրավական համապատասխան հիմքով իրականացնում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղարում՝ կրտսեր անդամը։
(3.13-րդ կետը լրացվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 29.01.2021 թ. թիվ 5 որոշմամբ)
4. ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Խորհրդի արտահերթ նիստ գումարելու՝ խորհրդի նախագահին ներկայացված գրավոր պահանջը պետք է պարունակի խորհրդի օրակարգում առաջարկվող հարցերը՝ խորհրդի կամ գիտական խորհրդի՝ արտահերթ նիստը պահանջող անդամների ստորագրություններով։
4.2. Լիազորված պետական մարմնի, ռեկտորի, խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի գրավոր պահանջը ստանալու պահից յոթ օրվա ընթացքում խորհրդի նախագահը պետք է ընդունի խորհրդի նիստ գումարելու մասին որոշում։
5. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՔՎԵԱԿԱՐԳԸ
5.1. Խորհրդի անդամների ներկայությունը գրանցում է խորհրդի քարտուղարը՝ նիստը սկսելուց առաջ։ Քվեարկության կազմակերպելու դեպքում նախագահը որոշմամբ կարող է երկարաձգել գրանցումը մինչև քվեարկության ավարտումը կամ հետաձգել նիստը։
5.2. Խորհրդի քվեարկության բացակայության պատճառով հետաձգված նիստը նույն օրակարգով գումարվում է ընդհանուր կարգով։
6. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6.1. Խորհրդի նախագահը, բացելով խորհրդի նիստը, հայտարարում է քվեարկության առկայությունը և քվեարկության դնում օրակարգը։
6.2. Խորհրդի անդամները կարող են օրակարգի համար առաջարկել հարցեր, որոնք դրվում են քվեարկության։
6.3. Օրակարգի հարցերի քննարկման կարգը, հիմնական և հարակից զեկույցների, ելույթների տևողությունը որոշում է խորհուրդը։
7. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե ԵՊՀ կանոնադրությամբ, սույն աշխատակարգով կամ խորհրդի որոշմամբ քվեարկության այլ կարգ չի սահմանվել։
7.2. Խորհուրդը կարող է ընդունել որոշում փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու մասին։
7.3. Փակ, գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են խորհրդի քարտուղարի կողմից։
8. ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
8.1. Խորհրդի հանձնաժողովների կառուցվածքը և կազմը որոշում է խորհուրդը։
8.2. Խորհրդի հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն հանձնաժողովի արձանագրության մեջ մտցնել հատուկ կարծիք և այդ մասին տեղյակ պահել խորհրդին։
9. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Խորհրդի արձանագրությունը (երկու օրինակից) կազմում է խորհրդի քարտուղարը խորհրդի նիստն ավարտելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։ Արձանագրությունը ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը։
9.2. Արձանագրության մեջ պետք է նշվեն նիստի անցկացման ժամանակը, քվեակազմը, նախագահը, քարտուղարը, օրակարգը, ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները։
10. ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
10.1. Խորհրդի որոշումները կենսագործվում են ԵՊՀ ռեկտորի հրամաններով։