Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ․ էքսպո-2026» միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել էր ԵՊՀ ուսանողներին, գործատուներին, ինչպես նաև կրթական և մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության (ԵԼՀ) ֆակուլտետը՝ ներկայացնելով ֆակուլտետի կրթական ծրագրերը, ուսանողների մասնագիտական հնարավորություններն ու ոլորտում առկա զարգացման հեռանկարները։
«ԲանՈՒԳործ․ էքսպո-2026»-ը հնարավորություն է ընձեռել ուսանողներին անմիջականորեն շփվելու տարբեր կազմակերպությունների և գործատուների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին, առկա թափուր աշխատատեղերին, պրակտիկայի և մասնագիտական զարգացման հնարավորություններին։
ԵԼՀ ֆակուլտետի մասնակցության շրջանակում այցելուները տեղեկացել են ֆակուլտետում իրականացվող կրթական գործընթացի, ուսանողների մասնագիտական պատրաստվածության և լեզվական ու հաղորդակցական հմտությունների կիրառման տարբեր ոլորտների մասին։
Նման ձևաչափով միջոցառումները կարևոր հարթակ են համալսարան–գործատու կապերի ամրապնդման, ուսանողների մասնագիտական կողմնորոշման և կրթական ծրագրերի՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման տեսանկյունից։









