ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի անցկացվում է «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագրով:
Երկօրյա գիտաժողովի շրջանակում ԵՊՀ-ում համախմբվել են աշխարհի ավելի քան 20 երկրների առաջատար բուհերի, հետազոտական կենտրոնների և ուղեղային կենտրոնների ճանաչված ներկայացուցիչներ, առաջատար քաղաքագետներ ու միջազգայնագետներ: Միջոցառման նպատակն է քննարկել արդի աշխարհաքաղաքական փոխակերպումները, համաշխարհային կառավարման ճգնաժամերը, ինչպես նաև միջազգային անվտանգության նոր մոդելների ձևավորման հեռանկարները:
Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը: Նա իր խոսքում ընդգծել է միջազգային կարգի վերաերևակայման անհրաժեշտությունը հատկապես Հայաստանից, ինչը թույլ է տալիս հասկանալ միջազգային կարգի հիմնախնդիրները աշխարհաքաղաքական կենտրոնների հայացքից անդին:
Անդրադառնալով Հայաստանի պատմաքաղաքական դերակատարմանը և աշխարհաքաղաքական յուրահատուկ դիրքին՝ Տիգրան Եփրեմյանն իր ելույթում նշեց. «Դարեր ի վեր Հայաստանը, լինելով տարբեր քաղաքակրթությունների ու կայսրությունների խաչմերուկում, անտիկ ժամանակաշրջանից ի վեր ականատեսն ու մասնակիցն է միջազգային կարգի ձևափոխմանն ու էվոլյուցիային: Որպես փոքր պետություն՝ Հայաստանն ընձեռում է եզակի ակադեմիական և վերլուծական հարթակ՝ դուրս գալու ավանդական հեգեմոնիկ ընկալումներից և այլընտրանքային դիտանկյունից քննելու միջազգային կարգի կառուցվածքային մարտահրավերներն ու վերաիմաստավորելու գլոբալ կառավարման ճարտարապետությունը»:
Մասնակիցներին ողջունել է նաև ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Գիտաժողովի լիագումար նիստին հիմնական զեկուցումով հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Գաո Ֆեյը: Նա ներկայացրել է «Մարդկության ընդհանուր ապագայով համայնքի տեսլականով գլոբալ կառավարման բարելավման խթանումը» թեմայով ծավալուն գիտական վերլուծությունը: Պրոֆեսոր Գաո Ֆեյն իր ելույթում անդրադարձել է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման առանձնահատկություններին, միջազգային համագործակցության նոր ձևաչափերին և համաշխարհային մակարդակում փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում կանցկացվեն թեմատիկ մասնաճյուղային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները հանդես կգան զեկուցումներով՝ ծավալելով նաև ակտիվ երկխոսություն միջազգային արդի հարաբերությունների առանցքային հիմնախնդիրների շուրջ: