Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն ակտիվ և բազմաբովանդակ մասնակցություն ունեցավ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին՝ համալսարանական մշակույթը, ստեղծագործական ներուժն ու ուսանողների ինքնադրսևորման հնարավորությունները ներկայացնելով յուրահատուկ և ինտերակտիվ ձևաչափով։
Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնը հանդես եկավ իր առանձին տաղավարով, որը դարձավ ստեղծագործական շփման, նոր ծանոթությունների և մշակութային երկխոսության հարթակ։ Տաղավարում ներկայացվեցին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, գործող խմբերն ու ծրագրերը, իսկ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու խմբերի աշխատանքին և միանալու իրենց հետաքրքրություններին համապատասխան ստեղծագործական նախաձեռնություններին։
Տաղավարի այցելուների համար մշակութային անմիջական շփումն ապահովեց մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանի գլխավորությամբ։ Ստուդիայի անդամները ներկայացրին թատերական փոքրիկ պատումներ և բեմական մանրանկարներ, կազմակերպեցին ինտերակտիվ խաղեր ու ինտելեկտուալ հարցուպատասխաններ։ Ակտիվ մասնակցությունն ու ճիշտ պատասխանները խրախուսվում էին նվերներով՝ միջոցառման մթնոլորտը դարձնելով առավել անմիջական, աշխույժ և հետաքրքիր։
Օրվա մշակութային ծրագիրը շարունակվեց մեծ բեմում՝ համերգային բազմազան ելույթներով։ Մշակույթի կենտրոնի ստեղծագործական բոլոր խմբերը հանդես եկան իրենց լավագույն երաժշտական համարներով՝ ներկայացնելով տարբեր ժանրեր, ոճեր և կատարողական մոտեցումներ։
Ելույթների մեկնարկը տրվեց «YSU Band»-ի երաժշտական կատարումներով (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): «YSU Band»-ը ներկայացրեց ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հայտնի ստեղծագործություններ։ Կատարումներին միացան համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Առանձնահատուկ հնչեղություն ստացավ Կոմիտասի «Հոյ, նազան» երգի նոր մշակմամբ և գործիքավորմամբ կատարումը, որը համատեղ ներկայացրին «YSU Band»-ն ու ԵՊՀ երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստանան ղեկավար՝ Կարեն Սարգսյան)։
Հայկական հին երաժշտության և ժամանակակից գործիքավորման այս համադրությունը հանդիսատեսին հնարավորություն տվեց ծանոթ ստեղծագործությանը հաղորդակից լինելու նոր հնչողությամբ։
Համերգային ծրագիրը շարունակեց ԵՊՀ աղջիկների պարային համույթը՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված պարային շարք։ Ելույթից հետո համույթի գեղարվեստական ղեկավար Անի Հարոյանը հանդիսատեսին ներգրավեց ստեղծագործական գործընթացում՝ կազմակերպելով հայկական պարերի վարպետության դաս։ Ուսանողներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու հայկական պարը, այլև անմիջականորեն մասնակցելու դրան՝ սովորելով շարժումները, զգալով ռիթմն ու միասնական պարի հմայքը։
Միջոցառման համերգային հատվածը եզրափակեց «YSU Band»-ը՝ ներկայացնելով ևս մի քանի երաժշտական համար և ամբողջացնելով օրվա տոնական մթնոլորտը։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի ընթացքւմ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տաղավարն ու բեմական ծրագիրը դարձան համալսարանական ստեղծագործական կյանքի բազմազանության և ուսանողների ներուժի կարևոր ցուցադրությունը։
Օրը լի էր երաժշտությամբ, թատրոնով, պարով, խաղերով, նոր հանդիպումներով ու անմիջական շփմամբ։ Այն ուսանողների համար դարձավ ինքնադրսևորման, սեփական ստեղծագործական կարողությունները բացահայտելու և մեծ բեմում հանդես գալու կարևոր հնարավորություն։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով ստեղծագործող ուսանողներին, խրախուսելով նրանց նախաձեռնողականությունն ու ինքնադրսևորումը և համալսարանական միջավայրում ձևավորելով մշակութային հարուստ կյանք։