Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պատվիրակությունը սեպտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով Վրաստանում էր՝ քննարկումներ ծավալելու, ինչպես նաև վրացական արևելագիտական առաջատար կենտրոնների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Պատվիրակության կազմում էին ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը և Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Վարուժան Գեղամյանը:
Այցելության ընթացքում հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունեցել Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) միջազգային կապերի գծով պրոռեկտորի, համապատասխան բաժնի, ինչպես նաև արևելագիտական բաժանմունքների ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բացի դրանից՝ ԵՊՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իլիայի պետական համալսարանի արևելագիտության ինստիտուտի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական ակադեմիական ընդհանուր համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել են արևելագիտական ուղղությամբ մի շարք հստակ ծրագրեր, որոնց իրականացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Գործընկերությունը ներառելու է ինչպես գիտական, այնպես էլ կրթական ոլորտները:
Անդրադառնալով այցի նշանակությանն ու ձեռք բերված համաձայնություններին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ընդգծել է տարածաշրջանային գիտակրթական կապերի ամրապնդման կարևորությունը. «Հայաստանի և Վրաստանի ակադեմիական համայնքների, մասնավորապես՝ արևելագիտական դպրոցների միջև ուղիղ և ակտիվ երկխոսությունը և դրա վերագործարկումը ունի կարևոր նշանակություն։ Վրացական առաջատար համալսարանների հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունները նոր էջ են բացում համատեղ հետազոտությունների, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած ավանդույթների վերականգնման փորձ են»:
Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը կարևորել է գիտական ներուժի համախմբումն ու տարածաշրջանային հետազոտությունների խորացումը. «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները պահանջում են արևելագիտական խորքային և համակարգված փորձագիտական վերլուծություններ: Վրացի գործընկերների հետ համատեղ գիտական նախագծերի, սեմինարների և կոնֆերանսների անցկացումը հնարավորություն կընձեռի ոչ միայն ընդլայնելու երկկողմ ակադեմիական հետաքրքրությունները, այլև միջազգային հարթակներում ներկայանալու առավել ծանրակշիռ գիտական արդյունքով»:
Առաջիկա ամիսներին կողմերը կսկսեն նախանշված ծրագրերի գործնական փուլը, ինչը կնպաստի երկու երկրների ուսանողների ու երիտասարդ հետազոտողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:




