September 29, 2026 | 15:01
Կոնֆերանսներ
Կրթություն
«Լազարյան ճեմարանը և հայ մեծերը». գիտաժողով՝ նվիրված հայագիտության ու արևելագիտության մեծ կենտրոնին
Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն կրթօջախ, այլև հայ մշակութային ու գիտական վերածննդի կարևոր հաստատություններից մեկը: Այնտեղ են ձևավորվել և հայագիտությանն ու արևելագիտությանն անգնահատելի ծառայություններ մատուցել հայ մտավորականության ներկայացուցիչներից շատերը: Ճեմարանի թողած անջնջելի հետքը, նրա պատմական ու գիտական հարուստ ժառանգությունը վերարժևորելու և ժամանակակից գիտական հանրությանը ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը:
«Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Լազարյան ճեմարանի՝ որպես հայագիտական և արևելագիտական, ուսումնական ու գիտական խոշոր կենտրոնի բազմակողմանի գործունեության լուսաբանմանն ու արժևորմանը: Միջոցառման ծրագիրը հագեցած էր բովանդակալից զեկուցումներով և մասնագիտական ակտիվ քննարկումներով:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանն ընդգծեց, որ ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Լազարյան ճեմարանի գործունեությունը եղել է չափազանց արժեքավոր ու հստակ նպատակադրումով, իսկ Հայաստանից դուրս դժվար է գտնել նմանօրինակ երկարատև ազդեցություն ունեցած կրթօջախ: Նա նշեց, որ հայտնի շատ մտավորականների ու գրողների՝ Վահան Տերյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գևորգ Դոդոխյանի, Սմբատ Շահազիզի, Ռաֆայել Պատկանյանի և ուրիշների կենսագրություններն ուղղակիորեն կապված են ճեմարանի հետ:
«Այնտեղ դասավանդել են մեզ հայտնի շատ մտավորականներ, և դժվար է Հայաստանից դուրս գտնել այնպիսի կրթօջախներ, որոնք ծավալել են նման երկարատև ու արժեքավոր գործունեություն»,- ասաց Արշալույս Գալստյանը։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան նաև համակազմակերպիչ կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքիասյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, նույն կառույցի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Արթուր Փայտյանը։ Բանախոսներն իրենց ելույթներում ընդգծեցին Լազարյան ճեմարանի դերը հայագիտության միջազգայնացման, արևելագիտական դպրոցի ձևավորման և 19-20-րդ դարերի հայ մտավորական սերնդի կրթության գործում:
«Բազմաբովանդակ և լայն է ճեմարանի թողած գրական ու գիտական ժառանգությունը։ Եթե 19-րդ դարում հայագիտության կենտրոնը Հայաստանից դուրս էր, ապա այսօր արդեն կենտրոնը Հայաստանն է, և մեր խնդիրն է զարգացնել հայագիտությունը Հայաստանում՝ միևնույն ժամանակ պահելով արտերկրի կենտրոնների հետ կապերն ու ստեղծելով նորերը»,- ընդգծեց Համո Սուքիասյանը։
Գիտաժողովի հետագա ընթացքը վերածվեց գիտական բացահայտումների հարթակի՝ ծավալվելով պատմագիտական, բանասիրական և մշակութաբանական խորքային ու բազմաշերտ հետազոտությունների շուրջ: Զեկուցողները անդրադարձան ճեմարանի հիմնադրմանը, արժևորեցին նրա բացառիկ առաքելությունը հայկական համայնքի համախմբման, ազգային ինքնության պահպանման ու հոգևոր-մշակութային վերելքի գործում: Հատուկ ուշադրության արժանացան ճեմարանի երևելի շրջանավարտների թողած անգնահատելի գրական, գիտական ու հրապարակախոսական ժառանգությունը, հայագիտության ու արևելագիտության զարգացման ճանապարհին նրանց արձանագրած ձեռքբերումները:
Գիտաժողովի ծրագիրն աչքի ընկավ բովանդակային հարստությամբ ու թեմատիկ բազմազանությամբ։ Հետազոտողները ներկայացրին ուշագրավ զեկուցումներ՝ լուսաբանելով ճեմարանի գործունեության ամենատարբեր կողմերը. Լազարյաններին՝ որպես Մխիթարյանների ավանդույթների շարունակողների, ճեմարանական Սմբատ Շահազիզի վաստակը, ճեմարանի գրական եռյակի՝ Վահան Տերյանի, Պողոս Մակինցյանի և Ցոլակ Խանզադյանի գործունեությանը, Մկրտիչ Էմինի և այլ գործիչների նամակագրական ժառանգությունը, Միքայել Նալբանդյանի գրական-հասարակական մտածողությունն ու ազատության գաղափարները, ինչպես նաև հետաքրքիր այլ թեմաներ:
Ճեմարանի «անվանացանկը». հայ մեծերը՝ Լազարյանների հարկի տակ
Գիտաժողովի շրջանակում առանձնացվեցին այն երևելի անհատները, որոնք կերտել են ճեմարանի պատմությունը: Լազարյան ճեմարանը տարբեր տարիների եղել է հայ մտավորականության հավաքատեղին ու կրթօջախը, որտեղ ուսանել, դասավանդել կամ գործունեություն են ծավալել մեր պատմության նշանավոր դեմքերը, գրականության և պոեզիայի հսկաները. Վահան Տերյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սմբատ Շահազիզը, Ռաֆայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը և ուրիշներ այստեղ են ստացել իրենց կրթությունն ու մտավոր թռիչքի առաջին մղումները։
Ճեմարանում է գործել ականավոր հայագետ, պատմաբան ու բանասեր Մկրտիչ Էմինը, որի ջանքերով հրատարակվել են պատմագրական բացառիկ սկզբնաղբյուրներ ու արժեքավոր ուսումնասիրություններ:
«Այս նախաձեռնության նպատակն է ևս մեկ անգամ արժևորել Լազարյան ճեմարանի նշանակությունը հայոց պատմության հոլովույթում։ Լազարյան ճեմարանը անփոխարինելի դեր է ունեցել ոչ միայն կրթական համակարգի ձևավորման, այլև ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում։ Ճեմարանը ժամանակի մեջ դարձավ արևելահայ իրականության ամենաազդեցիկ մշակութային և գիտական կենտրոններից մեկը։ Քննելով տվյալ ժամանակահատվածի համատեքստում կրթական այս հաստատության պատմական նշանակությունը, միաժամանակ պիտի արձանագրենք, որ այն միակն էր տարածաշրջանում՝ որպես հայության համար ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման հզոր պատվար»,- նշեց Ռուզան Առաքելյանը։
Հատկանշական է, որ ճեմարանն ունեցել է նաև միջազգային լայն ընդգրկում. տարբեր տարիների այստեղ ուսանել են այլազգիներ՝ սովորելով արևելյան լեզուներ, պատմություն ու մշակույթ՝ դառնալով արևելագիտության փորձառու մասնագետներ:
Այսպիսով, Լազարյան ճեմարանի թողած անգնահատելի վաստակի վերարժևորումը ոչ միայն հարգանքի տուրք է մեր պատմությանն ու մեծերին, այլև փայլուն կամուրջ՝ անցյալի հարուստ ավանդույթներով ապագայի կրթական ու մշակութային նոր հորիզոններ կերտելու համար։






