Ս.թ. սեպտեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ, դոկտոր Սուհայլան Մունզեր Ալ-Ջուբուրիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՊՀ արաբագիտության ամբիոնի և Իրաքի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ակադեմիական, գիտական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարները: Հատուկ անդրադարձ է կատարվել համատեղ կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը, դասախոսական ու ուսանողական փոխանակման ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններին:
Քննարկման առանցքային թեմաներից է եղել ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողների ներգրավվածությունը Իրաքի կառավարության նախաձեռնած «Ուսումնառություն Իրաքում» («Study in Iraq») կրթական ծրագրին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ ուսանողների համար նախատեսվում է հատկացնել ուսումնական 10 տեղ, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի նրանց՝ ուսումնառությունը շարունակելու Իրաքի բուհերում, խորացնելու արաբերենի հմտությունները և անմիջականորեն ծանոթանալու երկրի հարուստ մշակույթին, պատմությանն ու ակադեմիական միջավայրին:
Արաբագիտության ամբիոնը կարևորում է միջազգային գործընկերների հետ կապերի ակտիվացումը, ինչը էապես նպաստում է ապագա արաբագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու ուսումնական գործընթացի արդյունավետությանը:



