ԵՊՀ արաբագիտության ամբիոնի Արամ Տեր-Ղևոնդյանի անվան ընթերցասրահում տեղի է ունեցել ամբիոնի երկարամյա և վաստակաշատ դասախոս, անվանի արաբագետ Սեդա (Սոնյա) Օդաբաշյանի (1922–2016) անձնական գրքերի ֆոնդի բացման հանդիսավոր միջոցառումը։
Նորաբաց ֆոնդում ընդգրկված է Սեդա Օդաբաշյանի անձնական հարուստ գրադարանի արաբագիտության ոլորտի մասնագիտական գրականությունը, այդ թվում՝ բացառիկ, արժեքավոր և հազվագյուտ հրատարակություններ, որոնք լուսաբանում են արաբական գրականության պատմության ամենատարբեր ժամանակաշրջանները: Այս ֆոնդի ստեղծումը կարևոր քայլ է վաստակաշատ մասնագետի երկարամյա գիտամանկավարժական գործունեությանն առնչվող գրական հարուստ ժառանգությունը պահպանելու, ինչպես նաև ուսանողների ու հետազոտողների համար ակադեմիական ակտիվ շրջանառության մեջ ներառելու ուղղությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև վաստակաշատ դասախոսի գործընկերներն ու սաները: Հանդիպման ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչները ջերմությամբ են հիշել Սեդա Օդաբաշյանին և պատմել նրա մասնագիտական վաստակի, մանկավարժական մեծ փորձի և մարդկային վառ կերպարի մասին հուշեր՝ հատուկ ընդգծելով գիտնականի անգնահատելի ներդրումը հայ արաբագիտական դպրոցի ձևավորման ու զարգացման գործում։
Սեդա Օդաբաշյանի անվան ֆոնդի հիմնումն ունի ոչ միայն գրական-գիտական, այլև ինստիտուցիոնալ նշանակություն։ Այն լավագույնս նպաստում է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի գիտակրթական ավանդույթների պահպանմանը, սերունդների միջև մասնագիտական կապի ու շարունակականության ապահովմանը, ինչպես նաև համալսարանական հիշողության ամրապնդմանը:



