«Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա «Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով միջոցառում:
Հանդիպման շրջանակում կվերլուծվի արհեստական բանականության (ԱԲ) կառավարման ազդեցությունը ինչպես նորագույն տեխնոլոգիաների ձևավորման, այնպես էլ կրթական համակարգի և մասնագիտական հմտությունների հետագա զարգացման միտումների վրա:
Կքննարկվեն տվյալների կառավարման և պաշտպանության, կիբեռանվտանգության, հաշվետվողականության և չափորոշիչների սահմանման հիմնախնդիրները: Տվյալ համատեքստում անդրադարձ կարվի նաև բուհերի դերակատարությանը՝ ապագա մասնագետներին՝ ԱԲ-ն պատասխանատու կիրառելու, հնարավոր ռիսկերը կառավարելու և շարունակական նորարարությունների խթանման գործընթացներում նախապատրաստելու տեսանկյուններից: