ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» («Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը») խորագրով գրքի անդրանիկ շնորհանդեսը, որին ներկա էին նաև գրքի համահեղինակներն ու խմբագիրները՝ Շվեդիայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկի՝ Լունդի համալսարանի պրոֆեսորներ Մարիա Սմաբերգը և Սվանտե Լունդգրենը:
Գիրքը պատմում է սկանդինավցի երեք կին միսիոներների մասին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայ կանանց ու երեխաներին օգնելու նվիրական գործին: Ականատես լինելով 1915 թ. Հայոց ցեղասպանության արհավիրքներին՝ նրանք հաջորդող տասնամյակների ընթացքում շարունակեցին իրենց աշխատանքը հայ գաղթականների հետ Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում և Հայկական ԽՍՀ-ում:
Զանգվածային բռնությունների պայմաններում այս կանայք ստիպված եղան զարգացնել լրացուցիչ հմտություններ և ստանձնել ավելի լայնածավալ պարտավորություններ, քան այն, ինչի համար նախապես պատրաստվել էին՝ դառնալով Մերձավոր Արևելքում հայ փախստականներին աջակցող միջազգային հումանիտար ցանցի առանցքային մասը:
Աշխատությունը ներկայացնում է նրանց պատմությունը և ուսումնասիրում օգնության աշխատանքի միջազգային, կրոնական ու գենդերային ասպեկտները, հումանիտարիզմում առկա կրոնական շարժառիթներն ու միսիոներական պրակտիկաները, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում կանանց՝ որպես զոհի և գործող անձի դերերը:
Շնորհանդեսի բացման խոսքում Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը կարևորեց գրքի նշանակությունն ու այն հանրությանը ներկայացնելը թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ հումանիստական տեսանկյուններից: Նա ընդգծեց, որ աշխատությունը բարձրարժեք է ինչպես որպես գիտական հետազոտություն, այնպես էլ որպես մարդկային բարձր որակների մասին պատմող կարևոր վավերագրություն:
Գրքի հեղինակները հակիրճ ներկայացրին աշխատանքի ստեղծման պատմությունը, գաղափարի ծագումն ու բովանդակությունը:
Միջոցառումը վարում էր Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Վարուժան Գեղամյանը, որի միջնորդությամբ էլ ծավալվեց ակտիվ քննարկում: Շնորհանդեսի ներկաները, դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու հյուրերին:
Հավելենք, որ «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» գիրքը (edited volume) հրատարակվել է 2026 թվականի հունիսին՝ աշխարհի առաջատար գիտական հրատարակչությունների՝ Լունդի համալսարանի (Lund University Press) և Մանչեստերի համալսարանի (Manchester University Press) կողմից:





