Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:50-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայ գրականության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ճանապարհորդական նոթերից մինչև պատմական վավերագրություն․ հայ ժողովուրդը և գերմանական ուղեգրությունները» թեմայով բանախոսություն, որի շրջանակում կներկայացվեն տարբեր ժամանակներում հայկական միջավայրում եղած գերմանացի և ավստրիացի ճանապարհորդների ու հետազոտողների այն ուղեգրությունները, որոնք առանցքային արժեք ունեն հայագիտության տարբեր հարցերի բացահայտման տեսանկյունից:
Հատկապես 19-րդ դարում Կովկասը եվրոպացի հետազոտողների ուշադրության կենտրոնում էր: Հերման Աբիխը, Ֆրիդրիխ Բոդենշտետը, Մորից Վագները, Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը և ուրիշներ ուսումնասիրություններ կատարելու նպատակով այցելում էին Կովկաս: Որպես ժամանակի կրթված և լուսավոր անձնավորություն՝ եվրոպացի ճանապարհորդների և ուսումնասիրողների ուղեկից-թարգմանիչն էր հայ նշանավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Դասախոսության ընթացքում անդրադարձ կարվի ներկայացված ուղեգրություններին՝ որպես հայոց պատմության, մշակույթի ուսումնասիրության կարևորագույն և արժեքավոր սկզբնաղբյուրների: