ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հետ համատեղ վերսկսում է հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Եթե հավատում ես, որ սովորելն ավարտ չունի, եթե ցանկանում ես բացահայտել հայկական բանահյուսության և ժամանակակից հրաշապատում արձակի կապերը, եթե ցանկանում ես բացահայտել արձակագրի քո թաքնված տաղանդը, ապա լրացրո՛ւ մասնակցության հայտը մինչև հոկտեմբերի 27-ը։
Մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք (պարտադիր չէ լինել ԵՊՀ ուսանող կամ դասախոս):
Նվազագույն նախնական գիտելիքներ ու հմտություններ չեն պահանջվում:
Ի՞նչ է սպասվում.
Վեց աշխատարանից բաղկացած հանդիպումների շարք՝ նոյեմբերի 3 – դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին։
Գործնական վարժանքների ու առաջադրանքների կատարում (այդ թվում՝ տանը՝ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում), քննարկումներ և բանախոսություններ:
Մասնակիցների կողմից հրաշապատում տեքստերի ստեղծում և դրանց ներկայացում-քննարկում:
Աշխատարանների թեմաներն են.
Եզրային և ժանրային խնդիրներ. հեքիաթ, առասպել, հրաշավեպ, հրաշապատում, ֆենթեզի:
«Լինում է, չի լինում». հնարավոր, զուգահեռ, «այլ» աշխարհներ:
Գերբնական անձնակազմ. հրեղեն ոգիներ, «արտակարգ էություններ», կերպարանափոխ արարածներ:
Հրաշապատում ժանրերի պոետիկան. սկսվածքներ և վերջաբաններ, այլ բանաձևեր: Բարու հաղթանակը՝ որպես հեքիաթի և հրաշավեպի ժանրային պայման։
Այլաշխարհիկ կենցաղ. հագուստ, կերակուր, համեր և բույրեր:
Հրաշապատում երկերի հեղինակի և հասցեատիրոջ մասին, թարգմանական խնդիրներ. ինչպե՞ս թարգմանել գերբնականը:
Հայտերի գնահատման արդյունքում ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հանդիպումների վայրի մասին:
Քանի որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք լրացնել հայտը միայն այն պարագայում, եթե համոզված եք, որ մասնակցելու եք բոլոր հանդիպումներին և պատրաստ եք կատարելու վարժանքներն ու առաջադրանքները:
Մասնակցության հայտը՝ այստեղ։