ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Չուբարյանն ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին նշել է իր ծննդյան 80-ամյա հոբելյանը:
Պրոֆեսոր Անահիտ Չուբարյանի՝ մասնագիտական, գիտահետազոտական և գիտամանկավարժական ավելի քան կեսդարյա գործունեությունը սերտորեն կապված է Երևանի պետական համալսարանի հետ։ 1969 թվականին ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1972 թվականից աշխատանքի անցել համալսարանում: Նա նշանակալի ներդրում է ունեցել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման, բարձրագույն կրթության կազմակերպման ու գիտական կադրերի պատրաստման գործում։
Ա. Չուբարյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են տրամաբանական և մաթեմատիկատրամաբանական ֆորմալ համակարգերի կառուցվածքային ու քանակական բնութագրիչների ուսումնասիրությունը։ Նա ավելի քան 100 գիտական աշխատությունների, միջազգային հրատարակություններում լույս տեսած մենագրությունների համահեղինակ է, ինչպես նաև վեց ուսումնական ձեռնարկների հեղինակ։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական ութ ատենախոսություն՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների մասնագիտական կայացմանն ու գիտական դպրոցի զարգացմանը։
Պրոֆեսոր Ա. Չուբարյանի գործունեությունը ներառում է նաև բուհական կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման կարևոր ուղղություններ։ 1979–1986 թվականներին զբաղեցրել է ֆակուլտետի դեկանի տեղակալի, իսկ 1986–1991 թվականներին՝ Համակարգերի տեսության ամբիոնի վարիչի պաշտոնները՝ մասնակցելով ֆակուլտետի կազմակերպչական և գիտակրթական աշխատանքի զարգացմանը։ Երկար տարիներ ղեկավարելով ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մեթոդական խորհուրդը՝ նա հետևողական աշխատանք է ծավալել ուսումնական գործընթացի կատարելագործման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ։
2014 թվականին Ա. Չուբարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում, ինչը վերջինիս մանկավարժական բազմամյա վաստակի ճանաչումն էր: