ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում hոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ ամփոփվեց իտալերենին, իտալական հարուստ մշակույթին և հայ-իտալական ակադեմիական համագործակցությանը նվիրված Իտալերենի համաշխարհային XXVI շաբաթը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 12-ին։
«Հանճարեղ լեզու. մտածել, նախագծել, ստեղծել իտալերենով» խորագրով միջոցառումների շարքը ևս մեկ անգամ ընդգծեց իտալերենի՝ որպես մշակույթի, գիտելիքի և ստեղծագործական մտքի լեզվի կարևորությունը՝ նպաստելով հայ-իտալական կրթական և մշակութային կապերի ամրապնդմանը։ ԵՊՀ այցելեցին և ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին Պերուջայի օտարերկրացիների համալսարանի պատվիրակությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառման շրջանակում դասախոսություններով հանդես եկան Պերուջայի օտարերկրացիների համալսարանի պրոֆեսորներ Սաբրինա Ստրոպպան և Ռոբերտո Վետրունյոն:
Պերուջայի օտարերկրացիների համալսարանի փաստաթղթային, մատենագիտական և պատմամշակութային ժառանգության հարցերով ռեկտորի պատվիրակ, իտալական լեզվաբանության դասախոս Ռոբերտո Վետրունյոն ներկայացրեց Պերուջայի օտարերկրացիների համալսարանի պատմությունը և պատմական արխիվը՝ անդրադառնալով բուհի՝ աշխարհի տարբեր երկրների ուսանողների համար բաց լինելու ավանդույթին։ Իր ելույթում նա անդրադարձավ նաև համալսարանում սովորած առաջին հայ ուսանողներին վերաբերող պատմական փաստաթղթերին և գրանցման քարտերին, որոնք կարևոր սկզբնաղբյուր են հայ-իտալական կրթական կապերի պատմության ուսումնասիրության համար։
Իտալական գրականության պրոֆեսոր, Աշխարհում իտալերենի, գրականության և արվեստի դեպարտամենտի վարիչ, «Petrarchesca» միջազգային գիտական հանդեսի համախմբագիր, պրոֆեսոր Սաբրինա Ստրոպպայի դասախոսությունը նվիրված էր իտալական պոեզիայի լեզվին և բնապատկերների ու քաղաքային տարածքների գեղարվեստական ներկայացմանը։ «Դանթեից մինչև Ումբերտո Ֆիորի» թեմատիկ ընդգրկմամբ նա ներկայացրեց, թե ինչպես են իտալացի բանաստեղծները լեզվական և գեղարվեստական միջոցներով արտահայտել տարածության ընկալումը, բնության ու քաղաքի պատկերները և դրանցում ամփոփված մշակութային նրբիմաստները։
Իտալերենի համաշխարհային XXVI շաբաթվա փակման արարողությանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը նշեց, որ երկու դասախոսություններն էլ հնարավորություն տվեցին ուսանողներին ավելի խորությամբ ծանոթանալու իտալական լեզվամշակութային ժառանգությանը պատմական, լեզվաբանական և գրականագիտական տեսանկյուններից։
Իտալերենի շաբաթվա անցկացումը ԵՊՀ-ում բնորոշելով որպես կարևոր ավանդույթ՝ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը շեշտեց, որ այն ամրապնդում է իտալերենի և իտալական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում՝ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով գիտակրթական համագործակցության համար։ Իսկ ԵՊՀ-ի և Պերուջայի օտարերկրացիների համալսարանի միջև ձևավորված կապերը նպաստում են երկու երկրների ակադեմիական համայնքների համագործակցության ամրապնդմանը և իտալերենի ու իտալական մշակույթի տարածմանը։
Եզրափակիչ միջոցառումը դարձավ ոչ միայն իրականացված ծրագրի ամփոփումը, այլև հայ-իտալական կրթական և մշակութային համագործակցության շարունակական զարգացման կարևոր խորհրդանիշ։