November 09, 2026 | 11:54
Գիտություն
Կրթություն
Գիտությունը՝ ապագայի լեզու․ ԵՊՀ-ում անցկացվել են «Ապագայի գիտնականներ» միջազգային ծրագրի դասախոսությունները
Ինչպե՞ս է լեզվաբանությունը փոխվում թվային դարաշրջանում, ի՞նչ ճանապարհ է անցնում մոլեկուլը՝ դեղամիջոց դառնալու համար, և ինչպե՞ս կարող են կենսատեխնոլոգիաներն օգնել ոչ միայն բժշկությանը, այլև տիեզերքի ուսումնասիրմանը։ Այս և այլ հարցերի էին նվիրված «Ապագայի գիտնականներ» միջազգային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում կազմակերպված դասախոսությունները, որոնք մեկտեղել էին գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին և երիտասարդ ունկնդիրներին։
Գիտությունը միայն լաբորատոր փորձերի, բարդ բանաձևերի կամ մասնագիտական գրականության ամբողջություն չէ։ Այն նախևառաջ հարցեր տալու, երևույթներին նոր տեսանկյունից նայելու և դեռևս չբացահայտված հնարավորությունները որոնելու մշակույթ է։ Հենց այս գաղափարն է միավորում «Ապագայի գիտնականներ» ծրագրի շրջանակում կազմակերպված դասախոսությունները, որոնց ընթացքում ԵՊՀ տարբեր կրթական ստորաբաժանումներում ներկայացվեցին գիտական հետազոտությունների արդի ուղղություններն ու դրանց գործնական նշանակությունը։
Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի մասնակցությամբ իրականացվող ծրագրի առանձնահատկություններից մեկն առաջին հայացքից միմյանցից հեռու թվացող ոլորտների՝ լեզվաբանության, գրականագիտության, քիմիայի, կենսաբանության և դեղագիտության միավորումն է գիտական երկխոսության շրջանակում։ Յուրաքանչյուր դասախոսություն հնարավորություն է ոչ միայն ծանոթանալու տվյալ ոլորտի մասնագիտական խնդիրներին, այլև հասկանալու, թե ինչպես է գիտական միտքը զարգանում ժամանակակից աշխարհում։
Լեզուն, գրականությունն ու ժամանակակից հետազոտությունները
Ինչպե՞ս է թվային դարաշրջանը փոխում լեզվաբանական հետազոտությունների մեթոդները, ինչպե՞ս է ձևավորվել Պուշկինի ստեղծագործության շուրջ գիտական ուսումնասիրությունների մի ամբողջ ուղղություն, և ի՞նչ փոփոխությունների միջով է անցնում ժամանակակից ռուսերենը։
Այս և նմանօրինակ հարցերն էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում կայացած դասախոսությունների առանցքում։ Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու և բառարանագիր Ալեքսանդրա Օլխովսկայան ներկայացրեց կորպուսային լեզվաբանության հնարավորությունները։ Բանասեր, գրականագետ, «Պուշկինյան նախագծեր»-ի ղեկավար Էլմիրա Աֆանասևան անդրադարձավ Պուշկինի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտական ուսումնասիրությունների պատմությանը, իսկ դոցենտ Անդրեյ Շչերբակովը խոսեց ռուսաց լեզվում ընթացող փոփոխությունների մասին՝ հնչյունաբանությունից մինչև ոճաբանություն։
Կենդանի համակարգերի ուսումնասիրություն՝ մոլեկուլից մինչև կենսոլորտ
Կենսատեխնոլոգիաների կիրառության շրջանակն այսօր շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Բժշկությո՞ւն, էկոլո՞գիա, արդյունաբերությո՞ւն, թե՞ նույնիսկ տիեզերքի ուսումնասիրություն։
Քիմիայի ֆակուլտետում քիմիական գիտությունների թեկնածու Իրինա Լե-Դեյգենը ներկայացրեց կենսատեխնոլոգիաների բազմաբնույթ կիրառությունները՝ բացահայտելով դրանց դերը տարբեր ոլորտներում։ Իսկ Կենսաբանության ֆակուլտետում կենսաբանական և գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, հողագիտության մասնագետ Վլադիմիր Խոլոդովի ուշադրության կենտրոնում բնական օրգանական նյութն էր՝ դրա մոլեկուլային կառուցվածքը և նշանակությունը կենսոլորտում ու կլիմայական գործընթացներում։
Դեղագործության նոր հեռանկարները
Դեղամիջոցի ստեղծումը բազմափուլ գիտական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր նշանակություն ունի։ Ֆարմացիայի ինստիտուտում քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վադիմ Նեգրեբեցկին «Մոլեկուլից մինչև դեղամիջոց. ստեղծման փուլերը» թեմայով դասախոսության ընթացքում ներկայացրեց դեղամիջոցի ստեղծման փուլերն ու այդ գործընթացի գիտական հիմքերը։ Իսկ Իրինա Լե-Դեյգենն անդրադարձավ բժշկության մեջ նանոտեխնոլոգիաների կիրառությանը, մասնավորապես դեղանյութերի նպատակային հասցման հնարավորություններին։
Գիտության տարբեր ոլորտներին նվիրված դասախոսությունները ցույց տվեցին, որ բացահայտումների ճանապարհը սկսվում է հետաքրքրությունից, իսկ նորարարությունները՝ գիտելիքի և համարձակ հարցադրումների համադրումից։
«Ապագայի գիտնականներ» ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս դուրս գալու մասնագիտական սովորական շրջանակներից, բացահայտելու գիտության նոր ուղղություններ և միջազգային փորձի միջոցով ընդլայնելու գիտության ու դրա ապագայի մասին սեփական պատկերացումները։






