November 10, 2026 | 16:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Բնության թաքնված դեղաբանական ներուժը․ ԵՊՀ-ում կայացել է պրոֆեսոր Արա Կիրակոսյանի դասախոսությունը
Դեղերի հայտնաբերման ավանդական մոտեցումները վերանայման անհրաժեշտություն ունեն. որո՞նք են «մեկ դեղ՝ մեկ թիրախ» հայեցակարգի սահմանափակումները, և ինչպե՞ս են բույսերը դիմակայում ախտածին միկրոօրգանիզմներին։ Այս և բնական դեղաբանության մի շարք չբացահայտված գաղտնիքների մասին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում պատմել է գիտնական, ԱՄՆ «Pure Green Pharmaceuticals» ընկերության գլխավոր գիտական տնօրեն, պրոֆեսոր Արա Կիրակոսյանը։
ԵՊՀ շրջանավարտ Արա Կիրակոսյանը դասախոսության ընթացքում ներկայացրել է բնական աղբյուրներից կենսաբանական ակտիվ միացությունների ստացման, դրանց ուսումնասիրման և դեղագործության մեջ կիրառման արդի խնդիրները:
Դեղագործության նոր մարտահրավերները և բնության «ինտելեկտը»
Բանախոսը նշել է, որ, չնայած ժամանակակից դեղերի զգալի մասն ունի բնական ծագում, նոր դեղանյութերի հայտնաբերման գործընթացում առկա են լուրջ մարտահրավերներ։ Մասնավորապես, ավանդական «մեկ դեղ՝ մեկ թիրախ» մոտեցումը միշտ չէ, որ արդյունավետ է:
Նրա խոսքով՝ բույսերն ունեն միկրոօրգանիզմներից պաշտպանվելու իրենց մեխանիզմները, իսկ բուսական բազմաթիվ միացություններ ցուցաբերում են հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաքաղցկեղային և հակաօքսիդանտային ակտիվություն:
«Այն, ինչ ցանկանում եմ այստեղ ընդգծել, հետևյալն է. թեև բազմաթիվ բուսաքիմիական նյութեր ցուցաբերում են հակամանրէային ակտիվություն, դրանցից և ոչ մեկը չի մշակվել որպես գրանցված հակաբիոտիկ: Դա փաստ է»,- ընդգծել է Արա Կիրակոսյանը։
Ֆունկցիոնալ մետաբոլոմիքս և բնական լուծիչներ (NADES)
Դասախոսության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ֆունկցիոնալ մետաբոլոմիքսի (Functional Metabolomics) և ցանցային դեղաբանության (Network Pharmacology) կիրառմանը, որոնք օգնում են բացահայտելու բույսերում առկա քիմիական բարդ համակարգերն ու դրանց կենսաբանական ազդեցության մեխանիզմները:
Պրոֆեսորը ներկայացրել է նաև բնական խոր էվուտեկտիկ լուծիչների (NADES) ուսումնասիրման փորձը: Այս համակարգերը, ձևավորվելով առաջնային մետաբոլիտների՝ շաքարների, օրգանական թթուների և ամինաթթուների՝ որոշակի մոլային հարաբերակցությունից, ունակ են լուծույթի մեջ պահելու և պաշտպանելու բույսերի կենսաբանական ակտիվ նյութերը:
NADES-ների կիրառումը նոր հնարավորություններ է բացում «կանաչ» քիմիայի և բնական պատրաստուկների արդյունավետ կորզման (էքստրակցիայի) համար: Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անհատականացված բժշկության (Personalized Medicine) զարգացման հեռանկարներին:
Գիտական համագործակցության ընդլայնում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների, հետազոտողների և դասախոսների մասնակցությամբ անցկացված հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։ Քննարկվել են համատեղ հետազոտությունների, երիտասարդ գիտնականների ներգրավման և միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Բնությունը դեռ չբացահայտված բազմաթիվ գաղտնիքներ ունի, իսկ դրանց բացահայտման բանալին կարող են դառնալ հենց նման միջգիտակարգային ու նորարարական հետազոտությունները:



