November 18, 2026 | 15:26
Գիտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն
Հայագիտությունը՝ միջազգային գիտական հարթակում. ԵՊՀ-ում ներկայացվել է Հայաստանին նվիրված «Danubius» ամսագրի հատուկ համարը
Երևանի պետական համալսարանում ներկայացվել է ռումինական «Danubius» գիտական ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարը, որտեղ ընդգրկված են բացառապես ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողների հոդվածները։ Միջոցառման ընթացքում ամփոփվել են հայ-ռումինական գիտական համագործակցության արդյունքները և քննարկվել համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարները։
ԵՊՀ-ում կայացած միջոցառմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, Ռումինիայի Գալացի «Դունըրեա դե Ժոս» համալսարանի արևելաեվրոպական պատմական և սոցիալ-մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջորջե Էնակեն, Գալացի պատմության թանգարանի տնօրեն և «Danubius» ամսագրի գլխավոր խմբագիր Քրիստիան Կըլդըրարուն, գիտնականներ, հետազոտողներ և հյուրեր։
Հանդիպման գլխավոր առիթը «Danubius» ամսագրի հատուկ համարի տպագիր օրինակների պաշտոնական ներկայացումն էր։ Հրատարակության մեջ տեղ են գտել ԵՊՀ հետազոտողների գրախոսվող գիտական հոդվածները՝ նվիրված Հայաստանի պատմությանը, մշակութային ժառանգությանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարաբերություններին։ Ամսագրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ առանձին հատորն ամբողջությամբ նվիրվել է մեկ երկրի գիտնականների աշխատանքներին։
«Հայագիտությունը պետք է դուրս բերենք Հայաստանի սահմաններից»
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ռումինացի գործընկերներին, կարևորել է հայագիտության միջազգային ներկայության ընդլայնումը՝ այն դիտարկելով որպես համալսարանի գիտական և միջազգային համագործակցության զարգացման կարևոր ուղղություն։
Ռեկտորն ընդգծել է, որ հայագիտության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն շարունակել ուսումնասիրել և պահպանել հայկական պատմամշակութային ժառանգությունը, այլև այդ գիտելիքը ներկայացնել միջազգային ակադեմիական հանրությանը՝ Հայաստանը դարձնելով գիտական երկխոսության ակտիվ մասնակից։
«Մենք պետք է հայագիտությունը դուրս բերենք զուտ Հայաստանի տեղական շրջանակներից և գնանք Հայաստանի սահմաններից դուրս՝ աշխարհին սովորեցնելու, ինչպես նաև ցույց տալու մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր ինքնությունը և բազմաթիվ ավանդույթներն ու մյուս արժեքները, որոնք մենք ունենք»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Այս համատեքստում ռեկտորն առանձնահատուկ նշանակություն է տվել «Danubius» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի հրատարակությանը։ Նրա գնահատմամբ՝ անգլերենով հրապարակված գիտական ուսումնասիրությունները հնարավորություն են ստեղծում Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնելու միջազգային ընթերցողին՝ ընդլայնելով հայագիտական հետազոտությունների հասանելիությունը։
Անդրադառնալով հայ-ռումինական պատմական կապերին՝ Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրել է Գալացի կարևոր դերակատարությունը հայկական համայնքների և առևտրային հարաբերությունների պատմության մեջ։ Ռեկտորի խոսքով՝ այսօր համալսարանների և գիտական հաստատությունների համագործակցությամբ նոր բովանդակություն են ստանում դարերի ընթացքում ձևավորված այդ կապերը։
Նա հույս է հայտնել, որ Գալացի համալսարանի և թանգարանի հետ գործընկերությունը կշարունակի զարգանալ՝ դուրս գալով մեկ գիտական հրատարակության շրջանակից և ընդգրկելով հետազոտական նոր թեմաներ ու համագործակցության ուղղություններ։
Գիտական համագործակցության արդյունքները՝ միջազգային գիտաժողովից մինչև հատուկ հրատարակություն
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է ռումինացի գործընկերների հետ կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները՝ կարևորելով հատկապես «Danubius» ամսագրի հատուկ համարի հրատարակությունն ու Գալացում անցկացված միջազգային գիտաժողովին ԵՊՀ հետազոտողների մասնակցությունը։
Նա նշել է, որ այս երկու նախաձեռնությունները կարևոր հանգրվան են ինստիտուտի միջազգային գիտական համագործակցության զարգացման ճանապարհին և վկայում են հայագիտական ուսումնասիրությունների նկատմամբ միջազգային ակադեմիական հետաքրքրության մասին։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հոկտեմբերի 29-30-ը Ռումինիայի Գալաց քաղաքում անցկացված «Պատմություն, հոգևորություն, մշակույթ. երկխոսություն և փոխգործակցություն» 12-րդ միջազգային գիտաժողովի պաշտոնական համակազմակերպիչն էր և գլխավոր միջազգային գործընկերը։
Գիտաժողովը համախմբել է 134 գիտնականի և հետազոտողի՝ 10 երկրից։ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ներկայացրել են 19 գիտնականներ՝ կազմելով ամենամեծ արտասահմանյան պատվիրակությունը։
ԵՊՀ հետազոտողների զեկուցումներն ընդգրկել են պատմության, մշակութային ժառանգության, միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության տարբեր ուղղություններ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին, Իրան-Թուրքիա տարածաշրջանային մրցակցությանը, մատակարարման շղթաների լոգիստիկ խնդիրներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հարմարվողականության քաղաքականությանը, Հայոց թագավորության վերականգնմանը 9-րդ դարում, հայկական որդան կարմիրի պատմամշակութային նշանակությանը և Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությանը։
Վահրամ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ռումինացի գործընկերներին, մասնավորապես՝ պրոֆեսոր Ջորջե Էնակեին և «Danubius» ամսագրի գլխավոր խմբագիր Քրիստիան Կըլդըրարուին՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման և գիտական գործընկերության զարգացման գործում ունեցած ներդրման համար։
«Danubius»-ի հայկական հատուկ համարը և համագործակցության նոր հեռանկարները
Գալացի պատմության թանգարանի տնօրեն, «Danubius» ամսագրի գլխավոր խմբագիր Քրիստիան Կըլդըրարուն ներկայացրել է թանգարանի և գիտական հրատարակության պատմությունը՝ անդրադառնալով նաև Գալացի հայկական պատմական ժառանգությանը։
Նրա խոսքով՝ թանգարանի հավաքածուների ձևավորման գործում կարևոր դեր է ունեցել ռումինացի պատմաբան և լեզվաբան Վասիլե Ալեքսանդրեսկու-Ուրեկիան, որի հավաքածուն ներառել է շուրջ 6000 պատմական փաստաթուղթ և գիրք, այդ թվում՝ հայկական պատմությանն առնչվող նյութեր։
Քրիստիան Կըլդըրարուն նշել է, որ «Danubius» ամսագիրը հիմնադրվել է 1966 թվականին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար հրատարակվում է։ Այն ընդգրկված է միջազգային գիտական շտեմարաններում, այդ թվում՝ Scopus, EBSCO, CEEOL և ERIH PLUS։
Գլխավոր խմբագիրը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանին նվիրված համարի ձևավորմանը։ Դրա համար մշակվել է առանձին շապիկ, որի գունային լուծումը ոգեշնչված է նռան գույնից՝ որպես հայկական մշակույթի խորհրդանիշ։ Նա տեղեկացրել է նաև, որ հայկական թողարկմամբ սկիզբ է դրվում եվրոպական տարբեր երկրների գիտնականներին նվիրված հատուկ համարների շարքին։
Գալացի համալսարանի պրոֆեսոր Ջորջե Էնակեն իր հերթին ընդգծել է Հայաստանի, հայոց պատմության և մշակույթի հանդեպ իր երկարամյա հետաքրքրությունը՝ նշելով, որ տարիներ առաջ ցանկություն է ունեցել գիտական կամուրջ ստեղծելու իր ֆակուլտետի և Երևանի պետական համալսարանի միջև։ Այսօր այդ համագործակցությունն արդեն արտահայտվում է համատեղ գիտաժողովներով և հրատարակություններով։
Անդրադառնալով «Danubius»-ի հատուկ համարում հրապարակված ուսումնասիրություններին՝ պրոֆեսորը նշել է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդվածները հետաքրքրություն են առաջացրել նաև Գալացի տեղական իշխանությունների շրջանում։ Նրա գնահատմամբ՝ այդ հետազոտությունները կարող են օգտակար լինել տարածաշրջանային տնտեսական կապերի, նոր առևտրային ուղիների և սևծովյան տարածաշրջանում համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության համար։
Ջորջե Էնակեն կարևորել է ԵՊՀ դերակատարությունը տարածաշրջանային հետազոտություններում և համալսարանի հետազոտողներին հրավիրել շարունակելու մասնակցությունը Գալացում կազմակերպվող գիտաժողովներին ու ներկայացնելու նոր հրապարակումներ «Danubius» ամսագրում։
Նա անդրադարձել է նաև ուսանողական փոխանակումների հնարավորությանը՝ ցանկություն հայտնելով, որ ԵՊՀ ուսանողները այցելեն Գալաց և հարևան Բրեիլա քաղաքներ՝ ուսումնասիրելու տեղի հայկական համայնքների հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
Ռումինացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի, ակադեմիական փոխանակումների և միջգիտակարգային հրապարակումների շրջանակում։
Միջոցառման ավարտին Գալացում անցկացված միջազգային գիտաժողովին մասնակցած ԵՊՀ հետազոտողներին հանձնվել են երախտագիտության հավաստագրեր։
Հայաստանին նվիրված «Danubius» ամսագրի հատուկ համարի հրատարակությունն ու միջազգային գիտաժողովին ԵՊՀ գիտնականների մասնակցությունը հայ-ռումինական ակադեմիական համագործակցության գործնական արդյունքներն են՝ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով հայագիտական հետազոտությունների միջազգային տարածման և գիտական գործընկերությունների ընդլայնման համար։