November 19, 2026 | 12:00
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջոցառումներ
Իմաստների ներդաշնակում. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 35-ամյակին
Տարբեր լեզուներ՝ մեկ ընդհանուր իմաստ և նպատակ. Երևանի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովը ձևավորել է լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության կարևոր հարթակ՝ միավորելով հայ և օտարերկրյա հետազոտողներին: ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության (ԵԼՀ) ֆակուլտետի 35-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը նպատակ ունի քննարկելու, թե ինչպես կարող է խոսքը լեզվաբանության ու հաղորդակցության դիտանկյունից դառնալ փոխըմբռնման ամենահզոր գործիքը ժամանակակից աշխարհում:
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի, Պյատիգորսկի պետական համալսարանի և Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ժամանակակից աշխարհում բազմախոսության կարևորությունը։
«Հայաստանն այսօր տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների յուրօրինակ խաչմերուկ է՝ նորարարական նվաճումներին զուգահեռելով լավագույն ավանդույթների պահպանումը: Ուշագրավ է, որ գիտաժողովի առանցքում ոչ միայն երկխոսությունն է, այլև բազմախոսությունը՝ շարունակական, բազմաձայն զրույցը, որտեղ որևէ առանձին տեսակետ չի գերիշխում, և որտեղ յուրաքանչյուր մշակույթ իր ներդրումն է ունենում ընդհանուր պատկերի մեջ։ Լեզվաբանությունը մեզ տալիս է վերլուծական գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես է կառուցվում իմաստը, իսկ հաղորդակցությունն ապահովում է գործիքներ՝ կարեկցանք ձևավորելու և սահմաններից անդին գիտելիք փոխանցելու համար»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ գիտաժողովը կդառնա կենսունակ հարթակ, որտեղ կերտվում են նոր գործընկերություններ, վերաիմաստավորվում հին գործակցությունները և ներդաշնակեցվում նոր իմաստներ:
Համաժողովի համակազմակերպիչ Պյատիգորսկի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գորբունովը տեսաուղերձով ողջունեց ներկաներին և շնորհավորեց գործընկեր բուհին՝ ԵԼՀ ֆակուլտետի 35-ամյակի առթիվ: Նա ընդգծեց, որ երկու համալսարանների համագործակցությունը հատում է գիտական շրջանակի սահմանները՝ վերածվելով մշակութային ու մարդկային ամուր կամրջի տարբեր երկրների միջև:
ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Կնյազյանն իր ելույթում անդրադարձավ ֆակուլտետի 35-ամյա անցած ուղուն, ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում լեզվի դերին և գիտաժողովի խորհրդին:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հատում է աշխարհագրական սահմանները, որտեղ թվային հաղորդակցությունը փոխում է մեր խոսելու, լսելու կերպը, իսկ արհեստական բանականությունը նոր հարցեր է առաջադրում լեզվի, իմաստի և մարդկային հաղորդակցության ոլորտներում։ Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, մի հարց մնում է անփոփոխ՝ արդյո՞ք մենք իսկապես հասկանում ենք միմյանց։ Կարելի է թարգմանել բառը, բայց արդյո՞ք միշտ է հնարավոր թարգմանել դրա տակ թաքնված հիշողությունը...»,- ընդգծեց նա։
ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ Սեդա Գասպարյանը շեշտեց, որ գիտական գիտելիքը չի կարող մեկուսացված լինել որևէ կոնկրետ գիտակարգի շրջանակում, քանի որ այն հոսուն է, դինամիկ և ներքուստ փոխկապակցված: Նրա խոսքով՝ լեզվաբանական տեսանկյունից դիտարկելիս իմաստի յուրաքանչյուր նրբերանգ ու համատեքստ բացահայտում է մարդկային մտածողությունն ու հասարակությունը: Գիտաժողովը կոչված է դառնալու մի հարթակ, որտեղ պատմության, լեզվաբանության, գրականագիտության և արվեստի ձեռքբերումները միավորվում են՝ ժամանակակից հաղորդակցության վերաբերյալ ամբողջական պատկերացում ձևավորելու համար:
Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև Պյատիգորսկի պետական համալսարանի օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արեգա Հակոբյանցը՝ կարևորելով երկու բուհերի 5-ամյա արդյունավետ գործընկերությունը: Նա շեշտեց, որ իմաստների ներդաշնակման կարևոր նախապայմաններից են դիպուկ խոսքը, փոխադարձ հարգանքն այլ լեզվի ու մշակույթի նկատմամբ և միմյանց լսելու պատրաստակամությունը:
Բացման արարողությանը հաջորդեց «Գրական նարատիվներ, մշակութային հիշողություն և միջմշակութային բազմախոսություն» խորագրով լիագումար նիստը, որտեղ զեկույցներ ներկայացրին գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից և Չեռնոգորիայից։
Երկօրյա գիտաժողովի ընթացքում աշխատանքները կընթանան վեց պանելային նիստերով, որոնց շրջանակում մասնակիցները կքննարկեն լեզվի համատեքստային ու տարաժամանակյա կառուցվածքներն ու միջլեզվական թարգմանության հարցերը, միջմշակութային և խաչաձև մշակութային հաղորդակցությունը, խոսքային ներգործության դինամիկան և պրագմատիկ ռազմավարությունները, ժամանակակից լեզվաբանության ճանաչողական-դիսկուրսիվ շրջանակները, դիսկուրսի, մշակույթի ու մեդիայի հեռանկարները, ինչպես նաև գենդերի և դիսկուրսի փոխկապակցվածությունը։ Միջոցառման շրջանակում ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել նաև գիտաժողովի ծրագիրն ու զեկուցումների թեզիսներն ամփոփող գիտական ժողովածու (գլխավոր խմբագիր՝ պրոֆեսոր Սեդա Գասպարյան)։
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը՝ նոյեմբերի 20-ին: Ամփոփիչ նիստին մասնակիցներին կհանձնվեն խորհրդանշական մրցանակներ՝ լավագույն հետազոտության, մշակութային կամուրջների կառուցման և գիտական ներդրման համար:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է հիբրիդային ձևաչափով (անցանց և առցանց) և աշխատանքային երեք լեզուներով (հայերեն, անգլերեն և ռուսերեն)։
Գիտական քննարկումների երկօրյա ծրագրից հետո՝ նոյեմբերի 21-ին, մասնակիցների և օտարերկրյա հյուրերի համար նախատեսված է նաև մշակութային հատուկ ծրագիր։