November 19, 2026 | 15:01
Գիտություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
«Ապագայի ռոբոտները պետք է ոչ թե փոխարինեն մարդուն, այլ ընդլայնեն նրա հնարավորությունները». աշխարհահռչակ տնտեսագետ Սունգ Վոն Սոնը՝ ԵՊՀ-ում
Կարո՞ղ են ռոբոտները փոխել աշխատանքի մեր պատկերացումները, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը և նույնիսկ լուծել համաշխարհային տնտեսության կարևորագույն խնդիրներից մի քանիսը։ Իսկ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունը դուրս գա համակարգչի էկրանից և սկսի գործել ֆիզիկական աշխարհում։ Այս հարցերն էին Երևանի պետական համալսարանում անցկացված հանրային դասախոսության առանցքում, որի բանախոսը միջազգային ճանաչում ունեցող կորեա-ամերիկացի տնտեսագետ, պրոֆեսոր Սունգ Վոն Սոնն էր։
ԵՊՀ-ում հյուրընկալված անվանի տնտեսագետը «Ֆիզիկական արհեստական բանականություն. երբ բանականությունը մարմին է ստանում» («Physical AI: When Intelligence Gets a Body») խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ռոբոտատեխնիկայի զարգացման հեռանկարները, դրա հնարավոր ազդեցությունը համաշխարհային տնտեսության, արտադրողականության և աշխատաշուկայի վրա։
Արհեստական բանականության հաջորդ քայլը. մտածելուց դեպի գործելը
Եթե վերջին տարիներին արհեստական բանականությունը սովորել է գրել, վերլուծել, պատասխանել հարցերին և մշակել հսկայական ծավալի տեղեկություն, ապա տեխնոլոգիական զարգացման հաջորդ կարևոր փուլը, ըստ Սունգ Վոն Սոնի, այդ կարողությունները ֆիզիկական աշխարհ տեղափոխելն է։
Պրոֆեսորի համոզմամբ՝ արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի համադրությունը կարող է դառնալ արտադրողականության աճի նոր շարժիչ ուժը՝ իր նշանակությամբ համեմատելի լինելով արդյունաբերական հեղափոխության հետ։
«Մեծ լեզվական մոդելներն ապահովում են ուղեղը, իսկ ռոբոտատեխնիկան՝ մարմինը։ Դրանք գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ»,- ընդգծեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ միայն տեղեկություն մշակող համակարգերը բավարար չեն տնտեսության արտադրողականության էական աճ ապահովելու համար։ Անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, որոնք կարող են ոչ միայն մտածել կամ առաջարկել լուծումներ, այլև կատարել ֆիզիկական գործողություններ՝ արտադրել, կառուցել, տեղափոխել, սպասարկել և աջակցել մարդկանց առօրյա գործունեության մեջ։
Բանախոսը հիշեցրեց, որ պատմության ընթացքում արտադրողականության զգալի աճը մշտապես պայմանավորված է եղել տեխնոլոգիական խոշոր փոփոխություններով։ Արդյունաբերական հեղափոխությունը, շոգեմեքենաների և էլեկտրականության տարածումը փոխել են ոչ միայն արտադրության կազմակերպումը, այլև մարդկանց կենսամակարդակը։
Այսօր, նրա գնահատմամբ, նմանատիպ վերափոխման ներուժ ունի ֆիզիկական արհեստական բանականությունը։
Ինչո՞ւ է ավելի բարդ ռոբոտին սովորեցնել խնձոր վերցնելը, քան տեքստ գրելը
Դասախոսության հետաքրքիր դրվագներից մեկը վերաբերում էր ռոբոտների ուսուցման առանձնահատկություններին։
Սունգ Վոն Սոնը բացատրեց, որ լեզվական մոդելների զարգացման համար անհրաժեշտ տեղեկության զգալի մասն արդեն գոյություն ունի թվային միջավայրում, մինչդեռ ռոբոտները պետք է սովորեն փոխազդել ֆիզիկական աշխարհի հետ, որտեղ յուրաքանչյուր շարժում ենթադրում է բազմաթիվ փոփոխականներ։
Օրինակ՝ խնձոր վերցնելու համար ռոբոտը պետք է կարողանա գնահատել առարկայի դիրքը, կիրառվող ուժը, մատների շարժման ճշգրտությունը և այն անվտանգ տեղափոխելու եղանակը։
Այդպիսի գործողությունները մարդու համար սովորական են, սակայն ռոբոտի համար պահանջում են մեծ ծավալի տվյալներ, ուսուցում և տեխնոլոգիական բարդ լուծումներ։
Տնտեսագետը ներկայացրեց ռոբոտատեխնիկայի զարգացման փուլերը՝ պարզ, կրկնվող գործողություններ կատարող արդյունաբերական ռոբոտներից մինչև տվիչներով, տեսողական համակարգերով և սովորելու կարողությամբ օժտված ժամանակակից սարքեր։
Նա անդրադարձավ նաև մարդանման ռոբոտների ստեղծման անհրաժեշտությանը։ Բանախոսի դիտարկմամբ՝ մարդկային միջավայրը՝ բնակարանները, աշխատատեղերը, կահույքն ու սարքավորումները, նախագծված են մարդու մարմնի կառուցվածքին համապատասխան։ Հետևաբար, մարդու հետ նույն տարածքում բազմազան գործողություններ կատարելու համար որոշ ռոբոտների մարդանման կառուցվածքը կարող է գործնական առավելություն լինել։
Ռոբոտներն ու աշխատանքի ապագան. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն
Դասախոսության կարևոր թեմաներից էր տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը զբաղվածության վրա։
Սունգ Վոն Սոնը նշեց, որ երիտասարդների շրջանում արհեստական բանականության պատճառով աշխատատեղերի կրճատման մտահոգությունը հասկանալի է, սակայն տեխնոլոգիական փոփոխությունները պետք չէ դիտարկել բացառապես մարդու աշխատանքը փոխարինելու տեսանկյունից։
Նրա գնահատմամբ՝ ռոբոտատեխնիկայի զարգացումը կարող է ստեղծել նոր մասնագիտություններ և զբաղվածության հնարավորություններ, հատկապես՝ տեխնոլոգիաների նախագծման, ծրագրավորման, սպասարկման և կառավարման ոլորտներում։
«Ես արհեստական բանականությունն ու ռոբոտատեխնիկան չեմ դիտարկում որպես մարդուն փոխարինող միջոցներ։ Դրանք մեզ ավելի արտադրողական են դարձնելու»,- ասաց պրոֆեսորը։
Նա առաջարկեց ապագայի աշխատաշուկան պատկերացնել որպես մարդու և ռոբոտի միջև աշխատանքի նոր բաժանում։ Ռոբոտները կարող են ստանձնել միապաղաղ, կրկնվող, ֆիզիկապես ծանր կամ վտանգավոր աշխատանքները, իսկ մարդիկ՝ կենտրոնանալ ստեղծագործական, նախագծային, վերահսկողական և որոշումների կայացման գործընթացների վրա։
Տնտեսագետի համոզմամբ՝ արտադրողականության իրական աճը պայմանավորված է ոչ միայն նոր սարքավորումների ներդրմամբ, այլև աշխատանքի կազմակերպման սկզբունքների վերանայմամբ։
Այս համատեքստում նա կարևորեց տեխնոլոգիաների լայն կիրառությունը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենաառաջադեմ ռոբոտի ստեղծումն ինքնին տնտեսական հեղափոխություն չի ապահովի, եթե այդ տեխնոլոգիան չդառնա տնտեսության տարբեր ոլորտների գործնական աշխատանքի մաս։
Կարո՞ղ են ռոբոտները հոգ տանել մարդկանց մասին
Դասախոսության ընթացքում քննարկվեցին նաև ռոբոտատեխնիկայի կիրառման սոցիալական և էթիկական կողմերը։
Բանախոսը հատուկ անդրադարձավ աշխարհի տարբեր երկրներում բնակչության ծերացման և աշխատուժի պակասի խնդիրներին։ Նրա խոսքով՝ մարդանման ռոբոտները հետագայում կարող են կարևոր դեր ունենալ տարեցների խնամքի, առողջապահական ծառայությունների և առօրյա կենցաղային աշխատանքների կազմակերպման մեջ։
Քննարկվեց նաև ռոբոտների հուզական արձագանքման կարողությունների զարգացման հարցը։ Տեխնոլոգիաները կարող են օգնել միայնակ տարեցներին, հիշեցնել դեղերի ընդունման ժամերը կամ աջակցել առօրյա որոշ գործողությունների կատարմանը, սակայն դրանց կիրառումը նոր հարցեր է առաջացնում։
Ո՞ւմ են հասանելի լինելու մարդկանց անձնական տվյալները։ Ինչպե՞ս է երաշխավորվելու դրանց անվտանգությունը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե տեխնոլոգիան օգտագործվի մարդու վստահությունը չարաշահելու համար։
Սունգ Վոն Սոնն ընդգծեց, որ նման համակարգերի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անձնական կյանքի պաշտպանությանը, գաղտնիությանը և տեխնոլոգիաների պատասխանատու կիրառմանը։
Դասախոսությունը վերածվեց նաև ակտիվ քննարկման։ ԵՊՀ ուսանողները բանախոսին հարցեր ուղղեցին մարդանման ռոբոտների կառուցվածքի, զգայունության, գործնական արդյունավետության և մարդկանց կյանքում դրանց հնարավոր դերակատարության վերաբերյալ։
«Տեխնոլոգիական զարգացման գլխավոր խոչընդոտը ոչ թե տեխնոլոգիան է, այլ մենք»
Ամփոփելով իր ելույթը՝ Սունգ Վոն Սոնը ներկայացրեց մի գաղափար, որը միավորեց դասախոսության տնտեսական և տեխնոլոգիական շեշտադրումները։
Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհն արդեն ունի առաջադեմ ռոբոտներ ստեղծելու զգալի կարողություններ, սակայն գլխավոր մարտահրավերը դրանց արդյունավետ կիրառման, տնտեսության մեջ ներդրման և լայն տարածման ապահովումն է։
«Գլխավոր խոչընդոտը տեխնոլոգիան չէ։ Դա մենք ենք»,- ընդգծեց պրոֆեսորը՝ խոսելով նորարարությունները գործնական արդյունքի վերածելու անհրաժեշտության մասին։
Նա հորդորեց ուսանողներին ուշադրություն դարձնել ռոբոտատեխնիկային՝ որպես արագ զարգացող ոլորտի, որտեղ ձևավորվելու են մասնագիտական նոր հնարավորություններ։
Միաժամանակ, տնտեսագետը բարձրացրեց տեխնոլոգիական ապագայի առանցքային հարցերից մեկը. եթե ռոբոտների շնորհիվ արտադրությունն ավելի արդյունավետ և մատչելի դառնա, ո՞վ է տնօրինելու այդ տեխնոլոգիաները, և ինչպե՞ս են հասարակության տարբեր խմբերն օգտվելու դրանց ստեղծած տնտեսական բարիքներից։
ԵՊՀ-ն՝ տեխնոլոգիական փոփոխությունների մասնակից և ապագան ձևավորող
Դասախոսության ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Սունգ Վոն Սոնին՝ կարևորելով համալսարանում նման քննարկումների անցկացումը։
Ռեկտորը նշեց, որ գիտության և տեխնոլոգիաների զարգացման ներկայիս արագությունը նոր մարտահրավերներ է ստեղծում նաև կրթական հաստատությունների համար։
Նրա խոսքով՝ այսօր դժվար է հստակ կանխատեսել, թե առաջիկա տարիներին ինչպես կփոխվեն աշխատաշուկան, մասնագիտություններն ու մարդկանց առօրյա կյանքը, սակայն համալսարանների կարևորագույն առաքելություններից մեկը երիտասարդներին այդ փոփոխություններին պատրաստելն է։
Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ դասախոսությունը ուսանողներին կմղի ոչ միայն մտածելու ապագայի մասին, այլև սեփական գաղափարներով ու նախաձեռնություններով մասնակցելու դրա ձևավորմանը։
Նա անդրադարձավ նաև ԵՊՀ-ում ստեղծվող տեխնոլոգիական նոր հնարավորություններին՝ նշելով, որ համալսարանում նախատեսվում է գործարկել ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ ծրագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն կընձեռեն ավելի ակտիվորեն ներգրավվելու ոլորտի զարգացումներում։
Ռեկտորը կարևորեց նաև Սունգ Վոն Սոնի հետ համագործակցության շարունակականությունը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կդառնա համալսարանի և անվանի տնտեսագետի գիտակրթական հետագա կապերի հիմքը։
Հանդիպման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը Սունգ Վոն Սոնին պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով՝ արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում գիտելիքների զարգացման ու տարածման գործում ունեցած արժեքավոր ներդրման, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի հետ արդյունավետ գիտակրթական համագործակցության զարգացման համար։
Սունգ Վոն Սոնի մասին
Դոկտոր Սունգ Վոն Սոնը միջազգային ճանաչում ունեցող կորեա-ամերիկացի տնտեսագետ է, «SS Economics» տնտեսական խորհրդատվական ընկերության նախագահը և Լոս Անջելեսի Լոյոլա Մերիմաունթ համալսարանի ֆինանսների և տնտեսագիտության պրոֆեսորը։
Մասնագիտական գործունեության ընթացքում նա զբաղեցրել է «Wells Fargo» բանկի գործադիր փոխնախագահի և գլխավոր տնտեսագետի, «Hanmi Bank»-ի և «Hanmi Financial Corporation»-ի նախագահի ու գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները։
Որպես ավագ տնտեսագետ աշխատել է նաև Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում։
2006 թվականին «The Wall Street Journal»-ը նրան ճանաչել է ԱՄՆ ամենաճշգրիտ տնտեսագետ, իսկ 2025 թվականին ընդգրկել երկրի հինգ լավագույն տնտեսական կանխատեսողների շարքում։
Սունգ Վոն Սոնը Հայաստան է այցելել Հայաստանի նորարարության հիմնադրամի (Armenian Innovation Foundation) հրավերով։










