ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամբիոնների վարիչների տարեկան հաշվետու նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2025-2026 ուսումնական տարում կատարված աշխատանքներն ու արձանագրված հիմնական ձեռքբերումները։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը բարձր գնահատեց ֆակուլտետի բոլոր ամբիոնների հետևողական աշխատանքն ու ներդրումը՝ ուղղված կրթական գործընթացի արդիականացմանը, գիտահետազոտական միջավայրի զարգացմանն ու մասնագիտական որակի բարձրացմանը։
Հաշվետվությունների նպատակն էր համակողմանիորեն գնահատել ամբիոնների գործունեությունը կրթական, գիտական, մեթոդական և կազմակերպչական ուղղություններով։ Ամբիոնների վարիչները մանրամասն ներկայացրին իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ ընդգծելով, որ առարկայական ծրագրերն ու ուսումնական պլանները վերանայվել և համապատասխանեցվել են մասնագիտական ժամանակակից միջազգային չափանիշներին։ Զեկուցումներում հատուկ անդրադարձ կատարվեց գիտահետազոտական ակտիվությանը․ հաշվետու տարում արձանագրվել է միջազգային գիտական պարբերականներում տպագրված հոդվածների թվի զգալի աճ, ամբիոնների ներկայացուցիչների՝ գիտական դրամաշնորհային ծրագրերի մասնակցություն, մասնագիտական սեմինարների և գիտաժողովների ակտիվ կազմակերպում։ Միևնույն ժամանակ ընդլայնվել են համագործակցային կապերը արտերկրի գործընկեր բուհերի և հետազոտական կենտրոնների հետ, աջակցություն է ցուցաբերվել դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստմանը, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանն ու գիտական նախաձեռնություններում նրանց ակտիվ ներգրավվածությանը։
Ամփոփելով նիստը՝ ֆակուլտետի դեկանը կարևորեց կրթական ծրագրերի շարունակական կատարելագործումը՝ համահունչ ժամանակակից մարտահրավերներին և աշխատաշուկայի պահանջներին։ Տ. Եփրեմյանն ընդգծեց, որ արձանագրված արդյունքներն ամուր հիմք են ֆակուլտետի հետագա զարգացման և բարձրորակ մասնագետների պատրաստման համար։




