General information
ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈԻՆԱՎԵՏՈԻԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման (այսուհետև` ուսանողների հարցում) կանոնակարգը սահմանում է ԵՊՀ ուսանողների կողմից համալսարանի դասախոսական կազմի դասավանդման որակի և արդյունավետության գնահատման, հարցման անցկացման և արդյունքների օգտագործման կարգը:
1.2. Ուսանողների հարցումն անցկացվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի և ԵՊՀ կանոնադրության պահանջների համաձայն և համարվում է ԵՊՀ ուսանողների ուսուցման որակն ապահովող գործառույթներին մասնակցելուև դասախոսական համակազմի գործունեության արդյունավետությունը գնահատելու իրավունքի դրսևորում:
1.3. Սույն կանոնակարգը հաստատում և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
2. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Ուսանողների հարցումն իրականացվում է առցանց եղանակով, յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանից հետո հետևյալ ժամկետներում.
1-ին կիսամյակից հետո` փետրվարի 5-ից մինչև փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում` առկա ուսուցմամբ սովորողների համար և մարտի 10-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում` հեռակա ուսուցմամբ սովորողների համար:
2-րդ կիսամյակից հետո` հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար:
Ավարտական կուրսում հարցումն անցկացվում է ապրիլի 10-ից մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում` առկա ուսուցմամբ սովորողների համար և մայիսի 8-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում` հեռակա ուսուցմամբ սովորողների համար:
2.2. Հարցմանն ուսանողը կարող է մասնակցել ցանկացած վայրից՝ օգտվելով ԵՊՀ ուսանողական անհատական վիրտուալ տիրույթից, մուտք գործելով համալսարանական իր էլեկտրոնային փոստ:
2.3. Ուսանողների հարցումն անցկացվում է սույն կանոնակարգին կցված գնահատման հարցաթերթով (հավելված 1), որում ուսանողը 1-5 միավորանոց գնահատման սանդղակով պատասխանում է առաջադրված հարցերին։
2.4. Գնահատման արդյունքները ներկայացվում են յուրաքանչյուր դասախոսի համար հաշվարկված գնահատականների միջին թվաբանականով (միջին թվաբանականը հաշվարկվում է ըստ առանձին դասընթացների և հարցերի, որը մատնանշում է տվյալ դասախոսի վարկանիշը հարցման մասնակիցների տվյալ խմբում) և միջին քառակուսային շեղումով (միջին քառակուսային շեղումը ցույց է տալիս գնահատումների շեղման չափը միջին թվաբանականից. որքան մեծ է միջին քառակուսային շեղումը, այնքան հարցման մասնակիցների անհատական գնահատումները ավելի լայն տիրույթում են ցրված):
2.5. Հարցաթերթի ձևանմուշն ունի տեղեկատվության հատված, որի հարցերը յուրաքանչյուր կիսամյակի համար սահմանվում են ռեկտորի կողմից:
2.6. Հարցումը կազմակերպում և վերահսկում են ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը և ֆակուլտետները:
2.7. Ուսանողները հարցաթերթի` կարծիքների և առաջարկների համար հատկացված բաժնում կարող են նաև ներկայացնել դասավանդման որակի և ուսումնական գործընթացի բարելավման վերաբերյալ իրենց առաջարկները, ինչպես նաև կարծիք հայտնել յուրաքանչյուր դասախոսի աշխատանքի վերաբերյալ:
3. ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Ուսանողների հարցման արդյունքները ամփոփվում են ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում:
3.2. Հարցման արդյունքները յուրաքանչյուր կիսամյակ քննարկվում են համապատասխան ամբիոններում, այնուհետև ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում: Քննարկման արդյունքում մշակվում են համապատասխան առաջարկություններ և երաշխավորություններ՝ ուղղված դասախոսի դասավանդման որակի բարեալվմանը:
3.3. Հարցման արդյունքները ուստարվա վերջում ամփոփված ներկայացվում են ԵՊՀ գիտական խորհրդում:
3.4. Դասախոսն իրավունք ունի ամբիոնի վարիչից ստանալու իրեն վերաբերող գնահատականներն ու կարծիքները և ծանոթանալու դրանց:
3.5. Ուսանողների հարցման արդյունքներն օգտագործվում են`
1) դասախոսի ինքնավերլուծության իրականացմանը և նրա կողմից դասավանդման մոտեցումների և կիրառվող մեթոդների շարունակական բարելավմանն աջակցելու նպատակով,
2) դասախոսի պաշտոնի տեղակալման, առաջխաղացման և խրախուսման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով,
3) դասախոսին լրավճար վճարելու նպատակով:
3.6. Հարցման արդյունքներն օգտագործվում են միայն ամփոփ տեսքով, իսկ անհատական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: