General information
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությունը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (այսուհետ՝ կենտրոն) գործունեության կարգն ու պայմանները:
2. Կենտրոնի պաշտոնական անվանումն է՝
Հայերեն՝ Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն,
Ռուսերեն՝ Центр педагогики и развития образования Ереванского государственного университета,
Անգլերեն՝ Centre of Pedagogy and Education Development of Yerevan State University:
3. Կենտրոնի գտնվելու վայրն է ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52ա:
4. Կենտրոնը ԵՊՀ կրթագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան օժտված է իրավունքներով և կրում է պարտականություններ:
5. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, ԵՊՀ և կենտրոնի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով:
6. Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ դրոշմակնիք՝ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
2. ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
7. Կենտրոնն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր բակալավրիատում ու մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում (մանկավարժության բնագավառում):
8. Կենտրոնը կազմակերպում է ԵՊՀ-ում մանկավարժի որակավորման շնորհման և մանկավարժական պրակտիկայի անցկացման գործընթացը:
9. Կենտրոնն իրականացնում է գիտահետազոտական գործունեություն (ներառյալ՝ միջբուհական և միջազգային համագործակցության շրջանակներում):
10. Կենտրոնն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ ներքին իրավական ակտերին և սույն կանոնադրությանը:
3. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Կենտրոնի կառավարումն իրականացվում է միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցմամբ: Կենտրոնի կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և տնօրենը:
12. Կենտրոնի կառավարման կոլեգիալ մարմինը կենտրոնի գիտական խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է:
13. Կենտրոնի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել խորհրդի կազմի 50 տոկոսը:
14. Կենտրոնի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են տնօրենը՝ որպես խորհրդի նախագահ, նրա տեղակալները, ամբիոնների վարիչները, մեթոդական խորհրդի նախագահը և արհբյուրոյի նախագահը:
15. Գիտական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել կենտրոնի գործունեության և մասնագիտությունների հետ կապված արտահամալսարանական ու կենտրոնի աշխատանքներում չընդգրկված այլ մասնագետներ ՝ գիտական խորհրդի կազմի մինչև 20 տոկոսի չափով:
16. Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը սովորողներն են, որոնց ընտրությունն իրականացնում է կենտրոնի ուսանողական խորհուրդը:
17. Կենտրոնի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ կենտրոնի տնօրենը ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի գիտական խորհրդի անդամների նոր անվանացանկը:
18. Կենտրոնի գիտական խորհուրդը ՝
1) ընդունում է կենտրոնի կանոնադրության նախագիծը,
2) ընդունում է որոշում կենտրոնի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության և այլ հարցերի վերաբերյալ,
3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական և գիտահետազոտական համակազմի ընտրությունները,
4) լսում է կենտրոնի տնօրենի, ամբիոնի վարիչի հաշվետվությունները և գնահատում նրանց գործունեությունը,
5) ԵՊՀ ռեկտորին ներկայացնում է կենտրոնի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ,
6) առաջադրում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ԵՊՀ-ի գիտական խորհրդում կենտրոնի ներկայացուցիչների թեկնածուներին,
7) լուծում է կենտրոնի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված խնդիրները,
8) սահմանված կարգով հաստատման է ներկայացնում կենտրոնի ուսումնական պլանները,
9) լուծում է սույն կանոնադրությունից և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերից բխող ու կենտրոնի գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
19. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ–ի կանոնադրությամբ կամ կենտրոնի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են կենտրոնի աշխատողների և սովորողների համար:
20. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերը վարում է նախագահը: Կենտրոնի տնօրենի հաշվետվության նպատակով հրավիրվող խորհրդի նիստերը վարում է գիտական խորհրդի կազմից ընտրված նախագահողը, որը չի կարող լինել տնօրենը: Կենտրոնի խորհրդի նիստի նախագահողը բացում և փակում է նիստը, առաջարկում է նիստի աշխատակարգը, ապահովում է դրա կատարումը, քվեարկության է դնում օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը:
21. Կենտրոնի գիտական խորհրդի քարտուղարին գիտական խորհրդի կազմից տնօրենի ներկայացմամբ նշանակում է ԵՊՀ ռեկտորը:
22. Կենտրոնի գիտական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների ցուցակային կազմի երկու երրորդի ներկայության դեպքում: Քվեակազմի (քվորումի) բացակայության դեպքում հայտարարվում է գիտական խորհրդի նիստի անցկացման նոր ժամանակը՝ նույն օրակարգով:
23. Գիտականխորհրդում գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման, ամբիոնների վարիչների ընտրության մրցույթների քվեարկությունը կատարվում է փակ, գաղտնի կարգով՝ ԵՊՀ համապատասխան ընթացակարգերի համաձայն:
24. Գիտական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԵՊՀ ռեկտորը կամ պրոռեկտորը:
25. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են նիստի անցկացման ժամանակը, նիստին մասնակցող անդամների անվանացանկը, օրակարգի հարցերը, քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները: Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը, ովքեր պատասխանատու են արձանագրությունը ճիշտ կազմելու համար: Նիստի օրակարգը և ընդունած որոշումները տասն աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են հրապարակման ԵՊՀ ինտերնետային կայքում:
26.Կենտրոնի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե գիտական խորhուրդն այլ որոշում չի կայացրել:
27. Կենտրոնի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են կենտրոնի ստորաբաժանումների, աշխատողների և սովորողների համար:
28. Կենտրոնի գործունեությունն իր իրավասության սահմաններում կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի տնօրենը:
29. Կենտրոնի տնօրենին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
30. Կենտրոնի տնօրենը՝
1) ղեկավարում է կենտրոնի կրթական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, միջազգային և այլ գործունությունը,
2) ապահովում է ԵՊՀ-ի կառավարման մարմինների և կենտրոնի գիտական խորհրդի որոշումների կատարումը,
3) ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում տնօրենի տեղակալ(ներ)ի թեկնածությունները,
4) սահմանված կարգով ԵՊՀ ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ սովորողներին հեռացնելու, կամ նրանց ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ,
5) արձակում է հրաման սովորողներին կուրսից կուրս փոխադրելու մասին,
6) ԵՊՀ ֆակուլտետներում իրականացնում է մանկավարժի որակավորման գործընթացի կազմակերպումն ու վերահսկումը,
7) պատասխանատվություն է կրում կենտրոնի աշխատանքների որակի, խնդիրների ու գործառույթների պատշաճ կատարման համար,
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ և կենտրոնի կանոնադրություններով նախատեսված այլ լիազորություններ:
31. Կենտրոնի տնօրենն արձակում է հրամաններ, տալիս է հրահանգներ, որոնք պարտադիր են կենտրոնի աշխատողների և սովորողների համար:
32. Կենտրոնի տնօրենը կարող է ունենալ տեղակալ(ներ), որոնց տնօրենի ներկայացմամբ նշանակում է ԵՊՀ ռեկտորը:
33. Գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կենտրոնին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են կենտրոնի տնօրինության նիստերում, որին մասնակցում են տնօրենը, տնօրենի տեղակալները, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, գիտական խորհրդի քարտուղարը, արհբյուրոյի և ուսանողական խորհրդի նախագահները: Տնօրինության նիստերն արձանագրվում են: Տնօրինության նիստերը հրավիրվում են տնօրենի առաջարկով:
4. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Կենտրոնի հիմնական ստորաբաժանումներն են ամբիոնները: Կենտրոնում կարող են գործել նաև բազային գիտահետազոտական լաբորատորիաներ և գիտակրթական այլ ստորաբաժանումներ:
35. Կենտրոնը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտահետազոտական և ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և այն ներկայացնում է ԵՊՀ-ի ռեկտորին:
36. Ամբիոնը կենտրոնի գիտակրթական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումն է: Ամբիոնն ապահովում է ուսումնական գործընթացը, իրականացնում է մեթոդական և գիտական հետազոտություններ:
37. Ամբիոնը գործում է ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ իրավական ակտերի և կենտրոնի կանոնադրության հիման վրա:
38. Ամբիոնի վարիչը կազմակերպում և վերահսկում է ամբիոնի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ աշխատանքները, ներկայացնում է ամբիոնը համալսարանական ստորաբաժանումների հետ հարաբերություններում:
39. Ամբիոնի վարիչն ամբիոնի դրական կարծիքը ստանալուց հետո մրցութային հիմունքներով ընտրվում է կենտրոնի գիտական խորհրդում 5 տարի ժամկետով: Կենտրոնի գիտական խորհրդի որոշումը հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է «ԵՊՀ ամբիոնների վարիչի ընտրության ընթացակարգով»:
40. Ամբիոնի վարիչը պատասխանատու է ամբիոնի գործունեության համար և ըստ սահմանված կարգի տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնի գիտական խորհրդին: Ամբիոնի աշխատանքների մասին ամբիոնի վարիչի հաշվետվության ժամկետը և ձևերը սահմանում է կենտրոնի գիտական խորհուրդը:
41. Կենտրոնի գիտական խորհրդում ամբիոնի վարիչի գործունեությունը բացասական գնահատականի արժանանալու դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է կենտրոնի գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի քննարկմանն է դրվում ամբիոնի վարիչին ետ կանչելու հարցը: Փակ, գաղտնի քվեարկությամբ ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշում կայացնելու դեպքում կենտրոնի գիտական խորհուրդը միջնորդում է ԵՊՀ գիտական խորհրդին` հաստատելու ամբիոնի վարիչի պաշտոնանկությունը:
42. ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումն ընդունվելու դեպքում ռեկտորը լուծում է տվյալ ամբիոնի վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: ԵՊՀ գիտական խորհրդում ամբիոնի վարիչի պաշտոնանկությունը չհաստատվելու դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է կենտրոնի գիտական խորհրդի նոր նիստ: Կենտրոնի գիտական խորհրդի նիստի մասնակիցների ձայների երկու երրորդով ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որոշումը վերահաստատելու դեպքում ռեկտորը լուծում է ամբիոնի վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
43. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները, որոնց մրցութային ընտրությունն իրականացվում է «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի» համաձայն: Ամբիոնի կազմի մեջ մտնում են նաև ասպիրանտները և ուսումնաօժանդակ համակազմը:
44. Ամբիոնը, ելնելով կատարվող կրթական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված կարգի մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը: Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են ամբիոնի աշխատանքային ծրագրերին համապատասխան և ընդգրկում են ուսումնական, գիտամեթոդական, գիտահետազոտական և աշխատանքի այլ տեսակները:
45. Ամբիոնի կրթական և գիտական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում: Ամբիոնի նիստերին որոշիչ ձայնի իրավունքով մասնակցում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի հիմնական աշխատողները: Ամբիոնի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել տնօրենը կամ տեղակալները, ամբիոնի գիտաշխատողները, ասպիրանտները, ուսումնաօժանդակ համակազմը և այլ աշխատողներ: Ամբիոնի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան 8 անգամ: Ամբիոնի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրվում են ամբիոնի վարիչի ու գործավարի կողմից:
46. Կենտրոնի գիտահետազոտական գործառույթները կարող են իրականացնել բազային գիտահետազոտական լաբորատորիաները և գիտակրթական այլ ստորաբաժանումները, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է կենտրոնի կանոնադրությամբ:
47. Կենտրոնի ստորաբաժանումների ուսումնամեթոդական և գիտահետազոտական հարցերի քննարկման և գնահատման համար կենտրոնում գործում է մեթոդական խորհուրդ, որի գործունեության կարգը սահմանվում է ԵՊՀ համապատասխան կարգով:
48. Կենտրոնի կանոնադրության հավելվածում ներկայացված են կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումները:
Հավելված
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
1) Մանկավարժության ամբիոն