General information
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ԵՊՀ սովորողներին (ուսանող, ասպիրանտ, հայցորդ) միավորող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական ու հոգևոր զարգացմանը նպաստելն է:
2. Ընկերությունը գործում է ԵՊՀ կանոնադրության ու սույն կանոնակարգի հիման վրա:
3. Ընկերության կանոնակարգն ու նրանում կատարվող փոփոխությունները հաստատվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից:
4. Ընկերությունը սահմանված կարգով կարող է ունենալ կնիք, պաշտոնաթուղթ և անհատակացման այլ միջոցներ:
2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Ընկերության նպատակն է նպաստել սովորողների գիտական, ստեղծագործական ու հոգևոր զարգացմանը։
6. Ընկերության խնդիրներն են`
ա) գիտական ու կրթական ոլորտներում իրականացնել ուսանողական նախաձեռնություններ,
բ) կազմակերպել ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ, գիտահանրամատչելի դասախոսություններ ու գիտական, կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ ներգրավելով նաև արտահամալսարանական գիտական ներուժը,
գ) համակարգել համալսարանական երիտասարդական գիտական ներուժի վերաբերյալ տեղեկատվությունը,
դ) համակողմանի աջակցել շնորհաշատ սովորողներին,
ե) հրատարակել սովորողների գիտական աշխատանքներն ու նյութերը,
զ) համագործակցության կապեր հաստատել գիտական այլ կենտրոնների հետ, նրանց հետ փոխանակվել տեղեկատվությամբ:
3․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
7․ Ընկերության ղեկավար մարմինը գիտական խորհուրդն է, որի նիստերը գումարվում են ուսումնական կիսամյակի ընթացքում առնվազն երկու անգամ։
8․ Ընկերության գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են Ընկերության նախագահը, տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովների ու ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների (ինստիտուտ, ֆակուլտետ, կենտրոն) ուսանողական գիտական ընկերությունների (այսուհետ՝ ստորաբաժանման ՈՒԳԸ) նախագահները։
9․ Ընկերության գիտական խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
10. Ընկերության գիտական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Ընկերության նախագահի կամ գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։
11․ Ընկերության գիտական խորհուրդը՝
ա) հաստատում է իր աշխատակարգը,
բ) որոշում է Ընկերության գործունեության կարևորագույն ուղղությունները,
գ) առաջարկներ է ներկայացնում ԵՊՀ գիտական խորհրդին, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին (այսուհետ՝ Կենտրոն),
դ) լսում է Ընկերության նախագահի տարեկան հաշվետվությունը,
ե) մշակում է Ընկերության ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը, հաստատում և համակարգում է ստորաբաժանումների ՈՒԳԸ-ների ծրագրերն ու աշխատանքները,
զ) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Ընկերության գործունեության հետ կապված այլ միավորներ, հաստատում է նրանց կազմն ու աշխատակարգը, ըստ անհրաժեշտության՝ նրանց պատվիրակում իր իրավասությանը վերաբերող գործառույթների կատարումը,
է) կանոնակարգում է Ընկերության անդամությանը վերաբերող այլ հարցեր, շնորհում է Ընկերության պատվավոր անդամի կոչում,
ը) հաստատում է Ընկերության անունից կնքած պայմանագրերն ու համաձայնագրերը,
12․ Ընկերության նախագահը բաց քվեարկությամբ հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երեք տարի ժամկետով ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ՝ Կենտրոնի երաշխավորությամբ։ Նախագահի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնի երաշխավորությամբ ԵՊՀ ռեկտորը հաստատում է նախագահի տեղակալի ու քարտուղարի թեկնածությունները երեք տարի ժամկետով:
13․ Ընկերության նախագահը ներկայացնում է Ընկերությունը, համակարգում է Ընկերության գիտական խորհրդի գործունեությունը, ապահովում է Ընկերության կառուցվածքային միավորների համագործակցությունը, տալիս է լիազորագրեր, Ընկերության անունից կնքում է պայմանագրեր ու համաձայնագրեր։ Ընկերության նախագահը տարեկան հաշվետվությամբ հանդես է գալիս ԵՊՀ գիտական խորհրդում։
14. Ընկերության նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում կատարում է նրա լիազորությունները, համակարգում է քարտուղարության աշխատանքներն ու կառուցվածքային միավորների գործունեությունը, հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:
15. Ընկերության քարտուղարը ղեկավարում է քարտուղարության աշխատանքները:
16. Ընկերության կառուցվածքում ներառված են ստորաբաժանման ՈՒԳԸ-ները, որոնք ձևավորվում են ամբիոնների երաշխավորությամբ ներկայացված առնվազն երկու սովորողներից։ Ստորաբաժանման ՈՒԳԸ-ն Ընկերության նպատակի ու խնդիրների շրջանակում մշակում ու իրականացնում է նպատակային ծրագրեր։
17. Ստորաբաժանման ՈՒԳԸ նախագահի ու քարտուղարի թեկնածությունները ստորաբաժանման ՈՒԳԸ-ի առաջադրմամբ հաստատում է ստորաբաժանման գիտական խորհուրդը:
18. Ստորաբաժանման ՈՒԳԸ նախագահն ու քարտուղարը կազմակերպում և համակարգում են ստորաբաժանման ՈՒԳԸ-ի, նրա հանձնախմբերի աշխատանքները, ներկայացնում են ստորաբաժանման ՈՒԳԸ-ի ծրագրերը Ընկերության գիտական խորհրդում։
19. Ստորաբաժանման ՈՒԳԸ-ի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ։
20. Նիստն իրավազոր է, եթե ներկա են անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
21. Ստորաբաժանման ՈՒԳԸ նախագահի որոշմամբ կամ անդամների 1/3-ի պահանջով կարող է հրավիրվել արտահերթ նիստ։
22. Ստորաբաժանման ՈՒԳԸ նախագահը Ընկերության գիտական խորհրդի անդամ է։
23. Ստորաբաժանման ՈՒԳԸ-ն կարող է ձևավորել իր գործունեությանն առնչվող ակումբներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև այլ սովորողներ։
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Ընկերության ֆինանսական միջոցները գոյանում են ԵՊՀ հատկացումներից, հանգանակություններից, նվիրատվություններից, ՀՀ օրենսդրությամբ ու ԵՊՀ կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Ընկերության միջոցները օգտագործվում են նրա կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:
25. Ընկերությունը սահմանված կարգով անվճար օգտվում է ԵՊՀ տարածքից, գույքային, տեխնիկական ու այլ միջոցներից:
5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Ընկերությունն իր գործունեությունը դադարեցնում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Ընկերության դադարեցումից հետո նրա գույքն ու միջոցները պատկանում են ԵՊՀ-ին: