General information
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ (ԷԹԻԿԱՅԻ) ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնագիրքը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետև՝ ԵՊՀ) կառավարման մարմինների, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատողների և սովորողների բարեվարքության (այսուհետ նաև՝ էթիկա) կանոնները։
2. Սույն կանոնագրքով սահմանված էթիկայի կանոնները չեն համարվում ներքին կարգապահական կանոններ, իսկ դրանց խախտումներն ինքնին չեն համարվում ներքին կարգապահական կանոնների խախտումներ։
3. Սույն կանոնագրքով սահմանված կանոնները պարտադիր են ԵՊՀ կառավարման մարմինների և դրանց անդամների, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատողների և սովորողների համար։
4. Սույն կանոնագրքով բարեվարքությունը (Էթիկան) ԵՊՀ առօրյա աշխատանքում ընդունված արժեքների, սկզբունքների և նորմերի համակարգն է, որն ունի առաջադիր նպատակներ և շահառուներին լավագույնս ծառայելու և նրանց շահերը պաշտպանելու նպատակ։
ԳԼՈՒԽ 2
ԷԹԻԿԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5․ Սույն կանոնագրքով սահմանված էթիկայի սկզբունքները և կանոնները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ խախտվեն կամ սահմանափակվեն անձանց իրավունքներն ու ազատությունները, և հատկապես Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված ակադեմիական և հետազոտությունների ազատության իրավունքը, որը, ի շարս այլնի, ներառում է սովորելու և դասավանդելու (սովորեցնելու), հետազոտություններ իրականացնելու, դրա արդյունքները տարածելու և հրապարակելու, ներկայացուցչական, ինչպես նաև գիտական մարմիններին մասնակցելու, քննարկումներ ունենալու և ազատորեն կարծիք արտահայտելու ազատությունը։
6․ Էթիկայի ընդհանուր սկզբունքներն են՝
1) Բարեվարքության հիմնարարություն։ Վարքագիծը համահունչ է բարոյական և էթիկական սկզբունքներին և չափանիշներին, որոնք հենվում են հիմնարար արժեքների վրա։
2) Ազնվություն։ Պետք է մշտապես խուսափել ցանկացած այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է հիմնավոր կասկածի տակ դնել ակադեմիական ազնվությունը ուսուցման/ուսումնառության և հետազոտությունների իրականացման ընթացքում։
3) Ճշմարտություն։ Պետք է մշտապես առաջնորդվել բարձրագույն կրթության համակարգի ներսում իրականացվող ցանկացած տիպի հաղորդակցության ժամանակ ճշմարտությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ։
4) Հարգանք այլոց հանդեպ։ Պետք է հարգալից վերաբերվել սովորողներին և պրոֆեսորադասախոսական կազմին, վերադասներին, անմիջական ղեկավարներին, գործընկերիներին, ենթականերին, հարգել նրանց արժանապատվությունը։
5) Վստահություն։ Պետք է կարողանալ միանգամայն վստահ լինել միմյանց նկատմամբ ազնվության, ճշմարտացիության և բարեվարքության դրսևորման հարցում։
6) Պատասխանատվություն։ Պետք է պատասխանատու լինել սեփական լիազորությունների պատշաճ կատարելու համար։
7) Արդարացիություն։ Միմյանց պետք է վերաբերվել անկողմնակալ և առանց խտրականության դրսևորումների, արդարությունը պաշտպանելու ու խախտումների դեպքում այն հաստատելու հանձնառությամբ։
8) Հավասարություն, արդարություն և սոցիալական արդարություն։ Կայունություն, հավասարություն և արդարություն՝ կրթական և սոցիալական արժեքների երաշխավորման, անհատի ու հասարակության նկատմամբ պատասխանատվության համատեքստում։
9) Որակյալ կրթություն։ Պետք է ընդունել սեփական անվերապահ հանձնառությունը՝ ակադեմիական ազնվությամբ առանձնացող ուսուցման կամ ուսումնառության և հետազոտությունների իրականացմամբ հնարավորինս բարձր որակի կրթութուն երաշխավորելու հարցում։
10) Համակարգի բարելավում։ Բարձրագուն կրթության համակարգի շարունակական բարելավման գործում առավելագույն ներդրում կատարելու կարևորությունը համարվում է առաջնահերթ խնդիր։
11) Ինստիտուցիոնալ ինքնավարություն։ Պետք է գիտակցել ինստիտուցիոնալ ինքնավարության և անկախության սկզբունքների կարևորությունը և սեփական վարքագծով նպաստել դրանց ամրապնդմանը։
12) Սոցիալական գործընկերություն։Պետք է ընդունել, որ սոցիալական գործընկերությունը շահերի հավասարակշռման, սոցիալական հավասարության և համերաշխության ապահովման, ինչպես նաև խնդիրների լուծման արդյունավետ եղանակների որոշման հիմնական միջոցն է։
7․ Սույն կանոնագրքի 6-րդ կետում նշված սկզբունքները համարվում են էթիկայի հիմնարար կանոններ և պարտադիր են պահպանման համար ԵՊՀ կառավարման մարմիներին, դրանց անդամների պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատողների և սովորողների կողմից՝ իրենց կարգավիճակին համապատասխան։
ԳԼՈՒԽ 3
ԵՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
8․ ԵՊՀ կառավարման մարմինների, պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատողների էթիկայի կանոններն են․
Կանոն 1․ Իրենց գործառույթները և պարտականություններն իրականացնելիս մշտապես և առանց վերապահումների առաջնորդվել ԵՊՀ շահերով՝ կանխելով և բացառելով բոլոր հնարավոր դրսևորումները, որոնք սեփական շահը վեր են դասել ԵՊՀ շահերից կամ փորձել են շահույթ ստանալ՝ օգտագործելով զբաղեցրած պաշտոնը, հակառակ գործող օրենսդրությանը և իրենց աշխատանքային պայմանագրին։
Կանոն 2․ Աշխատանքի ընդունման և առաջխաղացման, ֆինանսական, պայմանագրային և նման այլ հարցերում իրենց կամ իրենց ընտանիքի անմիջական անդամի որևէ անձնական շահի առկայության կամ նման հանգամանքի հնարավորության ռիսկի դեպքում գրավոր հայտնել ռեկտորին (իսկ ռեկտորի դեպքում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին)։
Կանոն 3․ ԵՊՀ գույքը և նյութական միջոցներն օգտագործել խնայողաբար։
Կանոն 4․ Ապահովել, որ իրենց իրավասության ներքո գործող բոլոր անձինք իրազեկված լինեն համապատասխան օրենսդրությանն ու կանոններին և դրանք չպահպանելու հետևանքներին, և նպաստել էթիկական վարվեցողության պահպանմանը։
Կանոն 5․ Հարգել սովորողներին և խրախուսել նրանց ուսումնառության ու հետազոտության մղումը լինել ակադեմիական ազնվության սկզբունքին հավատարիմ՝ կանխելով և բացառելով շահագործման կամ հետապնդման կամ սովորողների նկատմամբ խտրական վերաբերմունքի ցանկացած դրսևորում։
Կանոն 6․ Պաշտպանել սովորողների ակադեմիական ազատությունը։
Կանոն 7․ Հետազոտական գործունեության ընթացքում չզբաղվել գրագողությամբ, այլոց աշխատանքն իրեն չվերագրել և չկեղծել արդյունքները։
Կանոն 8․ Հարգել բազմակարծությունը և արտահայտվելու ազատությունը։
Կանոն 9․ Հարգել ակադեմիական և հետազոտությունների ազատության իրավունքը (ԵՊՀ կառավարման մարմինների դեպքում՝ գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները)։
Կանոն 10․ Բացառել շահերի բախման իրավիճակում գործելը։
9․ Ըստ սույն Կանոնագրքի՝ շահերի բախում է համարվում իրավիճակը, երբ անձն իր իրավունքները կամ լիազորություններն իրացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։
10․ Անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է իր լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում՝ կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգենցնում կամ նպաստում է, կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև՝
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական կամ փաստացի դրության բարելավմանը,
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձին պատասխանատվությունից ազատելուն կամ ավելի մեղմ պատասխատավության միջոց կիրառելուն,
3) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը կամ առաջխաղացմանը։
ԳԼՈՒԽ 4
ԵՊՀ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
11․ Սովորողների էթիկայի կանոններն են․
Կանոն 1․ ԵՊՀ գույքը և նյութական միջոցներն օգտագործել ըստ նշանակության և խնայողաբար։
Կանոն 2․ Ցուցաբերել հարգալից վերաբերմունք ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս սովորողների, կառավարման մարմինների, աշխատողների նկատմամբ՝ պահպանելով էթիկական վարվեցողության ընդհանուր սկզբունքները, դրական ու կառուցողական ներդրում ունենալ ԵՊՀ ակադեմիական գործունեության մեջ։
Կանոն 3․ Ուսման կամ հետազոտական գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվել ակադեմիական ազնվության, գիտության առաջընթացին ծառայելու անվերապահ հանձնառությամբ։ Արգելվում է զբաղվել գրագողությամբ, ներկայացնել այլ անձանց աշխատանքը որպես սեփական աշխատանք կամ կեղծել արդյունքները։
Կանոն 4․ Մշտապես հարգել գիտական հիմքով առաջնորդվող վերլուծության ու բացառապես հիմնավոր ներկայացնելու պարտադրանքը։ Քննություններին և գնահատման այլ ձևերին մասնակցելիս չդիմելու ապօրինի միջոցների, չարտագրել այլոց աշխատանքը կամ այլ ապօրինի եղանակով չփորձել ձեռք բերել որևէ արտոնություն։
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12․ Սույն կանոնագիրքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կիրառման մեջ է դրվում հրապարակման պահից 10 օր հետո։
13․ Սույն կանոնագիրքը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում։
14․ Սույն կանոնագիրքը տարածվում է այն կիրառման մեջ դնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։
15․ Սույն կանոնագրքում փոփոխությունները և լրացումները կատարվում են դրա ընդունման համար սահմանված ընթացակարգով։