General information
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
__________________________ գիտահետազոտական ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային համահամալսարանական գիտական ստորաբաժանում է:
Ստորաբաժանումը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ կանոնադրության և սույն կանոնադրության հիման վրա:
Ստորաբաժանումը կարող է ունենալ առանձնացված բանկային ենթահաշիվ` ՀՀ դրամով, արտարժույթով:
Ստորաբաժանման կանոնադրության և սույն կանոնադրության դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են օրինակելի կանոնադրության դրույթները:
2. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ստորաբաժանման նպատակներն են.
1) իրականացնել իր մասնագիտացմանը համապատասխան գիտական ու գիտատեխնիկական հետազոտություններ,
2) պատրաստել գիտական կադրեր:
Ստորաբաժանումն իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար իրավասու է սահմանված կարգով.
1) որոշել գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններն ու գիտահետազոտական ծրագրերը,
2) սահմանված կարգով հայտարարել գիտական ստորաբաժանումների ղեկավարների ու գիտական աշխատողների թափուր տեղերի համալրման մրցույթներ,
3) ծրագրել ու իրականացնել գիտական կադրերի պատրաստում, պարբերաբար (առնվազն հինգ տարին մեկ անգամ) անցկացնել գիտական աշխատողների ատեստավորում,
4) կազմել ստորաբաժանման խմբագրական-հրատարակչական գործունեության ծրագրերը, աջակցել տպագրության համար երաշխավորված աշխատանքների հրատարակմանը:
Ստորաբաժանումը կարող է անդամակցել ու մասնակցել գիտական ընկերությունների ու միությունների գործունեությանը, հրավիրել միջազգային գիտաժողովներ, կազմակերպել սեմինարներ:
Ստորաբաժանումն իրավասու է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ ԵՊՀ կանոնադրությամբ սահմանված կարգով:
3. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Ստորաբաժանման կառավարումն իրականացվում է միանձնյա ու կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ:
Ստորաբաժանման գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը համակարգող կառավարման կոլեգիալ մարմինը ստորաբաժանման գիտական խորհուրդն (այսուհետ՝ խորհուրդ) է:
Խորհրդի անդամների թիվը ______ է: Խորհրդի անվանական կազմը հաստատվում է ԵՊՀ գիտական հարցերը համակարգող պրոռեկտորի հրամանով:
Խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:
Ստորաբաժանման տնօրենն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:
Խորհրդի ի պաշտոնե անդամներն են ստորաբաժանման տնօրենի տեղակալը, ստորաբաժանման գիտական քարտուղարը և արհբյուրոյի նախագահը (համաձայնությամբ) (եթե ստորաբաժանումն ունի նման հաստիքներ կամ աշխատողների ներկայացուցիչ):
Խորհրդի հրավիրյալ անդամների թեկնածություններն առաջադրում է ստորաբաժանման տնօրենը:
Խորհրդի ընտրված անդամների թեկնածությունները, ըստ համամասնության, առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից: Խորհրդի ընտրովի անդամներն ընտրվում են ստորաբաժանման աշխատողների կողմից բաց քվեարկությամբ:
Խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստին մասնակցում է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե խորհուրդը որոշում չի կայացրել փակ գաղտնի քվեարկություն անցկացնելու մասին:
Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը տարեկան առնվազն երկու անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև խորհրդի անդամների մեծամասնության առաջարկությամբ:
Խորհրդի անդամները նիստի անցկացման տեղի ու ժամանակի մասին ծանուցվում են նիստից առնվազն 5 օր առաջ, արտահերթ նիստի անցկացման օրվանից՝ առնվազն 3 օր առաջ: Խորհրդի քարտուղարը տվյալ նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ փաստաթղթային փաթեթը գիտական խորհրդի անդամներին ուղարկում է նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ: Քվորումի բացակայության դեպքում խորհրդի անդամները տեղեկացվում են խորհրդի նիստի անցկացման նոր ժամանակի մասին:
Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են նիստի անցկացման օրը, նախագահը, քարտուղարը, քվեակազմը, նիստի օրակարգը, քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության արդյունքները և խորհրդի կողմից ընդունված որոշումները: Արձանագրությունը կազմում է գիտական քարտուղարը, ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը։ Արձանագրությունը տասնօրյա ժամկետում հրապարակվում է ԵՊՀ կայքում:
Գիտական խորհուրդը`
1) քննարկում ու հաստատում է ստորաբաժանման գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտական ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերը,
2) համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները,
3) քննարկում ու հրատարակության է երաշխավորում ստորաբաժանման աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ այլ կազմակերպություններում աշխատող հեղինակների մենագրությունները, ժողովածուներն ու այլ աշխատանքներ,
4) տարեկան առնվազն մեկ անգամ քննարկում ու հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների՝ ստորաբաժանման գիտական գործունեության վերաբերյալ հաշվետվություններն ու առաջարկությունները,
5) քննարկում է գիտության զարգացման հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ,
6) գիտական նշանակալի աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություններն առաջադրում է պարգևատրման, կազմակերպության գիտնականներին ներկայացնում է գիտական կոչումների շնորհման,
7) հաստատում է գիտական աշխատողների ատեստավորման արդյունքները:
Ստորաբաժանման ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման տնօրենը:
Ստորաբաժանման տնօրենի թեկնածու կարող են առաջադրել խորհուրդը, տվյալ գիտական ուղղության ֆակուլտետի գիտական խորհուրդը, ԵՊՀ գիտական հարցերով պրոռեկտորը:
Ստորաբաժանման տնօրենի թեկնածուն պետք ունենա գիտական աստիճան: Ստորաբաժանման տնօրենի համար սահմանվում են հիմնական աշխատանքային հարաբերություններ՝ լրիվ աշխատաժամանակով (1 դրույք):
Ստորաբաժանման տնօրենը ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությանբ՝ 5 տարի ժամկետով: Ստորաբաժանման տնօրենը կարող է իր պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
Ստորաբաժանման տնօրենը`
1) կազմակերպում ու վերահսկում է ստորաբաժանման գիտահետազոտական ու փորձագիտական գործունեությունը, ապահովում է ստորաբաժանման հիմնական գործառույթների իրականացումը և լուծում դրանից բխող հիմնախնդիրները,
2) ըստ սահմանված չափանիշների մշակում է ստորաբաժանման հաստիքացուցակի նախագիծը՝ այն ներկայացնելով ԵՊՀ ռեկտորին,
3) ցուցումներ ու աշխատանքային հանձնարարականներ է տալիս ստորաբաժանման աշխատողներին,
4) սահմանված կարգով տնօրինում է ստորաբաժանման ֆինանսական միջոցները,
5) ամենամյա հաշվետվություն է ներկայացնում ստորաբաժանման գիտական խորհրդին,
6) ստորագրում է ստորաբաժանման գործունեությանն առնչվող փաստաթղթերը,
7) ներկայացնում է ստորաբաժանումը համալսարանական ու արտահամալսարանական հարաբերություններում, ստորաբաժանման անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
8) պատասխանատվություն է կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների պատշաճ ու արդյունավետ լուծման համար,
9) լուծում է ստորաբաժանման կանոնադրությունից բխող ու ստորաբաժանման գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Ստորաբաժանման գիտահետազոտական կառույցների ղեկավարներին տնօրենի ներկայացմամբ նշանակում է ԵՊՀ ռեկտորը հինգ տարի ժամկետով:
4. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ստորաբաժանման գույքի և ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրներն են`
1) ստորաբաժանմանը ԵՊՀ-ի կողմից օգտագործման իրավունքով հանձնված գույքն ու դրամական միջոցները,
2) ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցները,
3) իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, նպատակային մուծումները, նվիրված ու ժառանգված գույքը, դրամաշնորհները,
4) ստորաբաժանման կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարվող միջոցները,
5) ստորաբաժանմանը թույլատրված գործունեության տեսակներից և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ստորաբաժանման վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնադրության 25-րդ կետի պահանջը չի տարածվում սույն կանոնադրության ընդունման պահի դրությամբ ընտրված գիտահետազոտական ստորաբաժանումների տնօրենների վրա, և նրանք պաշտոնավարում են մինչև իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: