General information
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրատարակչությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Հրատարակչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականությամբ, ինչպես նաև hրատարակչության գործառույթների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Հրատարակչությունը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
4. Հրատարակչության խնդիրներն են.
1) նպաստել գրահրատարակչական գործի զարգացմանը,
2) հրատարակել սահմանված կարգով երաշխավորված կարևոր ու կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատությունները,
3) հրատարակել ԵՊՀ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերն ու ձեռնարկները,
4) հրատարակել ԵՊՀ գիտական հանդեսները և նպաստել դրանց միջազգայնացմանը, հրատարակչական գործի շրջանակներում համագործակցել ազգային և միջազգային համանման կառույցների հետ,
5) գրական արտադրանքի միջոցով նպաստել գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, տարածմանն ու հանրահռչակմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծմանը, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը,
6) խթանել նշանակալի, մնայուն աշխատությունների ստեղծումը, ինչը կնպաստի գիտության և քաղաքացիական հասարակության զարգացմանը,
7) սահմանել գիտական և ուսումնական հրատարակությունների ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօժանդակեն հեղինակներին ընտրելու հրատարակվող աշխատության տեսակը և ապահովել տվյալ աշխատությանը ներկայացվող պահանջները,
8) սահմանել հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ,
9) վարել հրատարակված նյութերի էլեկտրոնային շտեմարանները և վիճակագրությունը,
10) կազմակերպել ԵՊՀ-ի գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ և տոնավաճառներ (ներառյալ՝ միջազգային):
5. Հրատարակչությունն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։
3. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
6. Հրատարակչությունը ղեկավարում է տնօրենը, ում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ռեկտորը:
7. Հրատարակչության տնօրենը`
1) կազմակերպում և վերահսկում է հրատարակչության ընթացիկ (ամենօրյա) գործունեությունը, վարվող գրագրությունը և ներքին գործավարությունը,
2) ապահովում է հրատարակչության գործառույթների պատշաճ իրականացումը, լուծում դրանց իրագործման ընթացքում ծագած խնդիրները, աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման,
3) հրատարակչության աշխատողների միջև կատարում է աշխատանքային գործառույթների բաշխում,
4) ստորագրում է հրատարակչության կողմից պատրաստվող փաստաթղթերը, հրատարակչության գործառույթների շրջանակներում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ փաստաթղթեր,
5) սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ գիտական խորհրդի, ԵՊՀ ռեկտորատի նիստերին, ԵՊՀ ռեկտորի կողմից հրավիրված խորհրդակցություններին,
6) ԵՊՀ ռեկտորին առաջարկություն է ներկայացնում հրատարակչության աշխատողներին աշխատանքի ընդունելու, սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերապատրաստելու, ատեստավորելու կամ նրանց պաշտոնեական առաջխաղացման վերաբերյալ,
7) առաջարկություն է ներկայացնում իր բացակայության ժամանակ իրեն փոխարինող (ըստ անհրաժեշտության) նշանակելու վերաբերյալ,
8) սահմանված կարգով տնօրինում է հրատարակչությանը հատկացված ֆինանսական միջոցները,
9) հրատարակչության անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
10) իրականացնում է հրատարակչության գործունեության հետ կապված, ՀՀ գործող օրենսդրությանը և ԵՊՀ կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ:
8. Հրատարակչությունում գործում է գրահրատարակչական խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), որը ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ներկայացնող մարմին է:
9. Խորհրդի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով՝ 5 տարի ժամկետով: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ոլորտային փորձագետներ:
Խորհրդի նախագահն ու քարտուղարն ընտրվում են խորհրդի անդամներից՝ ձայների պարզ մեծամասնությամբ:
Ըստ անհրաժեշտության, խորհրդի նախագահի որոշմամբ, խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հրավիրյալ այլ մասնագետներ:
10. Խորհուրդը՝
1) սահմանում է ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման առաջնահերթությունները,
2) հաստատում է հրատարակումների հեռանկարային և կարճաժամկետ ծրագրերը,
3) կատարում է հրատարակումների արդյունքների վերլուծություն և ամփոփում,
4) քննարկում և մասնագիտական եզրակացություն է տալիս գրահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման վերաբերյալ,
5) քննարկում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գիտական ամսագրի աշխատակազմի (գլխավոր խմբագիր, պատասխանատու քարտուղար, խմբագրական խորհուրդ) կառուցվածքը, ըստ անհրաժեշտության կատարում է փոփոխություններ,
6) իր իրավասության շրջանակում իրականացնում է այլ լիազորություններ:
11. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն երկու անգամ, առկա կամ հեռավար (կամ երկուսի զուգակցման) ձևաչափով: Խորհրդի նիuտերը վարում է նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում նիստը վարում է նախագահի կողմից նշանակված անդամներից մեկը:
Խորհրդի քարտուղարը նիստի օրվա և վայրի մասին անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստի անցկացումից առնվազն 7 օր առաջ:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին: Քվորում չլինելու դեպքում խորհրդի նիստը հետաձգվում է մինչև 5 աշխատանքային օր ժամկետով, ինչի մասին ծանուցվում են խորհրդի անդամները:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ:
12. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նրա երկարատև հիվանդության պատճառով, սեփական դիմումի համաձայն, մեկ տարվա ընթացքում խորհրդի նիստերին երկու անգամից ավելի անհարգելի բացակայելու դեպքում կամ խորհրդի նախագահի որոշմամբ:
13. Խորհրդում քննարկման ներկայացված ուսումնագիտական աշխատանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն գիտակրթական որևէ կառույցի կողմից (երաշխավորները պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հետազոտությունների հեղինակներ) և անցած լինեն նախնական ստուգում:
Հրատարակման ներկայացված աշխատանքները կարող են ըստ անհրաժեշտության, խորհրդի որոշմամբ ուղարկվել լրացուցիչ գրախոսման:
14. Խորհուրդը ստացված երաշխավորության և քննարկման արդյունքում տալիս է դրական կամ բացասական եզրակացություն աշխատությունը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությանը ներկայացնելու հարցի վերաբերյալ:
Խորհրդի կայացրած որոշման մասին եռօրյա ժամկետում ծանուցվում է հեղինակին:
15. ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունները կարող են ներկայացվել ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը միայն խորհրդի կողմից մասնագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո:
16. Արգելվում է հրատարակչության կողմից խորհրդի անդամներին տրամադրված գրքերի թվային և տպված տարբերակները փոխանցել երորրդ անձանց:
17. Խորհրդի փաստաթղթերը արխիվացվում և պահվում են հրատարակչությունում՝ առնվազն 2 տարի ժամկետով:
18. Հրատարակչության աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներ(սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Հրատարակչության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
20. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
21. Սույն կանոնադրությունը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: