General information
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Շարունակական կրթության կենտրոնը (այսուհետև՝ կենտրոն) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետև՝ ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ կանոնադրության ու սույն կանոնադրության հիման վրա:
3. Կենտրոնի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ։
4. Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Կենտրոնի խնդիրներն են՝
1) մշակել և իրականացնել ուսանողների համար արտալսարանային կրթական ծրագրեր,
2) մշակել և իրականացնել ԵՊՀ աշխատողների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման և կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր,
3) մշակել և իրականացնել շարունակական և լրացուցիչ կրթական ծրագրեր շահառուների լայն շրջանակի համար, կարճաժամկետ և երկարաժամկետ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր մեծահասակ սովորողների տարբեր թիրախային խմբերի համար (ներառյալ՝ ներբուհական, միջբուհական, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցության շրջանակներում),
4) կազմակերպել հանրային դասախոսություններ, սեմինարներ, ամառային դպրոցներ և աշխատարաններ ուսանողների, դասախոսների, հետազոտողների և այլ խմբերի համար,
5) իրականացնել հետազոտություններ, մշակել կարգեր և ծրագրեր ուղղված վերոնշյալ խնդիրների իրականացման արդյունավետության բարձրացմանը:
3. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
6. Կենտրոնը ղեկավարում է Կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
7. Կենտրոնի տնօրենը`
1) կազմակերպում ու վերահսկում է կենտրոնի ընթացիկ (ամենօրյա) գործունեությունը, կենտրոնում վարվող գրագրությունն ու ներքին գործավարությունը,
2) ապահովում է կենտրոնի գործառույթների պատշաճ իրականացումը, լուծում դրանց իրագործման ընթացքում ծագած խնդիրները, կենտրոնի աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման,
3) կենտրոնի աշխատողների միջև կատարում է աշխատանքային գործառույթների բաշխում,
4) ստորագրում է կենտրոնի կողմից պատրաստվող փաստաթղթերը, Կենտրոնի գործառույթների շրջանակներում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, վճարովի կրթական ծրագրերի նախահաշիվներ, պայմանագրեր նախագծեր, հաշվետվություններ, առաջարկություններ, մասնագիտական եզրակացություններ և այլ փաստաթղթեր,
5) սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ ռեկտորատի նիստերին, ԵՊՀ ռեկտորի կողմից հրավիրված խորհրդակցություններին, ԵՊՀ մշտական ու ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է մասնագիտական կարծիքներ ու եզրակացություններ,
6) սահմանված կարգով կենտրոնի անունից հանդես է գալիս պետական մարմիններում և շարունակական կրթությամբ զբաղվող այլ կազմակերպություններում, համագործակցում է ֆակուլտետների, ամբիոնների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ,
7) ԵՊՀ ռեկտորին առաջարկություն է ներկայացնում Կենտրոնի աշխատողներին սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերապատրաստելու, ատեստավորելու կամ նրանց պաշտոնեական առաջխաղացման վերաբերյալ,
8) առաջարկություն է ներկայացնում իր բացակայության ժամանակ իրեն փոխարինող նշանակելու վերաբերյալ,
9) իրականացնում է կենտրոնի գործունեությանն առնչվող, ՀՀ գործող օրենսդրությանն ու ԵՊՀ կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ:
8. Կենտրոնի աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքային նկարագրով), ԵՊՀ ներքին իրավական ակտերով ու կենտրոնի տնօրենի հանձնարարականներով։
9. Աշխատանքային պարտականությունների կատարման արդյունքում ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են գույքային ու անձնական լիակատար պատասխանատվություն։
10. Կենտրոնի աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11. Կենտրոնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
12. Սույն կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
13. Սույն կանոնակարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: