General information
ՄԻՋՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԵԶԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) միջմասնագիտական հետազոտական թեզերի կատարումը խրախուսելու համար ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներին հետազոտական կրթաթոշակներ (այսուհետ՝ կրթաթոշակ) տրամադրելու կարգը։
2. Հայտատուն կրթաթոշակ ստանալու համար յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում e-request.ysu.am համակարգի միջոցով միջմասնագիտական թեզ գրելու վերաբերյալ հայտ է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին՝ կցելով մրցութային փաթեթը։ Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը ենթակա չեն քննարկման:
3. Մրցութային փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ՝ «pdf» կամ «jpg» ձևաչափով (ստորագրված)՝ ձևաչափը կցվում է,
2) նախագիծ՝ «pdf» կամ «jpg» ձևաչափով (ստորագրված)՝ ձևաչափը կցվում է,
3) միջմասնագիտական թեզի անվանման մասին հրաման,
4) ուսումնական ղեկավարի զեկուցագիր՝ ստորաբաժանման միջմասնագիտական մագիստրոսական թեզ գրելու վերաբերյալ՝ բոլոր կատարողների և նրանց գիտական ղեկավարների մասին տեղեկատվությամբ,
5) աջակցության նամակ տրված երկու ուսանողների գիտական ղեկավարների կողմից,
6) ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածք։
4. Կրթաթոշակի ստացման համար կարող են դիմել ԵՊՀ մագիստրատուրայի նույն տևողությամբ տարբեր կրթական ծրագրերում սովորող, 16 և բարձր միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողները, ովքեր համապատասխան ուսումնական ստորաբաժանումից ներկայացված զեկուցագրի համաձայն ներառվել են միջմասնագիտական թեզի կատարման ծրագրում և ունեն հաստատված հետազոտական թեմա:
5. Կրթաթոշակի փաթեթի փորձաքննությունն իրականացնում է ԵՊՀ մեթոդական խորհուրդը: Այդ նպատակով խորհուրդը հրավիրում է փորձագետների, հաստատում է փորձաքննության արդյունքները, անհրաժեշտության դեպքում կազմակերպում կրկնակի փորձաքննություն ու ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆինանսավորման երաշխավորված հետազոտական թեզերի ցանկը։
6. Հայտերի փորձաքննությունն ու գնահատումը կատարվում է ըստ հետևյալ չափանիշների՝
1) աշխատանքի արդիականություն,
2) նորարարական հետազոտական մոտեցումներ,
3) ԵՊՀ առաքելությանը և/կամ ռազմավարական ծրագրի նպատակներին համապատասխանություն,
4) ուսումնական ստորաբաժանման հետազոտական առաջնահերթություններին համապատասխանություն:
7. Կրթաթոշակի առավելագույն չափը 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ է, որը տրվում է ծրագրում ներառված ուսանողներին մագիստրոսական թեզի իրականացման ընթացքում ` հավասար չափաբաժիններով՝ ըստ ուսումնական կիսամյակների։
8. Թեզի պաշտպանությունից հետո կրթաթոշակի մասնակիցները պետք է ԵՊՀ մագիստրատուրայի բաժին՝ ներկայացնեն ամփոփիչ հաշվետվություն, որի հիման վրա մեթոդական խորհուրդը տալիս է եզրակացություն՝ ծրագրի իրականացման վերջնարդյունքների մասին: