General information
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՒՍՈՒՑՄԱՆ) ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ (ԾՐԱԳՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) (այսուհետ՝ դասընթացներ) կազմակերպման կարգը:
2. Սույն ընթացակարգը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 25-ի թիվ 432-Ա/2 հրամանի և ՀՀ իրավական այլ ակտերի հիման վրա:
3. Դասընթացներին կարող են մասնակցել տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք և ԵՊՀ ուսանողները (ռեկտորի հրամանով հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան):
4. Դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարման կարգը սահմանվում է մասնակցի հետ կնքվող պայմանագրով, իսկ վճարման չափը՝ ռեկտորի հրամանով:
5. Բարձրագույն կրթությամբ մասնակցի համար դասընթացների տևողությունը 3 ամիս է:
6. ԵՊՀ ուսանողները դասընթացներին մասնակցում են հիմնական կրթաբլոկին զուգահեռ («240 ECTS կրեդիտ + 30 ECTS կրեդիտ» ձևաչափով)՝ ուսումնական պլանին ու դասացուցակին համապատասխան:
7. Դասընթացներն իրականացնում ու համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն):
8. Դասընթացներին մասնակցելու թույլտվությունը տրվում է ռեկտորի հրամանով, որի հիման վրա մասնակցի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
2. ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Բարձրագույն կրթությամբ մասնակիցը դասընթացներին մասնակցելու դիմումը ներկայացնում է Կենտրոն, իսկ ԵՊՀ ուսանող-մասնակիցը՝ համապատասխան ուսումնական ստորաբաժանման գրասենյակ:
10. Բարձրագույն կրթությամբ մասնակիցը դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի, բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակներն ու պատճենները, 1 լուսանկար ու վճարման կտրոնը:
11.Բարձրագույն կրթությամբ մասնակցի դասընթացները կազմակերպվում են հետևյալ ժամանակացույցով.
1) 1-ին ուսումնական կիսամյակում՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում. դիմումները ներկայացվում են տվյալ ուսումնական տարում՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը,
2) 2-րդ ուսումնական կիսամյակում՝ փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, դիմումները ներկայացվում են տվյալ ուսումնական տարում՝ հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը:
12. ԵՊՀ ուսանող-մասնակիցը յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի դասընթացներին մասնակցելու համար ներկայացնում է վճարման կտրոնը և գրանցվում ուսումնական ստորաբաժանման գրասենյակում դասընթացների մեկնարկին նախորդող կիսամյակում.
1) 1-ին ուսումնական կիսամյակում՝ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը,
2) 2-րդ ուսումնական կիսամյակում՝ մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը:
3. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ (ԾՐԱԳՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Դասընթացների վերջնարդյունքում հատկացվում է ընդհանուր 30 ECTS կրեդիտ: Մեկ ECTS կրեդիտը համարժեք է 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային ու ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը (ընդհանուր 900 ժամ):
14. Դասընթացների (ծրագրի) արդյունքում հատկացվող կրեդիտներն են՝
1) «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» (5 կրեդիտ՝ 150 ժամ, որից 70 ժամ՝ լսարանային, 80 ժամ՝ ինքնուրույն ու արտալսարանային),
2) «Մանկավարժություն» (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն ու արտալսարանային),
3) «Հոգեբանություն» (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից՝ 60 ժամ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն ու արտալսարանային),
4) մասնագիտական կամընտրական դասընթացներ. «Ուսուցման և դասավանդման մեթոդիկա» (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ լսարանային, 60 ժամ ինքնուրույն ու արտալսարանային),
5) «Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ» (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն ու արտալսարանային),
6) հետազոտական աշխատանք (3 կրեդիտ՝ 90 ժամ),
7) մանկավարժական պրակտիկա (6 կրեդիտ՝ 180 ժամ):
15. Դասընթացների նկարագրիչները, ուսումնամեթոդական նյութերն ու անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրվում են e-learning.ysu.am ուսուցման կառավարման համակարգում և հասանելի դառնում մասնակցին:
4. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ (ԾՐԱԳՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Մասնակիցը կարող է մասնակցել դասընթացների եզրափակիչ գնահատմանը յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում:
17. Դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի շեմը (10 միավոր) չապահոված մասնակցին քննության վերահանձնում չի թույլատրվում:
18. Բաց թողնված դասընթացների կրեդիտները մասնակիցը կարող է լրացնել հաջորդ ուսումնական տարիների ընթացքում կամ ավարտելուց հետո:
19. Ծրագրի ավարտից հետո առնվազն 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր: Սույն հավաստագրով վերջինս կարող է ուսուցիչ աշխատել համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների։