General information
ՀՐԱՎԻՐՅԱԼ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) հրավիրյալ պրոֆեսորի (այսուհետ՝ Պրոֆեսոր) դասավանդման դրամաշնորհի (այսուհետ՝ Դրամաշնորհ) տրամադրման պահանջները և մրցույթի անցկացման կանոնները:
1.2. Դրամաշնորհի տրամադրման նպատակը կրթության ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցության խթանումն է և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթության տրամադրումը:
1.3. Դրամաշնորհի տրամադրման և մրցույթի իրականացման գործընթացը համակարգում և կազմակերպում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն):
2. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Ուսումնական ստորաբաժանումը դրամաշնորհի մրցույթի մասնակցության հայտը՝ կից փաստաթղթերով, կարող է ներկայացնել Վարչություն յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ուղարկելով այն education@ysu.am էլ. փոստին:
2.2. Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը ենթակա չեն քննարկման:
2.3. Մրցութային փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1) ուսումնական ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիր Դրամաշնորհի մասնակցության վերաբերյալ,
2) Պրոֆեսորի ինքնակենսագրություն (CV),
3) առաջարկվող դասընթացների նկարագրիչներ՝ «pdf» կամ «jpg» ձևաչափով (ստորագրված),
4) կրթական ծրագրի ղեկավարի հիմնավորում՝ հրավիրյալ պրոֆեսորի կողմից դասավանդման անհրաժեշտության վերաբերյալ,
5) ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածք Դրամաշնորհի երաշխավորման վերաբերյալ:
2.4. Դրամաշնորհի տրամադրման մրցույթի անցկացման և հայտերի փորձաքննության կազմակերպումը համակարգում է ԵՊՀ մեթոդական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդը):
2.5. Հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, Խորհուրդը կազմակերպում է Դրամաշնորհի հայտերի փորձաքննություն:
2.6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
2.7. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
2.8. Խորհրդի կողմից ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը ներակայացվում է ռեկտորի հաստատմանը:
3. ՊՐՈՖԵՍՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3.1.Հրավիրյալ պրոֆեսոր կարող է լինել օտարերկրյա համալսարաններում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող այն անձը, ում Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» (https://www.scopus.com/freelookup/from/author.uri) գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների, պետք է լինի առնվազն 4՝ հասարակագիտական և 7՝ բնագիտամաթեմատիկական ուղղությունների համար:
3.2. Պրոֆեսորը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում մեկ կիսամյակ և դասավանդի 6 կրեդիտին համարժեք մասնագիտական դասընթաց/ներ, ինչպես նաև ղեկավարի առնվազն մեկ ավարտական աշխատանք կամ մագիստրոսական թեզ: Հատուկ դեպքերում (համապատասխան պրոռեկտորի հաստատմամբ և դասընթացը սեղմ ժամկետում իրագործելու հնարավորության դեպքում) հրավիրյալ պրոֆեսորը կարող է գտնվել Հայաստանի Հանրապետությունում ավելի սեղմ ժամկետում, սակայն ոչ պակաս քան 30 աշխատանքային օր:
3.3. Պրոֆեսորն իր պաշտոնական էլեկտրոնային հասցեից պետք է education@ysu.am էլեկտորնային հասցեին ուղարկի իր կենսագրական տվյալները (Curriculum Vitae) և հաստատող նամակ (Letter of Confirmation)՝ նշելով, որ ծանոթ է Դրամաշնորհի հրավերով նախատեսված իր պարտականություններին և գործառույթներին:
4.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Պրոֆեսորի աշխատանքի վարձատրութան և կեցության ապահովման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5000,0 հազար ՀՀ դրամը:
4.2. Պրոֆեսորի Հայաստանի Հանրապետության գործուղման ծախսերը հոգալու համար նախատեսվում է առավելագույնը 500,0 հազար ՀՀ դրամ:
4.3. Ընթացիկ դրամաշնորհում կարելի է փոփոխություններ կատարել՝ դրանք նախապես համաձայնեցնելով համապատասխան պրոռեկտորի հետ:
4.4. Դրամաշնորհի կատարման ընթացքում սույն կարգով սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում ֆինանսավորումը կարող է դադարեցվել՝ ուսումնական ստորաբաժանմանը երեք տարի ժամկետով զրկելով դրամաշնորհին դիմելու իրավունքից: