General information
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) գիտական խորհրդի (այսուհետ՝ գիտական խորհուրդ) կազմի իրավասությունը, ձևավորման ու գործունեության կարգը, նիստերի նախապատրաստման, անցկացման ու որոշումների ընդունման ընթացակարգը:
2. Սույն աշխատակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են գիտական խորհրդի կողմից:
2. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
3. Գիտական խորհուրդը ԵՊՀ ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող ու կարգավորող կոլեգիալ մարմին է:
4. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
5. ԵՊՀ գիտական խորհուրդը՝
1) հաստատում է իր աշխատակարգը,
2) ռեկտորի միջոցով կարող է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնել առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ,
3) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության օրինակելի կանոնակարգերն ու ներքին իրավական այլ ակտերը,
4) հաստատում է ԵՊՀ էթիկայի կանոնագիրքը, ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը, ինչպես նաև ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր,
5) քննարկում ու հաստատում է մասնագիտությունների կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների՝ սահմանում է վճարաչափերը,
6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում է գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող գիտահետազոտական ու գիտամեթոդական կարևորագույն աշխատանքների արդյունքների մասին,
7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական ու այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ շքանշանով ու մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների ու կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ,
8) հաստատում է ինստիտուտների տնօրենների, ֆակուլտետների դեկանների, գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը,
9) շնորհում է գիտական կոչումներ,
10) ընտրում է ինստիտուտի տնօրեն, ֆակուլտետի դեկան, բաց քվեարկությամբ հաստատում է գիտահետազոտական կենտրոնի ղեկավարի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները,
11) լսում է ինստիտուտի տնօրենի, ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունները, դրանց հիման վրա փակ, գաղտնի քվեարկությամբ գնահատում նրանց գործունեությունը: Քվեարկության արդյունքներով անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ինստիտուտի տնօրենի, ֆակուլտետի դեկանի գործունեությունը դրական գնահատականի չարժանանալու դեպքում որոշում է կայացնում նրանց անվստահություն հայտնելու ու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
12) ԵՊՀ գործունեության նպատակներին հակասող կամ սույն աշխատակարգով արգելված արարք կատարելու կամ ԵՊՀ էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով ու ներքին իրավական այլ ակտերով (բացառությամբ ԵՊՀ վարչակազմի բարեվարքության կանոնագրքի) ամրագրված պահանջների կոպիտ կամ պարբերական խախտման դեպքում ռեկտորի կամ գիտական խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ ու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում ինստիտուտի տնօրենի, ֆակուլտետի դեկանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
13) հաստատում է ինստիտուտի տնօրենի, ֆակուլտետի դեկանի կատարողականի արդյունքային ցուցանիշներն ու անվստահություն հայտնելու հիմքերը,
14) ԵՊՀ գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ,
15) ռեկտորին կարող է ներկայացնել առաջարկություններ ԵՊՀ եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ,
16) քննարկում է հանրապետության հասարակական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության՝ ընդունում է հայտարարություններ,
17) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր, ինչպես նաև հաստատում է ֆակուլտետների գիտական խորհուրդների երաշխավորությունները,
18) ըստ անհրաժեշտության՝ ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգն ու աշխատակարգը,
19) իրականացնում է ՀՀ օրենսդրությունից, ԵՊՀ կանոնադրությունից և սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
Սույն կետի 8-րդ, 10-13-րդ ենթակետերը տարածվում են նաև բարձրագույն կրթության մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնող այլ ստորաբաժանումների վրա։
6. Գիտական խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) ԵՊՀ գիտական խորհրդի նախագահին (ռեկտորին) տրված գրավոր դիմումի հիման վրա,
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում,
4) եթե դադարել են գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները,
5) մեկ տարվա ընթացքում գիտական խորհրդի առնվազն երեք նիստից անհարգելի բացակայելու դեպքում,
6) որպես սովորող առաջադրվելու դեպքում սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով,
7) աշխատանքից ազատման դեպքում,
8) մահվան դեպքում,
9) նրան առաջադրած մարմնի որոշմամբ:
(5-րդ կետը լրացվել է ԵՊՀ գիտական խորհրդի 14.04.2025 թ. թիվ 8/1 որոշմամբ):
7. Գիտական խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) չափահաս չէ (լրացած չէ 18 տարին),
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:
3. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
7. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 80 է, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (ԵՊՀ գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար), մասնաճյուղերի, ինստիտուտների, ֆակուլտետների ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ ԵՊՀ աշխատողները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ սույն աշխատակարգին համապատասխան:
(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 14.04.2025 թ. թիվ 8/1 որոշմամբ):
8. Գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը (20 անդամ) սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
9. Ընտրովի անդամների համամասնությունն ու ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինները որոշում է գիտական խորհուրդը գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ, իսկ ստորաբաժանումներում անդամների ընտրությունը կատարվում է ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով:
10. Գիտական խորհրդի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով:
4. ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Գիտական խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է հերթական ու արտահերթ նիստերի միջոցով:
12. Գիտական խորհրդի հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն ութ անգամ:
13. Գիտական խորհրդի նիստերը նախապատրաստում են գիտական խորհրդի նախագահն ու գիտական խորհրդի քարտուղարը:
14. Գիտական խորհրդի քարտուղարը գիտական խորհրդի նիստ (հերթական կամ արտահերթ) հրավիրելու ու նիստի օրակարգի մասին գրավոր (էլեկտրոնային եղանակով) ծանուցում է գիտական խորհրդի անդամներին հերթական նիստի անցկացման օրվանից առնվազն հինգ, իսկ արտահերթ նիստի անցկացման օրվանից՝ առնվազն մեկ օր առաջ: Գիտական խորհրդի տվյալ նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ փաստաթղթային փաթեթը (որոշումների նախագծեր, որոշման հավելվածի նախագծեր, տեղեկանք-հիմնավորումներ և այլն) գիտական խորհրդի անդամներին ուղարկվում է հերթական նիստի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, իսկ արտահերթ նիստի դեպքում՝ առնվազն մեկ օր առաջ):
15. Գիտական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, պարտավոր է հրավիրել այն: Արտահերթ նիստը գումարվում է նախաձեռնող կողմի սահմանած ժամկետում ու օրակարգով։
16. ԵՊՀ գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել առկա, հեռավար կամ համակցված (առկա ու հեռավար զուգացմամբ) եղանակով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
17. Գիտական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների կեսից ավելին:
18. Գիտական խորհրդի անդամների ներկայությունը գրանցում է գիտական քարտուղարը նիստը սկսելուց առաջ: Քվորում չապահովելու դեպքում գիտական խորհրդի նախագահի որոշմամբ գրանցման գործընթացը կարող է երկարաձգվել մինչև 30 րոպե, այդ ընթացքում քվորում չապահովելու դեպքում նիստը հետաձգվում է:
19. Գիտական խորհրդի հերթական նիստի քվորումի բացակայության պատճառով հետաձգված նիստը նույն օրակարգով գումարվում է սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:
20. Գիտական խորհրդի նախագահը, բացելով գիտական խորհրդի նիստը, տեղեկատվություն է տրամադրում քվորումի առկայության վերաբերյալ և քվեարկության է դնում նիստի օրակարգը: Գիտական խորհրդի նախագահի հանձնարարությամբ գիտական խորհրդի նիստը կարող է վարել գիտական խորհրդի անդամներից որևէ մեկը:
21. Գիտական խորհրդի անդամները կարող են առաջարկել նիստի օրակարգում ընդգրկել այլ հարցեր, ինչը սահմանված կարգով դրվում է քվեարկության:
22. Նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկման կարգը, հիմնական ու հարակից զեկույցների, ինչպես նաև ելույթների տևողությունը որոշում է գիտական խորհուրդը գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ:
5. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Քվեարկության ժամանակ գիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե գիտական խորհրդի նիստում քննարկվում է որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա գիտական խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
24. Ինստիտուտի տնօրենի ու ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնների համալրման մրցույթներն ու գիտական կոչումների հավակնորդների ներկայացումը, համահամալսարանական ամբիոնի վարիչի ընտրության ու այլ մրցույթները կատարվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:
25. Փակ, գաղտնի քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկները նախապես պատրաստում է գիտական քարտուղարը:
26. Քվեաթերթիկում նշվում են գիտական խորհրդի նիստի անցկացման ամսաթիվը, հերթական համարը, քվեարկության դրվող հարցի բովանդակությունը, քվեարկության հնարավոր տարբերակները («կողմ», «դեմ»):
27. Քվեարկությունից առաջ հաշվիչ հանձնաժողովի նախագահը, ըստ անհրաժեշտության, գիտական խորհրդին տեղեկատվություն է տրամադրում քվեարկության անցկացման ու քվեաթերթիկի լրացման կարգի վերաբերյալ:
28. Քվեաթերթիկը վավեր է, եթե դրանում քվեարկվել է միայն մեկ տարբերակ, չկան այլ նշումներ կամ գրառումներ:
29. Հաշվիչ հանձնաժողովի անդամներն առանձին սենյակում բացում են քվեատուփը և իրականացնում են քվեարկության արդյունքների հաշվառում:
30. Քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
31. Քվեարկության արդյունքները հաստատվում են գիտական խորհրդի նույն նիստում բաց քվեարկությամբ:
6. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
32. Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այդ որոշման ընդունման համար քվեարկության այլ կարգ չի սահմանել:
33. Գիտական խորհրդի որոշումներն ու հավելվածները ստորագրում է գիտական խորհրդի նախագահը:
34. Գիտական խորհրդի նախագահն իրավասու է կասեցնելու գիտական խորհրդի այն որոշումները, որոնք չեն բխում խորհրդի լիազորություններից, հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը, սույն աշխատակարգին, ներքին իրավական այլ ակտերին և նշված հարցը դնել վերաքննարկման ու վերաքվեարկության գիտական խորհրդի նույն կամ այլ նիստում:
7. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
35. Գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են գիտական խորհրդի քարտուղարի կողմից, ու գիտական խորհրդի նիստից հետո՝ տասնօրյա ժամկետում, նիստի արձանագրությունը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Արձանագրությունը ստորագրում են գիտական խորհրդի նախագահն ու գիտական խորհրդի քարտուղարը:
36. Նիստի արձանագրության մեջ նշվում են նիստի անցկացման ամսաթիվը, վայրը, նախագահը, քարտուղարը, քվեակազմը, նիստի օրակարգը, զեկուցումների ու ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության արդյունքներն ու գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումները:
8. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Հարցման կարգով գիտական խորհրդի նիստերն անցկացվում են էլեկտրոնային եղանակով՝ անդամների էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելով նիստի օրակարգն ու հարցերի փաթեթը։
38. Հարցման կարգով չեն կարող անցկացվել այն նիստերը, որոնց օրակարգում կա փակ, գաղտնի քվերակության հարց։
39. Հարցման կարգով անցկացված նիստերն արձանագրվում են։
9. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
40. Հաշվիչ հանձնաժողովը ստեղծվում է գիտական խորհրդի որոշմամբ` խորհրդի անդամների փոխատեղման (ռոտացիայի) սկզբունքով: Յուրաքանչյուր նիստում հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատում է գիտական խորհուրդը գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ` ըստ գիտական խորհրդի ցուցակային կազմի: Հաշվիչ հանձնաժողովը անդամների թիվը 3 է:
41. Հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում ու անցկացնում է քվեարկությունը, պարզաբանում է քվեարկության ընթացքում առաջացող հարցերը, քվեարկության կարգը, ապահովում է քվեարկության կարգի պահպանումը, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն՝ այն ներկայացնելով գիտական խորհրդի հաստատմանը:
10. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
42. Գիտական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, կարող են ստեղծվել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ (իրավական ակտերի մշակման ու փորձաքննության, մրցութային, որակի ապահովման, մեթոդական և այլն), որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունն ու աշխատակարգը սահմանում է գիտական խորհուրդը:
43. Հանձնաժողովների խնդիրներն են իրենց կանոնակարգման ոլորտի հարցերի ուսումնասիրումը, նախապատրաստումն ու դրանց վերաբերյալ գիտական խորհրդին առաջարկությունների ներկայացումը:
44. Հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը որոշում է գիտական խորհուրդը:
45. Հանձնաժողովներն իրենց ոլորտին վերաբերող հարցերը քննարկում են գիտական խորհրդի և/կամ ռեկտորի հանձնարարությամբ:
46. Հանձնաժողովներն իրավասու են ԵՊՀ մարմիններից, կառուցվածքային ստորաբաժանումներից ու պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր ու նյութեր:
47. Հանձնաժողովների նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում:
Հանձնաժողովների եզրակացությունները և այլ ակտերի նախագծերը հաստատվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
48. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն հանձնաժողովում քննարկված հարցերի վերաբերյալ ունենալու հատուկ կարծիք և այն ներկայացնելու գիտական խորհրդին: