- Main
- Node
- Պարույր Սևակ. դրվագներ կյանքից
September 07, 2026 | 13:30
Կրթություն
Մշակույթ
Շրջանավարտներ
Պարույր Սևակ. դրվագներ կյանքից
Մեծ հաճույքով թե՛ վեպեր էր ընթերցում, թե՛ երկրաչափական խնդիրներ լուծում: Ուսուցիչներից յուրաքանչյուրը համոզված էր, որ ապագա բանաստեղծն ուսումը պիտի շարունակի իր առարկայի ուղղությամբ:
Պարույր Սևակը՝ աշակերտ
Ապագա բանաստեղծը դպրոց է գնացել վեց տարեկանում: Արդեն գրաճանաչ մանուկը տեղյակ էր թվաբանական չորս գործողություններին: Սիրում էր բոլոր առարկաները, այդ թվում՝ ֆիզիկամաթեմատիկականները։
Գյուղում ուսանելու դժվարին տարիներին, ըստ բանաստեղծի, չկային թուղթ ու մատիտ, չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով։ Պակասում էին նաև ուսուցիչները: Եղածներն էլ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթություն ունեին: Իններորդ դասարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, օրինակ, տասներորդ դասարանում ստիպված էր գրականություն դասավանդել: Սևակը հիշում է, որ գիշերները գրում էր հաջորդ օրվա անցնելիք գրողի «կյանքն ու գրական գործունեությունը», որ առավոտյան ֆիզկուլտուրայի ուսուցիչն աշակերտներին թելադրեր այն: Բոլորի հետ մեկտեղ թելադրածը գրում էր նաև պատանի Սևակը: Եվ այդպես՝ ամբողջ տարին:
Բանաստեղծ դառնալու ճանապարհին
Տասնմեկ տարեկանում նա գրում է իր առաջին բանաստեղծությունը, որը նվիրված էր… Զինաիդային՝ Տուրգենևի հերոսուհուն… Դպրոցում իր ստեղծագործությունները տպագրում էր «Պարույր Արեգունի» ստորագրությամբ:
Բանաստեղծն ինքնակենսագրականում գրում է, որ գիրք չկար, ուստի գյուղից գյուղ էին գնում գիրք խնդրելու. «Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին՝ գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն՝ կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի), և նույնիսկ... «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի «Երկեր»-ի 1-ին հատորը՝ ուրեմն նաև «Առաջին սեր»: Տասնմեկամյա մանուկն ի՞նչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից՝ դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր առաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, Մայիսի 1-ի կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի. սրտաշարժ փաստ, չէ՞»:
Գյուղում տարածված կարծիք էր՝ կարդալուց մարդկանց աչքերին կա՛մ սև ջուր է իջնում, կա՛մ խելքներն են թռցնում: Սևակի ընտանիքի անդամները մշտապես երկյուղել են, որ նա շատ կարդալուց կգժվի: Սևակի հայրական պապի մասին գյուղացիները պատմում էին, որ եզները լծած, սերմացուն ջորուն բարձած՝ նա գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով՝ մոռանում է ոչ միայն լծված եզների գոյության մասին, այլև այն, որ սերմացուի 8-փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:
Չանսալով հարազատների խրատ-հորդորներին՝ Սևակը շարունակում էր «գժվելու ճանապարհը»: Բանաստեղծը հիշում է մոր հետ հետևյալ երկխոսությունը.
- Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ:
- Բա ի՞նչ,- պատասխանում էի ես:
- Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը:
- Բա ո՜նց:
- Է՜հ, կուրանամ ես, չելա՜վ...
- Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ:
- Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ:
Բանաստեղծը պատմում է՝ իր մայրը գրել-կարդալ չգիտեր, ուստի չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց անընդհատ լսելով դստեր ու որդու բարձրաձայն ընթերցանությունը՝ գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Հովհաննես Թումանյանի անունը չմտաբերող կինը սրտանց ցանկանում էր, որ որդին «Գիքորը» գրողի պես մարդ դառնա:
Համալսարանական առաջին հիասթափությունները
1940 թվականին ԵՊՀ ընդունվելուց հետո Պարույր Ղազարյանը բախվում է հիասթափություն կոչվող պատին։
«Համալսարանական կյանքի առաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կյանքի այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է ուշքի գալ-ը: Ամենից առաջ՝ իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն՝ գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր՝ մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին)… Զգացի սեփական ուղնուծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել... 4 գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները»,- հիշում է նա:
Հանդիպում Չարենցի հետ
Հասկացա, որ բանաստեղծ չեմ
Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս
Պ. Դուրյան
Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս 3 տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին սովետահայ գրականության ողնաշար, այսօր դարձել էր ժողովրդի թշնամի: Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը՝ իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգն արհամարհելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի. «Հասկացա, որ բանաստեղծ չեմ»:
Ճշմարիտ բանաստեղծության էությունը
Մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է՝ օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է՝ հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է 2 բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է՝ վերամբարձ-ճոռոմ ոճով (որ անում էին մարտիկ-պոետները), եթե հարկավոր է՝ աշուղական հանգով (որ բնագավառն էր հուզական լիրիկայի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը…»:
Ըստ Սևակի
Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:
... բանաստեղծությունը շղթայել օրացույցին՝ նույնն է, թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ «Խորհրդավոր ընթրիք»-ը փակցնել բաղնիքում,
…ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի «ալելուիա»-ի և «ամեն»-ի հետ. ամենաշա՜տը՝ նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը,
...ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն,
...բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ՝ օտար մի ուժով պտտվող,
...բանաստեղծ կոչումը կրծքանշան չէ՝ առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը,
…գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ... առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:
Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել:
Պարույր Սևակը՝ ԵՊՀ ուսանող
Հրաժարվելով գրող դառնալու մտքից՝ որոշում է զբաղվել գրականագիտությամբ և բանասիրությամբ, սովորում է գրաբար, բնագրով կարդում հայ պատմիչներին, ուսումնասիրում լեզվաբանություն, ռուսաց լեզու և գրականություն, օտար լեզու և այլն, ծանոթանում համաշխարհային պոեզիային: Իմանալով, որ Չարենցի գրքերն արգելվել են, գրադարանից գողանում է «Գիրք ճանապարհին»։
«Պատմում են, որ հանրակացարանում, ուր ապրում էր ինքը, շատ հաճախ գլուխը ամուր կապում էր շորով (գլխացավ չունենալու համար), ոտքերը դնում սառը ջրի մեջ (քունը չտանելու համար) և գիշերները լուսացնում կարդալով և նշումներ ու մշակումներ կատարելով»,- գրում է նրա կենսագիր Արիստակեսյանը:
Համալսարանում Պարույր Ղազարյանի դասախոսներն են եղել Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, Արսեն Տերտերյանը:
Շուտով իր գիտելիքներով նա գերազանցում է նույնիսկ բարձր կուրսերի ուսանողներին։
«Քաղաքային կյանքին, նիստ ու կացին անծանոթ պատանին՝ իր արտահայտիչ աչքերով, հոնքերից սկսվող կոշտ ու գանգուր մազերով, հաստ շրթունքներով ու սևությամբ, դառնում է համալսարանի ամենաճանաչված ուսանողը։ Պարույրի մեջ կար մագնիսական-ձգողական ուժեղ հատկություն, որ դեպի իրեն էր գրավում ոչ միայն ծանոթներին, այլև անծանոթներին։ Նրա կողքին ամեն ինչ գունավորվում էր ու կենդանանում»,- ընդգծում է Արիստակեսյանը:
1942 թվականին՝ երկամյա ընդմիջումից հետո, Պարույր Ղազարյանը գրում է «Լինել, թե չլինել» բանաստեղծությունը, «Աղոթքներ» շարքը: Նույն թվականին «Սովետական գրականություն» ամսագրում, որի խմբագիրն այդ ժամանակ Ռուբեն Զարյանն էր, «Պարույր Սևակ» ստորագրությամբ տպագրվում են Սևակի գրական փորձերից մի քանիսը։ Ամսագրի 1942 թվականի յոթերորդ համարում լույս են տեսնում «Անխորագիր», ութերորդ համարում՝ «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» ստեղծագործությունները։ «Սովետական գրականություն» ամսագրում Սևակի բանաստեղծությունների տպագրությունը բուռն քննարկման առիթ է դառնում Գրողների միությունում:
Հետայդու Ռուբեն Զարյանը Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվում է աշխատանքից, իսկ վերջինիս ստեղծագործությունները չեն տպագրվում մինչև 1948 թվականը:
Գուցե հիշե՞նք՝ տակավին պատանի բանաստեղծին ժամանակին մերժել են մարդիկ, որոնք հետագայում պարտադրված են խոստովանել, որ ի հայտ է եկել մի մեծ գրական անհատականություն։
Պարույր Սևակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր
Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ Պարույր Սևակը 1962 թվականի վերջին ձեռնամուխ է լինում «Սայաթ-Նովա» ուսումնասիրության նախապատրաստական աշխատանքներին, իսկ 1966 թվականին գրելով աշխատության երրորդ մասը՝ ավարտում է մենագրությունն ու այն ներկայացնում Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար:
Պաշտպանությունը տեղի է ունենում 1967 թվականի հունիսի 27-ին: Պաշտոնական ընդդիմախոսները՝ Մորուս Հասրաթյանը, Ռուբեն Զարյանը, Ասատուր Մնացականյանը, Սուրեն Աղաբաբյանը, առաջարկում են Պարույր Սևակին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Ինստիտուտի համապատասխան խորհուրդն ընդունում է նրանց առաջարկն ու միաձայն որոշում «Սայաթ-Նովա» մենագրության համար Սևակին շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: ԽՍՀՄ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովն այդ որոշումը հաստատում է 1969 թվականին:
Չիրականացած երազանք
«Սայաթ-Նովան և հայ միջնադարյան տաղերգուները» ավարտելուց հետո մեծ գրողը նպատակ ուներ ձեռնամուխ լինելու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանությանը, որը սոսկ բանաստեղծական թարգմանություն չպիտի լիներ, այլ գիտական թարգմանություն:
Ցավոք, բանստեղծի անժամանակ և ողբերգական մահը 1971 թվականի հունիսի 17-ին կանխեց հրաշալի մտահղացման իրագործումը:
Հոդվածը պատրաստվել է Պ. Սևակի «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրական գրառումների և այլ աղբյուրների հիման վրա