
«APPEAR»-ից ֆինանսավորվող «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գործուղում Վիեննայի համալսարան: Գործուղման ընթացքում տեղի են ունեցել մեկնարկային աշխատաժողով և գիտական քննարկումներ «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» թեմայով ծրագրի մեջ ընդգրկված արտասահմանայն գործընկերների մասնակցությամբ: Աշխատաժողովին ներկա է եղել նաև «OeAD-GmbH – Austria’s Agency for Education and Internationalisation» ծրագրի համակարգող Էլկե Ստինիգը: Աշխատաժողովին ԵՊՀ աշխատակիցները մանրամասն ներկայացրել են ինչպես Կենսաբանության ֆակուլտետում, այդ թվում՝ բուսաբանության և սնկաբանության ամբիոնում տարվող գիտական և կրթական շխատանքների, այնպես էլ ԵՊՀ տարբեր գիտական և կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Կլոր սեղանի շուրջ քննարկվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները, և սահմանվել գործողությունների ժամանակացույցը:

Քննարկվել են ընդունող համալսարանի ուսումնական ծրագրերը, մանկավարժական մեթոդաբանությունը և լաբորատոր պարապմունքների անցկացման ձևաչափը:
«BioBarFungArm» նախագիծը խթանում է Վիեննայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտակրթական համագործակցությունը՝ սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղղությամբ: Նախագիծը միտված է ուժեղացնելու հետազոտական կարողությունները, խթանելու բարձրագույն կրթությունը և աջակցելու կայուն զարգացմանը։ Այն ամրապնդում է համագործակցությունը համալսարանների միջև՝ վերապատրաստելով երիտասարդներին, ծանոթացնելով նրանց ժամանակակից սնկաբանական և բուսաբանական հետազոտությունների նորագույն մեթոդների հետ:
«BioBarFungArm»-ը հավատարիմ է գենդերային բաղադրիչի ներառմանը՝ ապահովելով հավասար հնարավորություններ կանանց համար։ «APPEAR» ծրագրի շրջանակում այն համահունչ է Կայուն զարգացման 4-րդ, 5-րդ և 15-րդ նպատակներին՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Նախաձեռնությունն աջակցում է «STEM» կրթությանը, որը կարևոր է այնպիսի գլոբալ մարտահրավերների համար, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը և թվայնացումը: Այն նաև նպաստում է բնական գիտությունների զարգացմանը Հայաստանում։

Հայաստանում սնկաբանության և անտառային էկոհամակարգերի պահպանության ոլորտի մասնագետների պատրաստումը ծրագրի կարևոր ուղղություններից մեկն է: Նախագիծն արդիականացնում է Երևանի պետական համալսարանի ուսումնական ծրագրերը՝ զարգացնելով շրջանավարտների գործնական հմտությունները և բարձրացնելով նրանց պահանջվածությունը գործատուի կողմից: Միջազգային համագործակցության շրջանակում «BioBarFungArm»-ը կաջակցի գիտությանը և կրթությանը՝ ապագա սերունդներին ապահովելով բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթությամբ։
Ծրագրի համակարգող՝ Սիրանուշ Նանագյուլյան
Համակարգող կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան
Ծրագրի տևողությունը՝ 01․03․2025-28․02․2027 (24 ամիս)