ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կայացավ ամբիոնների վարիչների տարեկան հաշվետվությունը, որի շրջանակում ամփոփվեցին նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու առաջիկա նպատակները:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը։ Նա մեծապես արժևորեց և բարձր գնահատեց յուրաքանչյուր ամբիոնի ներդրումը կրթական գործընթացի որակի բարձրացման գործում։
Հաշվետվությունների հիմնական նպատակը ամբիոնների աշխատանքների գնահատումն էր՝ կրթական, գիտական, ուսումնամեթոդական և կազմակերպական ոլորտներում: Ամբիոնների վարիչները մանրամասն ներկայացրին կատարած աշխատանքները՝ ուսումնական ծրագրերի բարելավման, դասախոսների մասնագիտական զարգացման, ուսանողների գիտահետազոտական ներգրավվածության և միջազգային համագործակցության ուղղությամբ:
Հաշվետվությունների ընթացքում առանձնացվեցին մի շարք ձեռքբերումներ․ կազմակերպվել են մասնագիտական սեմինարներ և գիտաժողովներ, թարմացվել են կրթական ծրագրերը՝ ըստ արդի պահանջների, ամբիոնների ներկայացուցիչները մասնակցել են գիտական տարբեր դրամաշնորհային ծրագրերի, հաստատվել է համագործակցություն տեղական և օտարերկրյա բուհերի հետ՝ փորձի փոխանակման և գիտական կապերի ամրապնդման նպատակով:
Նշանակալից աճ է արձանագրվել միջազգային գիտական պարբերականներում հրապարակված հոդվածների քանակի մեջ, ինչը վկայում է ֆակուլտետի գիտական ակտիվության և հետազոտական աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին: Այստեղ առաջատար է Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնը:
Ամբիոնների վարիչների հաշվետվությունները վկայում են ֆակուլտետի շարունակական առաջընթացի մասին: Անցած տարում կատարված աշխատանքները հիմք են դնում հետագա բարեփոխումների և կրթական գործընթացի կատարելագործման համար՝ ուղղված բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և գիտական ներուժի ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին դեկանն ընդգծեց, որ կրթական ծրագրերը շարունակական բարելավման անհրաժեշտություն ունեն և պետք է մշտապես համապատասխանեցվեն գիտության և ժամանակի պահանջներին, ինչպես նաև հորդորեց շարունակել ակտիվ աշխատանքը՝ բազմապատկելով պատասխանատվությունն ու եռանդը և առաջիկա տարում նոր արդյունքներ գրանցել՝ ֆակուլտետի զարգացման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ։
Այս համատեքստում դեկանն ընդգծեց նաև ուսանողների ներգրավվածության կարևորությունը միջազգային մասշտաբի գիտական միջոցառումներում՝ առանձնահատուկ կարևորելով վերջերս կայացած միջազգային երկօրյա գիտաժողովի կազմակերպական աշխատանքներում ընդգրկված կամավոր ուսանողներին՝ ցուցաբերած նախաձեռնության, պատասխանատվության համար։ Տ․ Եփրեմյանը շնորհակալագրեր հանձնեց նրանց՝ նշելով, որ ուսանողները համալսարանի ամենակարող ուժն են և նրանց նախաձեռնությունները, գիտական ակտիվությունը մեծապես նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը:



