ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ս.թ. նոյեմբերի 18-20-ը մասնակցեց Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ Պեկինում կազմակերպված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության՝ բարձրորակ զարգացման կոնցեպտուալ և գործնական հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովի ընթացքում Տ. Եփրեմյանը հանդես եկավ թեմատիկ զեկուցումով, որի առանցքում էին Չինաստանի և Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրերի փոխլրացման և համադրման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ձևավորվող համագործակցության նոր որակի հիմքերը։ Դեկանը ներկայացրեց ռազմավարական այն մոտեցումները, որոնք կարող են նպաստել ծրագրերի արդյունավետ ինտեգրմանը՝ ընդգծելով հատկապես տնտեսական, ենթակառուցվածքային, գիտակրթական և մշակութային ուղղություններով փոխշահավետ փոխազդեցության կարևորությունը։
Դոցենտ Տ. Եփրեմյանն իր ելույթում անդրադարձավ միջազգային համակարգում ընթացող խորքային փոփոխություններին՝ վերլուծելով աշխարհակարգի վերաձևման տրամաբանությունը, պետությունների միջև ներդաշնակության և հավասարակշռության պահպանման մեխանիզմները, միջազգային անվտանգության հրատապ խնդիրները, ինչպես նաև «լավ կյանքի» մոդելի շուրջ բարձրացվող նոր կոնցեպտուալ քննարկումները։ Նա նշեց, որ Չինաստանի նախաձեռնած գլոբալ ծրագրերը հնարավոր է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական նախագծեր, այլև որպես միջազգային կայունության և համագործակցության վերջերս ձևավորված հարթակ։
Գիտաժողովի շրջանակում դեկանը մի շարք հանդիպումներ և անհատական քննարկումներ ունեցավ չինացի հեղինակավոր գիտնականների, ինչպես նաև տարբեր երկրների գործընկերների հետ։ Կողմերը քննարկեցին համատեղ հետազոտությունների, ակադեմիական ծրագրերի և գիտական փոխանակումների, ինչպես նաև համատեղ գիտաժողովների ու հրատարակությունների իրականացման հնարավորությունները՝ գործընկերներին ներկայացնելով «YSU Journal of International Affairs» գիտական հանդեսը։ Արդյունքում ձևավորվեցին մի շարք սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք կօժանդակեն հայ–չինական գիտակրթական և հետազոտական համագործակցությունների խորացմանը։
Միջազգային նմանօրինակ հարթակներն առանձնապես կարևոր են ոչ միայն գիտական փորձի փոխանակման, այլև երկրների միջև երկուստեք վստահության և գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից։ Հայաստանն ու Չինաստանը ունեն երկարաժամկետ և հեռանկարային համագործակցության մեծ ներուժ, որի զարգացումը կարող է նպաստել ինչպես տարածաշրջանային կայունությանը, այնպես էլ միջազգային անկայուն միջավայրում ընդհանուր լուծումների որոնմանը։
Հայ-չինական հարաբերությունների և տարածաշրջանային գործընկերության հարցերի քննարկումը կշարունակվի ս.թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ-ում կայանալիք «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստեր և հեռանկարներ» միջազգային գիտաժողովում:

