Նարե Հոնարչյանը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։
Ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ նա աշխատում է որպես փաստաբան «Ֆիդելիս» իրավաբանական գրասենյակում՝ քրեական իրավունքի մասնագիտացմամբ։
Մինչ ԵՊՀ-ին միանալը իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Հայաստանում ֆրանսիական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է հայկական և ֆրանսիական իրավական համակարգերը։
Նա ընտրել է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» ծրագիրը՝ ելնելով վերջինիս յուրահատուկ ուսումնական պլանից և իրավական տեսությունն իր կիրառելիության հետ համադրելու կարևոր շեշտադրումից։ Դասընթացները՝ ներառյալ ռազմավարական դատավարությունը, միջազգային պայմանագրերի մեկնաբանությունը և իրավական գրավոր հմտությունները, նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը և իրավաբանական խնդիրների խորքային ուսումնասիրությունը էապես ձևափոխեցին նրա պատկերացումները միջազգային իրավունքի և փաստաբանական գործունեության նկատմամբ։
Ըստ Նարեի՝ ծրագրի ամենահետաքրքիր կողմերը նրա գործնական ուղղվածությունն ու համագործակցային միջավայրն են, որոնք խթանում են քննադատական մտածողության ու մասնագիտական որակների զարգացումը։ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» ծրագիրը զինում է այնպիսի գործիքակազմով, որն անհրաժեշտ է միջազգային իրավական գործընթացներին արդյունավետ մասնակցելու և արբիտրաժի ու միջազգային հանրային դատավարությունների ոլորտում աշխատելու համար։
Թեպետ ներկայում նա միջազգային իրավունքի ոլորտում չի աշխատում, այնուամենայնիվ կարողանում է արդյունավետորեն կիրառել «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» ծրագրում ստացած գիտելիքները հատկապես մարդու իրավունքների ոլորտում։
Առաջիկա տարիների նրա նպատակն է նպաստել արդարադատության ու մարդու իրավունքները խթանող միջազգային իրավական չափանիշների զարգացմանը։