Նորայր Բաղդասարյանը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։
Ներկայում որպես իրավաբան աշխատում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA)՝ առնչվելով առևտրային արբիտրաժի, հաշտարարության, միջսահմանային իրավական վեճերի և ընդհանուր առմամբ քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային լուծման բնագավառներին։
Ուսումնառությունը սկսել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ավարտել այն «Միջազգային և եվրոպական իրավունք» հոսքային մասնագիտացմամբ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնառությանը զուգահեռ՝ մասնակցել է տեղական և միջազգային մի շարք մասնագիտական վերապատրաստումների և աշխատաժողովների, այդ թվում՝ Թբիլիսիի արբիտրաժային օրերին, Վրաստանում «Նոր տնտեսական դպրոց»-ի կողմից կազմակերպված ազատության, իրավունքի և տնտեսագիտության դպրոցին, Բեռլինում անցկացված «Երկրորդ աշխարհամարտ և միջազգային քրեական իրավունք» երիտասարդական աշխատաժողովին, Չինաստանում «Շանհային համագործակցության կազմակերպության արբիտրաժային իրավաբանական շաբաթ»-ին և այլն։ 2023 թվականին ավարտել է նաև Գերմանիայի առաջնորդության միջազգային ակադեմիան (FNF IAL):
Բացի վերոնշյալից՝ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ է։
Ըստ նրա՝ մագիստրոսական ծրագրի ընտրությունը պայմանավորված էր վերջինիս կողմից առաջարկվող տեսության և պրակտիկայի եզակի համադրությամբ։ Ընտրության հարցում, ի թիվս այլնի, էական նշանակություն է ունեցել նաև ծրագրի դասախոսական կազմի փորձառությունը, արտասահմանյան նշանավոր մասնագետների ներգրավվածությունը, համագործակցային ուսուցման միջավայրը, ինչպես նաև գործնական հմտությունների զարգացմանը նպաստող մեթոդների արդյունավետ գործածությունը։
Իր մասնագիտական ուղու հաջորդ փուլում նա նպատակ ունի առավելագույնս կիրառելու մագիստրոսական ծրագրում ձեռք բերած հմտությունները՝ նպաստելով Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների համակարգի և արբիտրաժային մշակույթի զարգացմանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը։